Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը տիպիկ հեղափոխական է

Ապրիլ 06,2002 00:00

Ռոբերտ Քոչարյանը տիպիկ հեղափոխական է Երբ ասում ես, որ Ռոբերտ Քոչարյանը փակել է «Ա1+»-ը, ներկայիս նախագահի կողմնակիցները (որոնք փոքրաթիվ են, բայց հայտնի պատճառներով զբաղեցնում են գրեթե ամբողջ քաղաքական ու լրատվական դաշտը) դրան հակադարձում են հետեւյալը. «Բա ինչո՞ւ էին ՀՀՇ-ի ժամանակ լրատվամիջոցներ փակում»: Անցած այլանդակություններով ներկա այլանդակությունները արդարացնելու մեջ ես առանձին կուռ տրամաբանություն չեմ տեսնում: Բայց այն հանգամանքը, որ տասը տարվա ընթացքում իշխանության այլանդակ դրսեւորումները շարունակվում են, ինքնին մտորումների տեղիք է տալիս: Չնայած Ռ.Քոչարյանն իր մտավոր պոտենցիալով եւ բարոյականությամբ զգալիորեն զիջում «Ղարաբաղ» կոմիտեի ցանկացած անդամի, նա նույնպես 80-ականների վերջի հեղափոխական Շարժման ծնունդ է: Ասել այդ Շարժման մասին միայն լավը կամ միայն վատը՝ անհնարին է: Կարեւորն այն է, որ ամեն մի լավ կամ վատ բան պետք է սպառվի իրեն տրված ժամանակի մեջ: 14 տարի է անցել, եւ արդեն ժամանակն է, որ մեր երկիրը ղեկավարվի ավելի պահպանողական, ավելի «կայունամետ» իշխանության կողմից: Ներկայիս նախագահը նույնպես անընդհատ խոսում է կայունության մասին, գուցե գիտակցական մակարդակով նույնիսկ հասկանում է դրա անհրաժեշտությունը: Բայց նրա ամեն մի քայլ, ամեն մի ելույթ իրականում ուղղված է հասարակությանը գրգռելուն եւ իրավիճակը էլ ավելի ապակայունացնելուն: «Ա1+»-ի փակումն, անշուշտ, այդպիսի մի քայլ էր: (Այլ հարց է, որ Քոչարյանն այդքան «դուխ» չունի, որ ասի՝ փակել եմ, լավ եմ արել, եւ անընդհատ չքմեղանում է ու դեմ է տալիս իր խեղճուկրակ կամակատարներին՝ Ամալյանի գլխավորությամբ): «Ա1+»-ի փակումը հեղափոխականի ջղաձիգ շարժում էր: Որեւէ բանական բացատրություն այդ քայլին ես դժվարանում եմ գտնել: Իհարկե, այդ որոշումը չի ընդունվել ինչ-որ «պահի ազդեցության տակ». դա ծրագիր էր, որը մշակվել էր նախագահի աշխատակազմում դեռեւս անցած տարվա նոյեմբերին: Բայց դրանից այն չի դադարում լինել իր էությամբ հուզական հիմարություն: Ջարդենք-փշրենք ցանկացած այլախոհություն՝ մինչեւ վերջ: Դա տիպիկ հեղափոխական բոլշեւիկի մոտեցում է: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել