Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԱՄԵՆՈՒՐ

Ապրիլ 05,2002 00:00

ԻՆՉՊԵՍ ԱՄԵՆՈՒՐ Նախկինում Արմավիրի մարզի Ջրառատ գյուղը հռչակված էր իր բանջարաբուծությամբ ու խաղողագործությամբ, պտղաբուծությամբ ու անասնապահությամբ։ Գյուղը հայտնի էր իր թռչնաբուծական խոշոր ֆաբրիկայով։ Այստեղ գործում էին մեքենատրակտորային կայան, «Գյուղքիմիայի» բաժանմունք, նավթի բազա, գինու գործարան, բամբակի մթերման կայան, ապխտած ձկան, ինչպես նաեւ կարամելի արտադրություններ, շինանյութերի խոշոր բազա։ Այսօր ծանր է գյուղացիների վիճակը։ Թվարկված ձեռնարկություններից ոչինչ չի մնացել, արմատահան են արվել այգիները։ Չէ՞ որ դրանց պահպանման ու մշակման համար միջոցներ են պետք, ինչը գյուղացին չունի։ 470 հեկտար վարելահողի մոտ մեկ քառորդը այժմ տրամադրված է հացահատիկին, մնացած տարածություններում աճեցվում են բանջարանոցային մշակաբույսեր։ Ցանքադաշտերը հիմնականում կավահող են՝ 2-4% հումուսային մասով, ուստի լավ բերք ստանալու համար դրանք պետք է պարարտացվեն ու ոռոգվեն։ Պարարտանյութ նույնպես չկա, ոռոգման ջուրն էլ՝ թանկ հաճույք է, անհասանելի գյուղացու գրպանին։ Ինչպես զրույցի ժամանակ պատմեց գյուղապետ Գարեգին Հովհաննիսյանը, այսօր առաջին պլանում է բնակիչների սոցիալական վիճակի բարեկարգման խնդիրը։ Շուտով ձեռնամուխ կլինեն գյուղամիջյան եւ դաշտամիջյան ճանապարհների կարգավորմանը, մշակույթի պալատի վերանորոգմանը։ Ուշադրության կենտրոնում են գյուղի գրադարանի հոգսերը։ Պլանավորված է վերականգնել գյուղի գազամատակարարումը։ Այդ նպատակով մեծ աշխատանքներ պետք է տարվեն։ Վերակառուցվելու է գազամուղի ողջ ցանցը։ Նախատեսվում է «երկնագույն կրակը» գյուղում վառել այս տարվա վերջին։ ԳԱԼՈՒՍՏ ՆԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել