Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՐԵՔ ՓԱՅԼՈՒՆ ԳԼՈՒԽ

Ապրիլ 06,2002 00:00

ԵՐԵՔ ՓԱՅԼՈՒՆ ԳԼՈՒԽ Ամեն անգամ ունկնդրելով մեր իշխանություններին, նորովի ես կորցնում հավատդ մարդկության հանդեպ։ Արդեն մոտ 2 շաբաթ եւ ավելի թիվ 14 պոլիկլինիկայի աշխատակազմը գործադուլ է անում ամիսներով աշխատավարձ չստանալու պատճառով։ Մինչ ՀՀ նախագահը դժգոհեց, թե ամեն հարցով ինձ են դիմում, Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը որոշեց ջղայն քաղաքապետ խաղալ։ Բնականաբար, պոլիկլինիկայի աշխատակազմի, ինչպես եւ ՀՀ քաղաքացիների մեծ մասի պետքը չի քաղաքապետի կազմակերպած շաբաթօրյակները, որի շնորհիվ քաղաքապետը առնվազն իրեն է ռեկլամում։ Թող ինչքան ուզում է Ռոբերտ Նազարյանը կոնյակի գործարանի գլխարկով փողոց մաքրի կամ ծառ տնկի, ավելով կամ առանց ավելի։ Ավելի լավ է ծառի շյուղ տնկելու փոխարեն քաղաքի հաստաբուն ծառերը չկտրատի՝ եւս մի բենզալցակայանի տեղ ազատելու համար։ Հին նոմենկլատուրշիկը երեւի մոռացել է, որ շաբաթօրյակը սովետից մնացած, կոլեկտիվիզմը պրոպագանդող երեւույթ է եւ այժմ որեւէ քաղաքացի պարտավոր չէ դուրս գալ փողոց ու, ինչպես ինքն է ասում, «ժպիտը դեմքին» շաբաթօրյակ անի։ Ինքն է քաղաքապետը եւ պարտավոր է կամ կազմակերպել շաբաթօրյակը համապատասխան մարմնի միջոցով, կամ, եթե շատ է ուզում՝ ինքն անել։ Ու դեռ փորձում է սպառնալ, թե եթե 14 պոլիկլինիկայի աշխատակազմը ժպիտը դեմքին դուրս չգա փողոցները մաքրելու, պոլիկլինիկայի տնօրենին կազատի աշխատանքից։ Քանի որ մեր երկրում արդեն պրակտիկա կա ինքն իրեն զենքով պարգեւատրելու, աշխատավարձ բարձրացնելու, հողատարածք հատկացնելու եւ այլն, ապա պրն քաղաքապետը հանգիստ խղճով կարող է ինքն իրեն ազատել աշխատանքից՝ շաբաթօրյակին լայն ժպիտով չմասնակցելու համար։ Ոչ ոք դրա համար դարդ չի անի։ Հաջորդ փայլուն գլուխը ՀՀ վարչապետն է։ Վերջինս իր հարցազրույցում, լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի մեր թերթում տպագրված՝ ինքն իրեն որսորդական զենքով պարգեւատրելու փաստը, պատասխանում է. «Այդ զենքն ինձ նվիրել է ԱՊՀ անդամ երկրներից մեկի ղեկավարը։ Այսինքն, բյուջեի հետ ընդհանրապես կապ չուներ։ Ես հարցին այլ տեսանկյունից եմ մոտենում. ինչպե՞ս կարող էր ծառայողական օգտագործման փաստաթուղթը համապատասխան պատասխանատու գերատեսչությունից դուրս գալ եւ դրվել շրջանառության մեջ։ …Այժմ կատարվում է ծառայողական հետաքննություն՝ պարզելու, թե ինչպես է փաստաթուղթը դուրս եկել գերատեսչությունից»։ Նախ նշենք, որ փաստաթղթում պարզ նշված է, որ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն է Անդրանիկ Նահապետի Մարգարյանին որսորդական զենքով պարգեւատրում եւ ստորագրել է նույն ինքը՝ Անդրանիկ Մարգարյանը։ Այսինքն, ԱՊՀ անդամ երկրներից ոչ մի ղեկավարի անուն նշված չէ եւ որոշումը ՀՀ կառավարության պաշտոնական բլանկի վրա է գրված։ Վարչապետին հիշեցնենք, որ զենքով կարող են պարգեւատրել նաեւ ՆԳ եւ ՊՆ նախարարները: Բայց ամենահետաքրքիրը դա չէ, այլ այն, որ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կատարվածից գոնե անհարմար զգալու կամ թաքցնելու փորձ անելու փոխարեն ծառայողական հետաքննություն է անցկացնում, պարզելու համար, թե ինչպես է փաստաթուղթը դուրս եկել գերատեսչությունից։ Անհեթեթ որոշումներով փաստաթղթերը միշտ ոտքեր ունենում են եւ, ավելի ճիշտ կլինի, ինչպես ինքն իրեն զենքով պարգեւատրեց, նույն կերպ էլ հետաքննություն անցկացնի, թե ինչպես է ՀՀ վարչապետը օգտվում կառավարության բյուջեից եւ որտեղից են նրա հիմնական եկամուտները, ինչպես են հանկարծ նրա գլխում ծագում նման փայլատակող մտքեր։ Եվ երրորդ փայլուն գլուխը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն է, որը 17 հոգանոց պատվիրակությամբ գտնվում էր Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում։ Վեհաժողովի նյութից զատ, առաջին հերթին պրն Հովհաննիսյանին հետաքրքրում էր, թե ինչու պատվիրակության անդամներից 15-ը տեղավորվեցին «Մոսկվա» հյուրանոցի անշուք համարներում, իսկ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը եւ պատգամավոր Գուրգեն Արսենյանը ապրում էին «Աստորիա» հյուրանոցում, որտեղ համարի օրական վարձը մոտ 700 դոլար է։ Իհարկե, բիզնես- գործունեություն ունեցող Գուրգեն Արսենյանը իրեն, բնականաբար, կարող էր թույլ տալ «Աստորիայում» մնալ, իսկ ԱԺ նախագահի ֆինանսական կարողությունների մասին մտածել է պետք։ Այստեղ կարեւոր է այն, որ վեհաժողովի թեման ու բովանդակությունը Հովհաննես Հովհաննիսյանին ավելի քիչ են հետաքրքրում, քան կոլեկտիվիզմի ոգին եւ թե ով որտեղ է ապրել։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել