Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ՝ ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ

Ապրիլ 06,2002 00:00

ԿՐԿԻՆ՝ ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ Թերեւս խորհրդանշական է, որ տարբեր գաղափարական հենք ունեցող կուսակցությունների համախմբման առիթը վերջին տասնամյակի մեր ամենակարեւոր արժեքներից մեկն է՝ ազատ եւ անկախ խոսքը։ Խորհրդանշական է նաեւ, որ միասնության գաղափարը կրկին սաղմնավորվում եւ կենդանանում է ՀԺԿ հարկի տակ՝ կուսակցության նորակառույց գրասենյակում, որտեղ նախորդ օրը տեղի ունեցավ քաղաքական մեկ տասնյակից ավելի ուժերի համատեղ ասուլիսը, իսկ երեկ՝ նույն քաղաքական ուժերը միասնական հանրահավաք հրավիրեցին։ «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» փակման գործը, կարծես թե, մնալու է իշխանությունների կոկորդին։ Երեկվա հանրահավաքը վկայում է, որ հասարակությունը վերջնականապես չի հուսալքվել եւ պատրաստ է պայքարել իր մարդկային եւ քաղաքացիական իրավունքների համար։ Թեպետ բազմիցս հայտարարել եմ, որ չեմ սիրում թվերի հետ գործ ունենալ, բայց ստիպված եմ որոշ թվեր ներկայացնել, քանի որ ցանկացած հանրահավաքի թիվ մեկ արժանիքը բազմամարդությունն է։ Երեկվա հանրահավաքին, ըստ չեզոք մասնակիցների, ներկա էր 7-10 հազար մարդ, ըստ մի քիչ շահագրգիռների՝ 11-15 հազար մարդ, իսկ ըստ պաշտոնական աղբյուրի՝ 3-3,5 հազար մարդ։ Պաշտոնական աղբյուրը, ինչպես միշտ՝ ՆԳՆ փոխնախարար Հովհ. Վարյանն է, որին երբ խնդրեցի ներկաների թիվը մոտավորապես ասել, անմիջապես պատասխանեց՝ «2-2,5 հազար»։ Հայացքս հասկանալով, փոխնախարարը որոշեց ինձ սովորեցնել «մարդ հաշվելը»։ Ժողովրդի միջով անցնելով պրն Վարյանը հաշվում էր՝ այստեղ 100, հետո՝ 200, ի վերջո, այնքան ակնհայտ էր, որ հանրահավաքը բազմամարդ է, որ փոխնախարարը մեր համատեղ համայցից հետո ստիպված իր թիվը փոխեց՝ «3-3,5 հազար»։ Ուրեմն ենթադրելի է, որ ճիշտը 3,5-ից 15 հազարի մեջտեղում է։ Ինքներդ հաշվեք։ Հանրահավաքը սկսվեց եւ ավարտվեց ՀՀ հիմնով, շատերը խիստ վճռական էին տրամադրված, նույնիսկ նամակ ուղարկեցին հարթակ, թե ուզում են գնալ ու նստել նախագահի նստավայրի մոտ, մինչեւ վերջինս դուրս գա եւ հեռանա։ Սակայն, քանի որ երեկվա հանրահավաքի նպատակը դա չէր, կազմակերպիչներն առայժմ մերժեցին առաջարկը։ Նրանք այլ պահանջներ ուղղեցին իշխանությանը, որոնցից ամենահիմնականը «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» անմիջապես բացումն է։ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանն այդ բանն անելու համար իշխանություններին մեկ շաբաթ ժամանակ տվեց։ Ստեփան Դեմիրճյանը տրված ժամկետը կրճատեց. «Ա1+»-ը պետք է բացել անհապաղ»։ Ի դեպ, Ստեփան Դեմիրճյանին հանրահավաքի մասնակիցները ընդունեցին օվացիայով։ Թերեւս սա եւս խորհրդանշական է. այն հարթակը, որը 88-ին Կարեն Դեմիրճյանին զրկեց իշխանությունից, այժմ կարծես պատրաստվում է իշխանության բերել Ստեփան Դեմիրճյանին։ Ծափահարությունները երկարատեւ էին, Ստ. Դեմիրճյանի խոսքը կարճ էր, բայց՝ կոնկրետ. «Ա1+»-ի նկատմամբ կայացրած որոշումը հասարակական կարծիքի նկատմամբ հերթական արհամարհանքի դրսեւորումն էր։ Սակայն հասարակությանը կարհամարհեն այնքան, ինչքան հասարակությունը թույլ է տալիս։ Հասարակությանը կվիրավորեն այնքան, ինչքան թույլ է տալիս։ Հասարակությունը պետք է տեր կանգնի իր իրավունքներին, եւ քաղաքական ուժերն էլ պետք է լինեն սկզբունքային։ Այսօր ինչ որ կատարվում է, շատ դրական է, վերջապես համախմբվում են քաղաքական ուժերը։ Տեսնում ենք, որ մեր հասարակությունը կոտրված չէ, մեռած չէ, թեպետ ոմանք շատ կուզեին՝ այդպես լիներ։ Ուրեմն պետք է համախմբված, միասնական, հետեւողական գնանք առաջ»։ «Հանրապետություն» կուսակցությունից Արամ Սարգսյանը հավաքվածներին առաջարկեց ձեռքերը բարձրացնել, եւ երբ ձեռքերի անտառ բարձրացավ, դիմելով ՀԱՀ-ին՝ ասաց. «Մի կտրեք, չէ՞ որ դուք Հանրային հեռուստատեսություն եք, չէ՞ որ դուք նույնչափ ժողովրդական եք, որքան «Ա1+»-ը (ի դեպ, ՀԱՀ-ն «կտրված էլ» լուսաբանեց հանրահավաքը – Մ. Ե.)։ «Ա1+»-ը իմ հեռուստատեսությունն է, իմ՝ ՀՀ քաղաքացու հեռուստատեսությունն է։ Եվ ես պաշտպանում եմ «Ա1+»-ի աշխատանքային խմբին իր տեսանկյունների համար։ «Ա1+»-ի ժողովրդականությունը ժողովրդի հետ լինելու մեջ է, ոչ թե՝ առանձին կուսակցության շահեր պաշտպանելու։ Այսօրվա նախագահն ամեն ինչ չափում է փողով, «Ա1+»-ը մեզնից փող չի խնդրել, եթե խնդրեր՝ կտայինք։ Ինքն իր անկախությունն ավելի բարձր է գնահատում, քան նյութական հնարավորությունները։ Համբերության բաժակն, իրոք, լցվել է»։ Ավետիք Իշխանյանը հայտարարեց, որ ազատ խոսքի ճնշման առաջին պատասխանատուն նախագահն է, նաեւ՝ բոլոր տեսակի չինովնիկները, որոնք հլու-հնազանդ կատարում են նախագահի պատվերները, պատասխանատու են նաեւ բոլոր այն մտավորականները, որոնք լռեցին։ Ըստ Ավետիք Իշխանյանի, իշխանությունների ուժը հասարակության՝ դատապարտվածի հոգեբանությունն է. «Եկեք թոթափենք այդ դատապարտվածի հոգեբանությունը եւ լինենք քաղաքակիրթ, գոնե այնքան ժամանակ, մինչեւ կհասնենք առաջինին՝ «Նոյյան Տապանի» եւ «Ա1+»-ի բացմանը։ Այդ հարցը լուծվելու է այստեղ, ոչ թե դատարանում կամ ԱԺ-ում»։ Ավետիք Իշխանյանը կոչ արեց կուսակցություններին՝ այդ հարցում համախմբված լինել։ Նա հարկ համարեց հանրահավաքի մասնակիցներին հայտնել, որ «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» տնօրենների նախորդ օրվա ասուլիսը իշխանամետ լրատվամիջոցները ներկայացրել են «ծաղկաքաղով», եւ իրականում տնօրենները, նաեւ՝ Արամ Աբրահամյանը, «համաձայն են, եթե մենք բոլորս պաշտպանենք նրանց։ Բայց եթե նրանք էլ ընկրկեն, «Ա1+»-ին եւ մյուսներին պաշտպանելը մեր գործն է»։ Ալբերտ Բազեյանը շեշտեց, որ «Իշխանությունները փորձում են որոշ կենդանիներին հատուկ համառությամբ ԱԺ-ում շրջանառության մեջ դնել եւ անցկացնել ԶԼՄ-ների մասին օրենքի խայտառակ նախագիծը։ Մեր խնդիրն է՝ պայքարել մեր իրավունքների եւ ազատությունների համար, մերժել, «ո՛չ» ասել գործող վարչախմբին եւ նրա կողմից թելադրված քաղաքականությանը»։ Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ այսօրվա իշխանությունները նախկինների շարունակությունն են, եւ գումարելիների տեղերը փոխելիս գումարը նույնն է մնում՝ այսպիսի պետությունը։ Իսկ մենք «այսպիսի պետություն չենք հանդուրժում եւ հույս ունենք ձեր աջակցությամբ եւ տարբեր քաղաքական ուժերի միասնական ջանքերով քայլ առ քայլ հասնել այն պետությանը, հանուն որի հենց այս հրապարակում 88-ից սկսած պայքարել ենք»։ Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա եկող ուրբաթ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել