Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդասպաններին հովանավորում են

Ապրիլ 05,2002 00:00

Մարդասպաններին հովանավորում են ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին Մեծարգո պարոն նախագահ, ինչպես Ձեզ քաջ հայտնի է, 2000թ. մայիսին Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինները կազմակերպել են մորս՝ տիկին Ռոզա Ավետիսյանի սպանությունը, որը համարձակվել էր իր բողոքը հայտնել ԼՂՀ իշխանություններին՝ տողերիս հեղինակի անօրինական ձերբակալության կապակցությամբ։ Ձեր ազգականները տեղեկացրել են, որ հիշյալ փաստի առնչությամբ դժգոհել եք նաեւ Դուք՝ հայտնելով այդ մասին ԼՂՀ ղեկավարությանը։ Ձեր տիկինը՝ Բելլա Քոչարյանը, իր միջնորդված ցավակցությունն է հայտնել մեր ընտանիքին։ Սակայն ՀՀ նախագահի վերաբերմունքը կատարվածի նկատմամբ ապարդյուն անցավ. մարդասպանները մինչ օրս ոչ միայն ազատության մեջ են, այլեւ պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում ԼՂՀ-ում։ Նրանց անունները նույնպես քաջ հայտնի են Ձեզ. դա նախեւառաջ ԼՂՀ ԱԱՊՎ պետ Բակո Սահակյանն է եւ դատավոր Նաիրի Հակոբյանը։ Այս երկու հանցագործները խախտել են ՀՀ եւ ԼՂՀ քրօր-երի առնվազն 18 հոդված։ Չբավարարվելով անմեղ կնոջ սպանությամբ, ԼՂՀ իշխանությունները, վարչապետին իբր զրպարտելու համար, դատապարտել են ինձ 3 տարվա ազատազրկման՝ մինչ այդ ենթարկելով անօրինական ձերբակալության, թեեւ անմեղությանս մեջ համոզվել են աշխարհի գրեթե բոլոր իրավապաշտպան եւ լրագրողական կազմակերպությունները, որոնք եւ դատապարտել են ղարաբաղյան պաշտոնյաների ֆաշիստական գործելաոճը։ Ընտանիքս երեք անգամ դիմել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին՝ մարդասպաններին պատասխանատվության ենթարկելու պահանջով, սակայն սույն անձնավորությունը շարունակում է հովանավորել հանցագործներին, թեեւ կուլուարային բազմաթիվ զրույցներում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ, խոստովանում է, որ «Վահրամ Աղաջանյանն անմեղ է», սակայն ինքը չի կարող ազդել դատական մարմինների վրա։ ԼՂՀ նախագահի փարիսեցիական այս հայտարարությունը, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում. 2000թ. ապրիլի 17-ին ՀՀ մի քանի հեռուստաալիքներով նա պնդում էր, թե, մեջբերում եմ՝ «անձամբ կարգադրել եմ ԼՂՀ գերագույն դատարանին՝ վերանայել Վահրամ Աղաջանյանի նկատմամբ կայացրած դատավճիռը»։ Եվ, իրոք, դատարանը «վերանայեց». 1 տարի ազատազրկումը փոխարինեց 3 տարով։ Տեսաժապավենը պահպանվում է։ Պարոն նախագահ, չեմ ցանկանում հավատալ ԼՂՀ արտգործնախարար Նաիրա Մելքումյանին, որը հեռախոսազրույցում անձամբ ինձ ասել է, թե «քո դեմ հետապնդումը կազմակերպել է ոչ թե Արկադի Ղուկասյանը, այլ Քոչարյանը»։ Այնուհանդերձ, չեմ կարող չհայտնել իմ զարմանքը իմ եւ ընտանիքիս դեմ ՀՀ ուժային կառույցների կողմից շարունակվող գործողությունների վերաբերյալ։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ տրամադրել ՀՀ հատուկ ծառայությունների այն ներկայացուցիչների անունները, հեռախոսահամարները (եւ այլ տեղեկություններ), որոնք շարունակում են ճնշում գործադրել իմ եւ ընտանիքիս անդամների վրա։ Վերոհիշյալից ելնելով՝ կոչ եմ անում Ձեզ, որպես երկրի ղեկավարի եւ ՀՀ քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանության գլխավոր երաշխավորի, միջամտել այս գործին, վերականգնել ոտնահարված իրավունքներս, միջոցներ ձեռնարկել բարձրաստիճան մարդասպաններին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ եւ փոխհատուցել ընտանիքիս կրած բարոյանյութական վնասը։ Որպես ՀՀ քաղաքացի ակնկալում եմ Ձեր՝ ՀՀ նախագահի սահմանադրորեն արտոնված միջամտությունը նշյալ գործում։ Հարգանքով՝ ՎԱՀՐԱՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ «Իրավունք» թերթի լրագրող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել