«Փրկությունը» չի փրկում 1997թ. կառավարության որոշմամբ «Նաիրիտ» գիտաարտադրական միավորմանը պատկանող թիվ 298 մանկապարտեզը քարուքանդ վիճակով ժառանգություն է մնացել Շենգավիթ համայնքին։ Եւ այսօր վատթարագույն շենքային պայմաններով (քայքայված տանիք, պոկված մանրահատակ, փտած կոյուղագծեր, կաթոցներ անձրեւային եւ ոչ անձրեւային եղանակներին) այդ մանկապարտեզում դաստիարակվում է շուրջ 90 երեխա։ «Առավոտն» ահազանգ էր ստացել այդ մանկապարտեզի սաների ծնողներից այն մասին, որ մանկապարտեզը ցուրտ օրերին երկու շաբաթով հոսանքազրկված է եղել։ Դժգոհությունները վերաբերում էին նաեւ խմբասենյակներում ջրի մշտական կաթոցներին, ցածր ջերմաստիճանին եւ երեխաներին տրվող կես բուլկուն, չնայած այն բանին, որ ամսական վարձը 1500 դրամից բարձրացվել էր 2000 դրամի։ Մանկապարտեզի վարիչ Լարիսա Սարգսյանը կտրականապես հերքեց մանկապարտեզի՝ 2 շաբաթով հոսանքազրկված լինելը, իսկ վարձի բարձրացման վերաբերյալ ասաց հետեւյալը. «Եթե քաղաքի կենտրոնում վարիչի հայեցողությամբ երեխայի ծնողից վերցնում են 3000-5000 դրամ, ուրեմն ինչո՞ւ զարմանալ 2000 դրամի վրա, որը հարմար է բանվորական թաղամասի համար»։ Նա նույնիսկ ներկայացրեց Շենգավիթի տարածքային հիգիենիկ համաճարակային հսկողության կենտրոնի բժիշկների խմբի եզրակացությունը՝ 4 ստորագրություններով, ըստ որի, ճաշատեսակների, խմելու ջրի, օդի հետազոտված նմուշները համապատասխանում են նորմերին, իսկ սենյակների ջերմաստիճանը 18-20 աստիճան է։ Հետաքրքիր էր մի բան. սանէպիդծառայության աշխատակիցների աչքից ինչպե՞ս էր վրիպել որոշ սենյակների գաղջ, բաղնիքային օդը, փտած կոյուղին, ամենուր դրված ջրով լի տաշտակները, իրար վրա գցված, արդեն չօգտագործվող մահճակալն ու անկողինները, ինչին ականատես եղանք պատահական այցելության ժամանակ։ Իսկ Լ. Սարգսյանը նեղացած էր ծնողների այն վերաբերմունքից, որ փոխանակ իրեն դիմելու, միանգամից վերցրել ու եկել են «Առավոտի» խմբագրություն՝ բողոքելու մանկապարտեզից, սննդի որակից, այն դեպքում, երբ իրենց մանկապարտեզում սննդի կալորիականությունը (1378,6) գերազանցում է սահմանված նվազագույնին (226,2)։ Մանկապարտեզի աշխատակիցների աշխատանքը հերոսական որակելով՝ վարիչը նաեւ հռետորական հարց ուղղեց բողոքավոր ծնողներին. «100 դրամով կրթում, օրական 3 անգամ սնում ենք երեխային, կազմակերպում նրանց առօրյան, իսկ ծնողները կկարողանա՞ն նույն գումարով այդկերպ վարվել»։ Լ. Սարգսյանը մանկապարտեզի շենքի քանդմանը «նպաստելու» համար մեղադրում էր նույն շենքում տեղավորված «Փրկություն» միությանը, որը, ըստ մանկապարտեզի վարիչի, «ճիշտ չի կատարել վերանորոգման աշխատանքները եւ վերանորոգողները մասնագետներ չեն եղել»։ Շենգավիթի թաղապետարանի կրթության բաժնի պետ Արսեն Ադամյանից տեղեկացանք, որ թիվ 298 մանկապարտեզը էլի «բախտակիցներ» ունի, որոնցից ամենավատթար վիճակում է հատկապես 113 մանկապարտեզը։ Չնայած նրան համարյա չեն զիջում թիվ 177, 196, 160 մանկապարտեզները, թիվ 18 գրադարանը եւ ակրոբատիկայի մարզադաշտը։ Նա հայտնեց, որ 2002թ. բյուջեով Շենգավիթի համայնքի ենթակայությամբ գործող շուրջ 31 հաստատությունների (մանկապարտեզներ, սպորտդպրոցներ, գրադարաններ) հատկացվել է 30 մլն դրամ, իսկ կոնկրետ 298 մանկապարտեզի վերանորոգման համար հատկացվել է 4 մլն դրամ՝ 3 մլն-ն՝ տանիքի, 1 մլն-ն՝ ջրագծերի համար։ Ու թեեւ թիվ 298 մանկապարտեզը դեռեւս «սպասողների» հերթում է, սակայն Ա. Ադամյանը, այնուամենայնիվ, խոստացավ, որ «այս տարվա հերթական հոգսերից անպայման այն դուրս կգա»։ Նա նաեւ ցանկացավ, որ մեզ հետ իր զրույցը «դառնա ահազանգ վերադաս մարմիններին ու համայնքում արդեն պրակտիկա դարձած այն երեւույթին, որ գուցե երեխաների համար իրենց միջոցները չխնայող հովանավորներ էլ գտնվեն»։ Ամբողջ սրտով միանալով Ա. Ադամյանի լավատեսությանը եւ մանկապարտեզներին հովանավորներ մաղթելու նրա երազանքին, այնուամենայնիվ, չենք կարող չփաստել, որ շատ մանկապարտեզներ իրոք փակվելու եզրին են, զրկված՝ համապատասխան պետական հոգածությունից։ Ի դեպ, թիվ 298 մանկապարտեզի վարիչից նաեւ տեղեկացանք, որ մանկապարտեզների համար խորհրդային տարիներից սահմանված հացի նորմերը դեռ չեն փոխվել ու ստիպված վարիչներն են կարգավորում դա՝ իրենց հայեցողությամբ։ Չմոռանանք նշել, որ մանկապարտեզներում նաեւ էլեկտրաէներգիայի խնայողություն էլ է կատարվում։ Ա. Ադամյանի հավաստմամբ՝ ոչ երեխաների առողջության հաշվին։ Օրինակ, թիվ 298 մանկապարտեզը անցյալ տարի խնայել է 32% էլեկտրաէներգիա, այս տարի՝ 56%։ Իսկ գերածախս ունեցել են համայնքի 8 մանկապարտեզներ։ Սակայն Ա. Ադամյանը դա բացատրում է կատարված շինարարական աշխատանքներով։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ