Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՇՎԻՆ

Ապրիլ 06,2002 00:00

ԻՆՉՈ՞Ւ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՇՎԻՆ Ինչո՞ւ է ստում թաղապետարանը Սուսաննա Այանյանի տան հարցը հետաքրքիր զարգացումներ ունեցավ մեր մի հրապարակումից հետո («Առավոտ», 24.10.2001թ., «17 տարի տնօրինելուց հետո. վերաքննիչի սենսացիան»)։ Հիշեցնեմ Բուզանդի փողոցի թիվ 32 տան շուրջ ստեղծված պատմությունը։ Ս. Այանյանը 2 անչափահաս երեխաների հետ զբաղեցրել է վերոնշյալ տարածքը, որը նաեւ պատմական հուշարձան է համարվում, հաշվառված է եւ «պահպանվել է պետության կողմից»։ Պետությունը «պահպանել» է վերոնշյալ տարածքը այնքան ժամանակ, մինչ կհայտնվի «Թուփեկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն, ապօրինաբար զբաղեցնելով վերոնշյալ տարածքում գտնվող 24 քմ մակերեսը… Կենտրոնի թաղապետարանը գրություն էր տվել, թե վերոնշյալ հասցեն բակային կառույց է եւ «թաղապետարանի տնօրինության տակ չէ»։ Վեճի ընթացքում վճռաբեկ դատարանը հաթաթա տալու պես 2001թ. հունիսի 15-ին քիչ էր մնում… քաղաքացուն մեղավոր ճանաչեր այն բանի համար, որ նա 17 տարի տնօրինել է վերոնշյալ, պետության կողմից իրականում չպահպանված տարածքը։ «Փաստորեն, Ս. Այանյանը ապօրինի, առանց որեւէ օրինական հիմքի զբաղեցնում է վիճելի սենյակը, որը հանդիսանում է Կենտրոն թաղապետարանի սեփականությունը»։ Կենտրոնի թաղապետարանը, պարզվում է, միայն «սեփականատեր» չէ, այլ… ՆԳ կամ հարկադիր կատարման ծառայություն հիշեցնող կառույց։ Այլապես ինչպես բացատրել թաղապետարանի բնակարանային եւ կոմունալ տնտեսության բաժնի պետ Վ. Հայոցյանի «ծանուցագիր» անվանմամբ գրությունը. «Հայտնում ենք Ձեզ, որ Բուզանդի փողոցի թիվ 32 հասցեում Ձեր կողմից ինքնակամ զբաղեցրած տարածքը 4-րդ կարգի վթարային է եւ պետք է վերակառուցվի, ուստի Ձեզ առաջարկվում է Տերյան 131 շենքի թիվ 3 բնակարանը՝ որպես ժամանակավոր կացարան»։ Առաջարկվում է քաղաքացի Սուսաննա Այանյանին 2 օրվա ընթացքում ազատել զբաղեցրած տունը։ Բայց վերոնշյալ «ծանուցագիրը» գրված է սպառնալից տոնով, ինչը ոչ ոք Վ. Հայոցյանին իրավունք չէր տվել։ Ահավասիկ. «Երկու օրվա ընթացքում դուք պարտավոր եք ազատել… տունը» եւ «չազատելու դեպքում թաղապետարանը տարածքը կազատի օրենքով սահմանված կարգով»։ Դժվար թե Վ. Հայոցյանը կամ Կենտրոնի թաղապետարանում չիմանային, որ Տերյան 131 շենքի թիվ 3 բնակարանը… զբաղեցրած է։ Եվ զբաղեցրած է մեկ այլ քաղաքացու կողմից, որն ունի եւս 2 անչափահաս երեխա։ ԴԱՀԿ ծառայության Երեւանի ստորաբաժանման ավագ հարկադիր կատարող Հ. Հակոբյանը կատարողական գործողություններ կատարելու ժամանակ հայտնվում է խայտառակ իրավիճակում. «Ինչպես Ս. Այանյանը, այնպես էլ Բերկրուհի Սարգսյանը հայտարարում են, որ իրենց համատեղ բնակվելը Տերյան 131 շենքի 3 բնակարանում՝ անհնար է, որովհետեւ իրենք ունեն տարբեր սեռի անչափահաս երեխաներ եւ մեկ սենյականոց բնակարանը փոքր է երկու ընտանիքի համար», գրում է նա եւ դիմում քաղգործերով վերաքննիչ դատարան՝ պարզաբանելու «նման իրավիճակում հատկացման կարգը»։ Հարկադիրին շատ սիրուն էլ պատասխանում է վերաքննիչը։ Ահավասիկ. «Կատարողական թերթում նշված պահանջները պարզ են եւ հստակ, ուստի կարիք չկա այն պարզաբանելու։ Ինչ վերաբերում է դիմումատուի պատճառաբանություններին, ապա ինչպես Երեւանի Տերյան փողոցի 131 շենքի թիվ 3 բնակարանում Բերկրուհի Սարգսյանի եւ իր երկու անչափահասների փաստացի բնակվելը, այնպես էլ Ս. Այանյանի եւ Բ. Սարգսյանի անչափահաս, տարբեր սեռի երեխաներ ունենալու ու թիվ 3 մեկ սենյականոց բնակարանը փոքր լինելու հանգամանքները խոչընդոտ հանդիսանալ չեն կարող… վճռի կատարման համար»։ Բայց ինչո՞ւ եք Ս. Այանյանին ուղարկում վերոնշյալ հասցեն, երբ այնտեղ ապրող կա։ Իսկ ո՞րն է, վերաքննիչ դատարանի տրամաբանությամբ, խոչընդոտող հանգամանքը։ Բերկրուհի Սարգսյանն ո՞ւմ ցանկությամբ եւ կամքով պիտի թողնի, որ իր հետ ապրի մեկ այլ ընտանիք՝ նույն հարկի տակ։ Հազար դատարանի վճիռ կամ թաղապետարանի հաթաթաներ թող լինեն։ Եթե պետք է, որ Ս. Այանյանը վտարվի, ապա… Կենտրոնի թաղապետարանը դիմել է դատարան՝ Բերկրուհի Սարգսյանին Տերյան 131 շենքի թիվ 3 բնակարանից վտարելու պահանջով եւ մերժվել է, իսկ մի դեպքում միաժամանակ որոշում կայացրել Բերկրուհի Սարգսյանին վարձակալ ճանաչելու մասին։ Լավ, այս թաղապետարանը գոնե գիտի՞ ինչ է անում։ Կամ պիտի իմանա՞։ Վերադառնանք Վ. Հայոցյանի «ծանուցագրին». «Հայտնում ենք Ձեզ, որ Բուզանդի փողոցի թիվ 32 հասցեում Ձեր կողմից ինքնակամ զբաղեցրած տարածքը 4-րդ կարգի վթարային է եւ պետք է վերակառուցվի»։ Հիմա հաստատենք, որ Կենտրոնի թաղապետարանում անգրագետներ են եւ ստախոսներ։ Քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունից (թիվ 18-07/1490 գրությամբ) տեղեկացանք. «Ի պատասխան Ձեր ներկայացված դիմումի, հայտնում ենք, որ Բուզանդի փող. թիվ 32 տան հասցեով բնակելի տան կառուցման կամ վերակառուցման վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանում հարց չի քննարկվել»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել