Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ

Ապրիլ 06,2002 00:00

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ Քառամյա նախագա՞հ, թե՞ նախագահական տեղապահ Դժվարանում եմ ճիշտ օրը հիշել, բայց 98-ի ապրիլին, առաջին տասնօրյակում, տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու արարողությունը։ Կարծում եմ, 2003-ի ապրիլին նա այլեւս չի լինի ՀՀ նախագահ։ Ինչպես «Իրավունքն» է գրում՝ «Հայ ժողովուրդը չի կարող այնքան խմել, որ Քոչարյանին ընտրի»: Նույնիսկ եթե Արցախի թթի օղին իբրեւ ընտրակաշառք բաժանվի: Իսկ անդրադառնալով Քոչարյանի պաշտոնավարության անցյալ տարիներին, կարելի է ասել՝ դրանք ոչ այնքան նախագահության, որքան նախագահական տեղապահության տարիներ են եղել: 1998 թվական Փետրվարի 3-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռուստաեթերից դիմեց ժողովրդին եւ հաջորդ օրը խորհրդարանին ներկայացրեց իր հրաժարականը։ Նախագահին հրաժարական պարտադրած «հայտնի ուժերը» թերեւս չէին սպասում, որ նախագահի օրինակին կհետեւի ԱԺ ղեկավարությունը: «Հայտնի ուժերին» կենսականորեն անհրաժեշտ էր Տեր-Պետրոսյանից հետո նախագահի պարտականությունների փոխանցում ԱԺ խոսնակին, որպեսզի իրերը չկոչվեին իրենց անուններով… այն է՝ քրեական եզրաբանությամբ՝ հեղաշրջում: Թերեւս «հայտնի ուժերը» հույս էին փայփայում գործադրված կուլիսային դավադրությունը մատուցել իբրեւ նախագահի միանձնյա եւ հոժարակամ հրաժարական։ Սակայն «դեմքով հայտնի, էությամբ հայդուկ ուժերը» սխալվում են հաշվարկներում: Տեր-Պետրոսյանի հետ ասպարեզը թողնում են նրա համախոհները։ Արդյո՞ք ԱԺ խոսնակի մեջ նախագահին չդավաճանելու բարոյականությունն է խոսում, թե՞ իրադրությունը սթափ գնահատելու խոհեմությունը, սակայն 98-ի իր հրաժարականով Արարքցյանը այս երկիրը փրկում է երեսպաշտությունից, ուղղափառ խաչ դնելով «հայտնի ուժերի» իշխանության լեգիտիմ իրավահաջորդ լինելու հավակնությունների վրա: Սա ճակատագրի առաջին անակնկալն էր: Ինքնաբերաբար եւ գուցե ակամա հայդուկներին է մնում ստանձնել իշխանությունը։ Քոչարյանը տեղափոխվում է նախագահական պալատ… Տեղափոխվում է իբրեւ նախագահական տեղապահ: 40-օրյա ժամկետում երկրում կայանալու էին նոր նախագահական ընտրություններ: Միշտ եւ ամենուր զինվորականության մուտքը քաղաքականություն խունտայի երեւույթ է, ուր մնաց հայդուկների մուտքը, այն էլ՝ հեղաշրջման ճանապարհով: Նույնիսկ Տեր- Պետրոսյանի հեռացումը պահանջողներն ու ցանկացողները երեւի կարկամում են ի տես «հայտնի ուժերի», որոնցից փոքրիշատե ընդունելին այնուամենայնիվ Քոչարյանն էր: Սակայն, ի բարեբախտություն Հայաստանի եւ ի դժբախտություն Քոչարյանի, 10 տարվա լռությունից հետո քաղաքականություն է վերադառնում Կարեն Դեմիրճյանը: Հայաստանցիների ցնծությունը զարմացնում է ամենքին: Դեմիրճյանին ցույց տրված ընդունելությունը ճակատագրի երկրորդ անակնկալն էր, որ Քոչարյանին դարձրեց ընդմիշտ տեղապահ այս երկրում: Մրցել Դեմիրճյանի հետ՝ անհնար էր, հնարավոր էր միայն ընտրությունների արդյունքներ խեղաթյուրել, ինչը եւ անում են «հայտնի ուժերը» 98-ին: 99-ին երկրում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, Դեմիրճյանը խոստանում է մնալ քաղաքականությունում: Ինքնին «ԱրմենՏելի» գործարքի, Կոնյակի գործարանի վաճառքի եւ ընդհանրապես «չգիտակցելու, բայց ընդօրինակելու» իր պրոբլեմատիկ մտածողության արդյունքում Քոչարյանը հետզհետե մերժվում էր հասարակության կողմից: Դեմիրճյանի ներկայությունն էլ քաղաքական դաշտում նրան հաստատում է տեղապահի դերում: 99-ի խորհրդարանական ընտրություններում Դեմիրճյանը հաղթում է, իր կշիռով եւ հեղինակությամբ նա դառնում է իշխանական բուրգի գագաթը երկրում: Քոչարյանը վերածվում է անգլիական թագուհու, եւ նույնիսկ խորհրդարանում են սկսում խոսել, թե հավանաբար նա կհեռանա: 99-ի հոկտեմբերին Կարեն Սերոբիչը սպանվում է: 2002 թվական Սպանություն գործողները հայտնի էին ոճիրի առաջին իսկ պահից, իսկ կազմակերպիչները մնում են անհայտ նաեւ այսօր: Սկսված նախաքննությունը շատ չանցած հիմքեր է ձեռք բերում Ալեքսան Հարությունյանին ձերբակալելու, եւ Քոչարյանն ինքն է հեռուստաէկրանից հայտարարում, թե թելերը գնում են իր կողմը, չի զարմանա, եթե վաղն էլ իրեն մեղադրանք ներկայացնեն։ Այդուհանդերձ Քոչարյանին հաջողվում է կես տարի անց նախաքննության անիվը ետ շրջել եւ ամբաստանյալներից ոմանց ազատել կալանքից: 2001-ին սկսվում է «Հոկտեմբերի 27» քրգործով դատավարությունը: Այս անգամ էլ եւս մի քանիսին ազատելու համար Քոչարյանը կիրառում է համաներում, իսկ մնացյալներին վստահեցնում, թե մահապատիժ չի լինի: Այդուհանդերձ, այդչափ «խիզախումներից» ու վաբանկ գնալուց հետո էլ, «Հոկտեմբերի 27»-ի քրգործը դամոկլյան սրի պես շարունակում է ճոճվել եւ Քոչարյանին հիշեցնել, որ ինքը դավաճանությունների ու սպանությունների արդյունքում է տեղապահում ՀՀ նախագահի պաշտոնում: Ցանկացած լուսաբաց դրա մի նոր հիշեցում է: Ասենք, շատ սովորական մի օր՝ 2002 թվական, ապրիլի 4. ԱԺ դահլիճ խուժած ոճրագործներից մեկը՝ Վռամ Գալստյանը, դռնփակ նիստ է պահանջում եւ հայտարարում, որ Էդիկ Գրիգորյանը սկզբից եւեթ Նաիրի Հունանյանին համահավասար մասնակցել է հանդիպումների ու բանակցությունների, որոնցում ծրագրվում, նախապատրաստվում եւ դերաբաշխվում էր «27»172ի ոճրագործությունը։ Ահա այդպես: Իսկ Քոչարյանը «կարծում էր»՝ հինգի թիկունքում ոչ ոք չկա: Արդյո՞ք Վռամ Գալստյանը տվել է անձանց անուններ, որոնք աջակցել են Նաիրի Հունանյանին։ Չգիտենք: Սակայն Գալստյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 27172ի ոճիրն իրականացնելն իրենց հանցախմբի կարողության սահմաններում չէր։ Եվ ամենաէականը՝ Վռամ Գալստյանի կարծիքով, եթե Նաիրի Հունանյանի եւ Էդիկ Գրիգորյանի հանդեպ բարեհամբույր վերաբերմունք չցուցաբերվեր, վերջիններս էլ ենթարկվեին նույն կտտանքներին, ինչ ինքը, վաղուց ճշմարտությունը բացահայտված կլիներ։ Գալստյանը անկասկած տեղյակ է, թե ինչպես է նախապատրաստվել «Հոկտեմբերի 27»172ը, եւ կարող էր գնահատել, թե որքանով է ճշմարտությունը բացահայտված։ Նա ըստ էության հաստատել է, որ Հունանյանները ստել եւ ստում են թե՛ նախաքննության ընթացքում, թե՛ դատաքննության։ Առանձնակի կասկածելու կարիք էլ չկա, որ նրանց հույսը Քոչարյանի խոստումն է, թե մահապատիժ չի կիրառվի: Բայց Քոչարյանին դարանակալող տհաճություններն ու անակնկալները միայն ընտրություններում կամ դատավարություններում չեն: Նաեւ «Առագաստում» թիկնապահի ձեռքով կատարված մարդասպանությունը պետք է Քոչարյանին հուշի իր տեղապահ լինելը: Նաեւ ի պաշտպանություն «Ա1+»-ի ըստ էության Քոչարյանի դեմ բռունցքված հասարակությունը թույլ չի տա դա մոռացության մատնել: Պարզապես այս երկրում աննշան կամ նշանակալից որեւէ հասարակական իրադարձություն չի կատարվում, որ չվերածվի Քոչարյանին մերժելու նոր հիմքի: Եվ դրա պատճառը ձախողակ ճակատագիրը չէ, այլ՝ սխալ ժամանակին, սխալ տեղում հայտնվելը: Որովհետեւ այս երկրում միայն ինտելեկտ, կեցվածք ու բարոյականություն ունեցող անձը կարող է նախագահ լինել: Իսկ Քոչարյանի պարագային արժե գիտակցել, որ «գլոբալիզեյշընի» մասին պատկերացումներով, մարզահագուստով հեռուստաէկրանին հայտնվելով եւ արդարամտությանը փոխարինող հաստատակամությամբ Հայաստանում նախագահական տեղապահից ավելի չեն լինում: Հետեւաբար ավելի գործնական չի՞ լինի սեփական հեռացումը նախապատրաստել: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել