Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՋՈՒՐ Է

Ապրիլ 06,2002 00:00

ԳՈՐԾԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՋՈՒՐ Է Այս շաբաթ շարունակվեց ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դատավարությունը: Շաբաթվա վերջում այն համընկավ «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալ Վռամ Գալստյանի՝ դռնփակ նիստում արած անակնկալ հայտարարության հետ: Վերջինս, մեր աղբյուրների պնդմամբ՝ հայտարարել էր, որ առանձին ամբաստանյալներ իր վրա ճնշումներ են գործադրում, որ «27»-ը կազմակերպիչներ է ունեցել, եւ իրենք մենակ չեն եղել, որ ոճրագործներից ոմանք տեղյակ են եղել այդ օրը վարչապետին սպանելու մտադրության մասին, եւ, որ կազմակերպիչների անունները չի հրապարակում, քանզի դրանք հայտնի են: Այդ ամենի մասին, ի դեպ, Հանրային հեռուստատեսությունն ու իշխանամետ, պաշտոնական լրատվամիջոցները, բնականաբար, լռեցին: «Հոկտեմբերի 27»-ի ու դրա կազմակերպիչների վերաբերյալ խոսվեց նաեւ… Մ.Սաղաթելյանի դատավարության ժամանակ, երբ վկայություն էին տալիս «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը, կուսակցության անդամ Հուսիկ Բաղդասարյանը, նաեւ՝ «27»-ի գործով ամբաստանյալների հետ օպերատիվ աշխատանքներ իրականացրած ՆԳՆ գործակալ Հարություն Գրիգորյանի օպերատիվ տեղեկությունները հավաքած թիվ 1 մեկուսարանի օպերատիվ աշխատակից Մանուկ Միքայելյանը, նույն մեկուսարանի անվտանգության ապահովման բաժնի տեսուչ Գայանե Վարդանյանը: Վերջիններս ստիպված էին վկայություն տալ Մ.Սաղաթելյանին առաջադրված «ակնհայտ սուտ մատնություն նախապատրաստելու փորձ» մեղադրանքի առնչությամբ: Գործակալ «Շեյթանը» իրավապահների կողմից լիովին վերահսկելի չի եղել Համենայնդեպս, այդպիսի տպավորություն էր ստացել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ա.Բազեյանը: Վերջինս ցուցմունք տվեց այն մասին, որ 2001-ի հունիսին կուսակցության գրասենյակից իրեն զանգել եւ ասել են, թե ոմն Հարություն Գրիգորյան ցանկանում է հանդիպել իր հետ եւ, որ իրեն «27»-ի հետ կապված կարեւոր բան ունի հայտնելու: Առժամանակ անց կուսակցության գրասենյակում Ա.Բազեյանն ու նրան սպասող ՆԳՆ գործակալ Հ.Գրիգորյանն առանձնազրույց են ունենում, որի ժամանակ Հ.Գրիգորյանն ասում է, թե ինքը վաղաժամկետ եւ պայմանականով ազատ է արձակվել մեկուսարանից, որտեղ 99- 2000թթ. նստած է եղել «27»-ի գործով մեղադրյալներ Էդիկ Գրիգորյանի եւ Մուշեղ Մովսիսյանի խցում, եւ որոշակի տեղեկություններ ունի, որոնք ժամանակին որպես գործակալ օպերատիվ կերպով հայտնել է գործը վարող նախաքննական մարմնին, բայց դրանք կամ գործում չկան, կամ՝ լավ չեն օգտագործվել: Վերջինիս մասին, ի դեպ, իր ցուցմունքներում նշել է նաեւ գործակալն ինքը: Նա Ա.Բազեյանի հետ զրույցի ժամանակ, ըստ վերջինիս, ասել է նաեւ, թե չի վստահում նախաքննական մարմնին: Զրույցի այդ հատվածը եւս Հ.Գրիգորյանը պնդել է նախաքննական իր ցուցմունքներում: Ավելին. նախաքննական մարմնից դժգոհելու եւ իր անձի անվտանգության մասին մտահոգության առիթներ գործակալն իրականում ունեցել է. եթե հավատանք նրա այն ցուցմունքներին, թե «27»-ի գործով նախկին մեղադրյալ Մ.Մովսիսյանի հետ տարած աշխատանքների մասին վերջինիս անզգուշաբար հայտնել է հենց գործը վարող քննիչներից մեկին, որը, թերեւս, փորձել է Մ.Մովսիսյանի հարցաքննության ժամանակ ճշտել գործակալից ստացված տեղեկությունները: Ըստ էության, քննիչն, այսպես թե այնպես, մատնել է գործակալին ու բացահայտել նրան: Սա արդեն իրավապահների պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում, բայց դա առանձին թեմա է: Վերադառնալով դատարանում տված Ա.Բազեյանի ցուցմունքներին՝ նշենք, որ իր խոստովանությամբ՝ ինքն այնքան էլ չի վստահել գործակալին, ուստի փորձել է ճշտել, թե արդյոք վերջինս կուսակցություն է եկել ի՞ր, թե՞ հատուկ ծառայությունների թելադրանքով: Գործակալը հավաստիացրել է, թե ինքը կուսակցության տեղը հարցնելով է գտել, իսկ եկել է, որովհետեւ հարգել է Կ.Դեմիրճյանին ու Վ.Սարգսյանին: Այդուհանդերձ, Ա.Բազեյանի կասկածները չէին փարատվել, որովհետեւ նրան տարօրինակ էր թվացել թեկուզ այն, որ գործակալ եղած ու «27»-ի մասին օպերատիվ տեղեկություններ ստացած անձը չէր կարող վրիպել համապատասխան մարմինների ուշադրությունից: Այդուհանդերձ, «Շեյթանը» պատմել էր այն, ինչ գիտեր ու լսել էր իր խցում եղած Էդ.Գրիգորյանից ու Մ.Մովսիսյանից, նաեւ՝ Էդ.Գրիգորյանի կողմից արված Մ.Մովսիսյանենց տանը տեղի ունեցած մի հանդիպման գաղտնի ձայնագրության մասին, որը, ըստ գործակալի, ապացուցում է «27»-ին այլոց մասնակցության փաստը: Գործակալի ունեցած տեղեկություններն, ըստ ամենայնի, հորինվածք չեն Մի պահ շեղվենք ու շեշտենք, որ այդ ձայնագրությունը, ամենայն հավանականությամբ, իրականում գոյություն ունի, քանի որ գործակալ Հ.Գրիգորյանը դրա մասին պատմել է օգոստոսի 28-ին ՀՀ ՆԳՆ ՀԳՎ 2-րդ վարչության 1-ին բաժնի կ.գ. ավագ օպերլիազոր, փոխգնդապետ Ս.Սանթրոսյանին տված իր գրավոր բացատրության մեջ, որտեղ դեռեւս ոչ մի խոսք չկար Մ.Սաղաթելյանի կամ կուսակցության կողմից այդ փաստերի դիմաց փող խոստանալու մասին: Դա նույն գործակալն ավելի ուշ է հորինել, երեւի, հասկանալով, որ իշխանություններն իրեն հետեւում են եւ այդօրինակ տեղեկություններ կրելն ու շահագրգիռ մարդկանց հայտնելն ինքնին սպառնում է իր անձի անվտանգությանը: Հիշյալ բացատրության մեջ գործակալը պատմել է, որ օգոստոսի 22-ին ինքն այցելել է «27»-ի գործով ամբաստանյալ Էդ.Գրիգորյանի բնակարան՝ հույս ունենալով, որ իրեն հայտնի ձայնագրությունը Էդիկն ի պահ է տվել եղբորը, եւ, որ իրեն կհաջողվի այն ձեռք բերել, բայց չէր հաջողվել: Փոխարենն իրավապահներն էին հետեւել գործակալին ու, ի վերջո, տարել ՆԳՆ՝ «մշակման»: Այդ մասին դատարանում իր ցուցմունքի ժամանակ հենց գործակալն էր ասել՝ վկայելով, թե իրեն խորհուրդ են տվել հեռու մնալ այդ կուսակցությունից ու քաղաքական խաղերից: Կարծում ենք, հասկանալի է, որ դրանից հետո, եթե գործակալն անգամ խաբեբա կամ դրամաշորթ էլ չլիներ՝ ստիպված էր լինելու այդպես ներկայանալ՝ պաշտպանելով իր անձը: Գործ՝ մեկ անձի ցուցմունքի հիման վրա Իսկ այս շաբաթ դատարանում ցուցմունքներ տալով՝ Ա.Բազեյանը շեշտեց, որ Մ.Սաղաթելյանը կալանված ու ամբաստանյալի կարգավիճակում չէր լինի, եթե ինքը նրան կուսակցություն չհրավիրեր՝ իրեն այցելած գործակալի ով լինելը պարզելու համար: Ու քանի որ Մ.Սաղաթելյանին եւս գործակալի այցը կասկածելի էր թվացել, նա նպատակահարմար էր գտել վերջինիս անձամբ հանդիպել, փորձել «27»-ին վերաբերող տեղեկություններ հավաքել՝ «Շեյթանին» հեռու պահելով կուսակցությունից: Անդրադառնալով գործակալին իր տված տեղեկությունների համար, իբր, 50 հազար դոլար վճարելու խոստմանը՝ Ա.Բազեյանն ասաց, որ ինքը դրանից տեղյակ չէ, որ Մ.Սաղաթելյանն ինքն էլ է այդ անձնավորության վերաբերյալ կասկածներ ունեցել, ու դրանից հետո որեւէ հարցադրում դրա շուրջ չի եղել: Մյուս կողմից՝ գործի այդ դրվագով հարցաքննվածներից, բացառությամբ՝ գործակալի, ոչ ոք չի հաստատել 50 հազար դոլար խոստանալու հանգամանքը: Ասել է թե՝ դա իրավապահների կողմից վերահսկողության տակ առնված գործակալի կողմից տված միակ վկայությունն է, եւ ոչ մի երաշխիք չկա, թե նա այդ անգամ եւս չի խաբում կամ իշխանությունների ճնշման տակ չէ, որ Մ.Սաղաթելյանին նման մեղադրանք է առաջադրում: Թեեւ արդեն հայտնի է, որ Մ.Սաղաթելյանն ու «Հանրապետություն» կուսակցությունն ակնկալել են գործակալից ստանալ «27»-ին առնչվող միմիայն իրականությանը համապատասխանող եւ ապացուցվելիք փաստեր: Հարկ է կրկին պնդել, որ այդ դեպքում որեւէ խոսք չի կարող լինել «ակնհայտ կեղծ մատնության» ու դրա դիմաց փող խոստանալու մասին: Նույնն է իրավիճակը Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի անունը «27»-ի կազմակերպման համատեքստում նշելու մասին: Մ.Սաղաթելյանն ու Հ.Բաղդասարյանն իրենց նախաքննական կամ դատաքննական ցուցմունքներում պնդել են, որ գործակալ «Շեյթանն» ինքն է ասել, որ «27»-ին առնչություններ ունեն նաեւ այդ բարձրաստիճան պաշտոնյաները: Իսկ որ իրականում «27»-ը կազմակերպիչներ ունի, փաստել է նաեւ գործով ամբաստանյալներից մեկը: … Եվ այլնի առնչությամբ Այս շաբաթ դատաքննության ընթացքում ցուցմունքներ տվեցին նաեւ 94-ին Մ.Սաղաթելյանի կողմից, իբր, դատապարտյալներ Ռաֆայել Զորոյանի եւ Վալերի Դորոգոնովի՝ ծեծի ենթարկվելու, նաեւ՝ ԲՈՒՀ-ի կեղծ դիպլոմ ներկայացնելու առնչությամբ դատակոչված վկաներ: Նկատի ունենալով, որ դատավարության առաջիկա նիստերում դեռ դրա մասին վկայություններ են լինելու, հարմար ենք գտնում մեղադրանքների այդ դրվագներին անդրադառնալ առաջիկայում: Ասենք միայն, որ 94-ի դեպքերի կապակցությամբ արդեն հարցաքննված երկու վկաներ նախաքննության ընթացքում տված իրենց ցուցմունքները՝ մասնավորապես հիշյալ երկու դատապարտյալներին մերկացնելու, իբր, Մ.Սաղաթելյանի հրամանի մասին, մասամբ սրբագրեցին եւ պնդեցին, թե վերջիններս ոչ թե՝ կատարյալ մերկ, այլ՝ կիսամերկ են բերվել Գորիսի բանտ: Դատախազության քիմքին անհարմար ու անհաճո ցուցմունքներ լսելուց հետո դատախազ Կ.Փիլոյանը Գորիսի բանտի բուժակ Գագիկ Սիմոնյանի ցուցմունքներից իր դժգոհությունն ու զայրույթը այսպես հայտնեց. դիմելով բուժակին, նա հեգնական տոնով ու, իբր, սխալմամբ, նրան «բուժքույր» անվանեց: Սա էլ, ինչ խոսք, մակարդակի խնդիր է: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել