Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հավանական կոմբինացիաներ առաջիկա ընտրություններում

Ապրիլ 06,2002 00:00

Հավանական կոմբինացիաներ առաջիկա ընտրություններում Անկախ Հայաստանի Հանրապետությունը դեռեւս չի ձեւավորել ընտրական մի համակարգ, որը առավելագույնս կարողանա բացառել կեղծիքները, որոնք էլ մինչ օրս մեծապես պայմանավորել են ընտրությունների վերջնական արդյունքը՝ ընտրությունից ընտրություն էլ ավելի մեծացնելով լարվածությունը: Դրանց կիզակետը թերեւս կլինի 2003 թ. նախագահական ընտրություններն՝ այն պարզ պատճառով, որ գալիք ընտրություններին մասնակցող թե՛ դիմությունը, թե՛ ընդդիմությունը հավասարապես տիրապետում են մինչ այժմ տեղի ունեցած ընտրական կեղծիքներ կատարելու վարպետությանը։ Այս հանգամանքը հենց կդառնա առաջիկա ընտրությունների վերջնական արդյունքի գրանցման ամենամեծ խոչընդոտը, եթե կողմերից որեւէ մեկը չունենա բացարձակ առավելություն։ Իսկ այն, ինչ տեղի է ունենում այսօրվա Հայաստանի ներքաղաքական կյանքում, չի երաշխավորում կողմերից որեւէ մեկի նույնիսկ նշմարելի առավելությունը մյուսի նկատմամբ։ Ներկա պայմաններում կեղծիքները, որ հնարավոր է կատարել օգտագործելով իշխանական ողջ համակարգը, իշխանություններին հնարավորություն կտան իրենց ստացած ձայներին ավելացնել ընտրություններին մասնակցածների ձայների 10-13 %172ը, բայց հաշվի առնելով, որ ընդդիմությունը նախընտրական պայքարում շատ ավելի մեծ հնարավորություններ ունի՝ այսօրվա վիճակը շահարկելով ազատ հանդես գալ ընտրողների առաջ, միանգամայն կհամակշռի այդ կեղծիքների քանակը։ Իսկ մնացյալ ընտրազանգվածի մեջ ընդդիմությունը խուսանավելու ավելի մեծ հնարավորություն ունի։ Թերեւս դա է պատճառը, որ ընդդիմությունն այսօր շատ ավելի ակտիվ է, քան դիմությունը։ Դիմության թեկնածուն հայտնի է՝ հանձինս նախագահ Ռոբերտ Քոչարյանի։ Դիմությունը նաեւ մեծ հնարավորություններ չունի ընտրությունների մեջ ներքաշելու քաղաքական այրերի, որոնք գոնե առաջին փուլի համար մասնակցելով ընտրություններին, կշահեն որակ կազմող ձայներ եւ ընտրությունների երկրորդ փուլում իրենց կոչով կարող են այդ ձայներն ուղղորդել դիմության թեկնածուի օգտին։ Չի բացառվում, որ այդ նպատակի համար նրանք նախապատրաստում են Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանին՝ նրա շուրջ ինչ-որ ուժեր համախմբելով ընդդիմության քողի ներքո։ Հաշվարկները սխալ են, արդյունքը՝ ի սկզբանե հայտնի։ Իսկ ընդդիմությունն այսօր նախապատրաստում է միաժամանակ երեք թեկնածություն, որոնք անկախաբար առաջադրվելու են։ Մեր դիտարկումներով, այդ թեկնածուներն են Արտաշես Գեղամյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ, որքան էլ անհավանական է՝ Վանո Սիրադեղյանը։ Թեկնածուներն ընտրված են անթերի, միմյանց չեն խանգարում, ամեն մեկն ունի իր ընտրազանգվածը եւ ցանկացածի երկրորդ փուլ դուրս գալու պարագայում մյուս երկուսն առանց վարանելու իրենց ընտրազանգվածը կուղղորդեն երկրորդ փուլ մտած թեկնածուի օգտին։ Եվ ամենախորքայինը, չի բացառվում, որ 2003 թ. ընտրություններին առաջադրվի նաեւ հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, եւ ինչ-որ փուլում, կախված հանգամանքներից, մնացյալն իրենց թեկնածությունը հանեն հօգուտ հենց նրա՝ բեմահարթակը թողնելով նախկին եւ ներկա նախագահներին։ Ահա այն կոմբինացիաները, որոնք հնարավոր են եւ ամենահավանականն են գալիք նախագահական ընտրությունների պարագայում։ Եվս մեկ հանգամանք։ Վերոհիշյալ կոմբինացիաների պարագայում հայաստանյան ընտրությունների ամենամեծ գործոնը՝ ֆինանսական հնարավորությունները, նույնպես հավասար են, եթե ոչ՝ հօգուտ ընդդիմության։ Կարո՞ղ են արդյոք կողմերը մինչ առաջիկա ընտրությունները առաջ քաշել գաղափարական կամ ազգային մի խնդիր, որով իրենք առավելություն կստանան եւ նժարը կթեքեն դեպի իրենց՝ ապահովելով ընտրություններում բացարձակ հաղթանակ, ցույց կտա ապագան։ Բայց որ Հայաստանի Հանրապետության ապագայի համար արդար ընտրություններն այլընտրանք չունեն՝ պարտավոր է գիտակցել կողմերից յուրաքանչյուրը։ ՌՈՒԶԱՆՆԱ ԻՍԱԳՈՒԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել