Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնաժողովը տեղը չի գտնում

Ապրիլ 06,2002 00:00

Հանձնաժողովը տեղը չի գտնում Իսկ սակագինն աշնանն են հաշվում «Մեր հանձնաժողովն իր գործունեությունը վերակառուցում է «Քաղաքացիական ծառայության մասին» նոր օրենքին համապատասխան, սակայն մենք՝ հանձնաժողովի անդամներս, արտացոլված չենք այդ օրենքում. չգիտենք՝ քաղաքացիակա՞ն ծառայող ենք, հայեցողակա՞ն պաշտոն է, թե՞ քաղաքական»,- լրագրողների առջեւ սիրտը բացեց ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ Վարդան Մովսեսյանը։ Սակայն, այնուամենայնիվ, «մի օր իրենց տեղը գտնելու» լավատեսական տրամադրությամբ էլ նա ներկայացրեց էներգետիկայի հանձնաժողովի 2001թ. գործունեությունը՝ այն պայմանականորեն բաժանելով երկու մասի։ Առաջին մասը, ըստ Վ. Մովսեսյանի, հանձնաժողովի՝ օրենքով ամրագրված լիազորությունների շրջանակներում իրականացրած ամենօրյա աշխատանքն է (համակարգի ընկերությունների գործունեության լիցենզավորում, սակագնային քաղաքականության, լիցենզավորման հետ կապված գործունեություն եւ այլն)։ Հանձնաժողովի աշխատանքի երկրորդ մասը նա պայմանավորեց 2001-ի ընթացքում ծագած խնդիրներով։ Վ. Մովսեսյանը կարեւորեց հատկապես էներգետիկայի հանձնաժողովի «գործուն մասնակցությունը»՝ կապված 2001թ. մարտին ընդունված «Էներգետիկայի մասին» օրենքի հետ։ Նրա համոզմամբ՝ «Էներգետիկայի մասին» նոր օրենքը «ավելի է խորացնում դեռեւս 1997-ին ընդունված օրենքում ամրագրված մոտեցումներն ու սկզբունքային խնդիրները»։ Բացի այդ, ըստ էներգետիկայի հանձնաժողովի նախագահի՝ «նոր օրենքն ուղղված է համակարգի կառավարման եւ պետական կարգավորման գործառույթների առավել հստակեցմանը, համակարգի կառավարման մեջ ներառված պետական մարմինների իրավասությունների հստակ տարանջատմանը»։ Վ. Մովսեսյանը կարծում է, որ «Էներգետիկայի մասին» նոր օրենքով հստակեցվում են իրավասությունները կառավարության առանձին օղակների եւ էներգետիկայի հանձնաժողովի միջեւ, ընդլայնվում է վերջինիս լիազորությունների շրջանակը՝ «իր հետ բերելով նաեւ պատասխանատվության խորացում»։ Վ. Մովսեսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ անցյալ տարի հանձնաժողովը տրամադրել է 35 գործունեության լիցենզիա՝ տարբեր բնագավառների համար, սահմանվել են սակագներ՝ արտադրող կայանների հզորության եւ արտադրված էլեկտրաէներգիայի միավորի համար, ինչը, ըստ նրա, ստեղծում է որոշակի երաշխիքներ արտադրող կայանների համար։ Վ. Մովսեսյանը անդրադարձավ նաեւ հանձնաժողովի՝ 2001թ. ծագած խնդիրներով պայմանավորված աշխատանքներին՝ նորից ու նորովի տարփողելով հանձնաժողովի մասնակցությունը՝ համակարգի բաշխիչ ընկերությունների սեփականաշնորհմանը նախապատրաստելու գործընթացին։ Վերհիշելով «սեփականաշնորհման գործընթացի տրամաբանական ավարտ չունենալու մասին»՝ նա հայտարարեց, որ «կառավարությունն ու հանձնաժողովը հիմա մտածում են այլ ուղղություններով (տնտեսական բարեփոխումների խորացում, բաշխիչ ընկերության նախապատրաստում հավատարմագրային կառավարմանը, ինչպես նաեւ հնարավոր սեփականաշնորհում)», ինչը հնարավոր կդարձնի համակարգի արդյունավետ կառավարումը եւ կապահովի նրա արդյունավետությունը։ Վ. Մովսեսյանը լրագրողներին հավաստիացրեց, որ քննարկումների, վերլուծությունների եւ համաշխարհային փորձի ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ «վերջնական սպառողի համար երկսակագնային համակարգի պահպանումն ամենաճիշտ մոտեցումն է»։ Իսկ դրա հետագա տարանջատումն ու տարբերակումը՝ ըստ օրվա ժամերի, նա համարեց «ոչ ռացիոնալ եւ ոչ արդյունավետ Հայաստանի պայմաններում»։ Ի դեպ, 1999թ. ամռանը վեցսակագնային ստանդարտների վերաբերյալ հանձնաժողովի տված հավանությունը հերքվում է այս տարվա մարտի 12-ի փաստաթղթերով, ինչի համար եւս Վ. Մովսեսյանը պատասխան ուներ։ «Տեխնիկական կանոնակարգը փաստաթուղթ է, որը ենթակա է վերանայման։ Այն, ինչ 1999-ին համարվում էր հեռանկարային, 2 տարվա աշխատանքային փորձից հետո պարզվեց՝ ճիշտ չէ, մենք այն ժամանակ որոշակիորեն սխալվել ենք»,- հանգիստ հայտարարեց էներգետիկայի հանձնաժողովի նախագահը։ Հուրախություն վերջնական սպառողների՝ նա նաեւ ասաց, որ այս տարի էլեկտրաէներգիայի սակագինը չի փոխվի։ Իսկ մյուս տարվա համար «100%-ով վստահաբար» ոչինչ չխոստացավ, «դրա հնարավորությունը այս աշնանը պարզ կլինի»,- գուժեց նա։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել