Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՄԻՋՆՈՐԴԵՑ ԴՌՆՓԱԿ ՆԻՍՏ ԱՆՑԿԱՑՆԵԼ

Ապրիլ 05,2002 00:00

ԻՆՉՈ՞Ւ ՄԻՋՆՈՐԴԵՑ ԴՌՆՓԱԿ ՆԻՍՏ ԱՆՑԿԱՑՆԵԼ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը շարունակվում է։ Երեկ նախատեսված էր դիտել մարտի 29-ին Ազգային ժողովում անցկացրած ամբաստանյալ Վռամ Գալստյանի հարցաքննության տեսագրությունը։ Սակայն անսպասելի դահլիճ բերված եւս 6 ամբաստանյալների ներկայությամբ Հունանյանների քեռին՝ ամբաստանյալ Վռամ Գալստյանը, հանդես եկավ միջնորդությամբ։ Նա հայտնեց, որ ունի հայտարարություն եւ, որ անհրաժեշտ է համարում իր հայտարարության հրապարակման պահին բոլոր տուժողների իրավահաջորդների ներկայությունը, այն էլ՝ դռնփակ նիստում։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում 1 ժամ ընդմիջում հայտարարվեց, մինչ կգային տուժողի իրավահաջորդները։ Դատարան ներկայացան տուժողներ Արմենակ Արմենակյանի կինը, Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանի որդին՝ Սամվել Դեմիրճյանը։ Դռնփակ նիստ անցկացնելուն չառարկեցին ոչ մեղադրանքի կողմը, եւ ոչ էլ պաշտպանները։ Սակայն տարօրինակ դռնփակ ստացվեց արդյունքում, քանի որ դուրս հրավիրվեցին լրագրողները, իսկ նիստերի դահլիճում մնացին կարմիր բերետավորներն ու ուղեկցողները։ Ինչեւէ։ Որքան փորձեցինք ճշտել, թե ինչ է տեղի ունեցել փակ դռների ետեւում, չհաջողվեց։ Իսկ մեր հարցն ուղղված փաստաբաններին հետեւյալն էր. «Իսկապես տեղի՞ն էր դռնփակ նիստ անցկացնելը»… Ամբաստանյալ Վռամ Գալստյանը դռնփակ նիստ անցկացնելու միջնորդությունը պատճառաբանեց իր արժանապատվության հետ կապված հանգամանքով։ Նա տեղեկացրել էր դատարանին, որ իր նկատմամբ կատարվել են գործողություններ (մեկուսարանում), որը վիրավորել է իր մարդկային արժանապատվությունը։ Այդ պատճառով նա փորձել է երկու անգամ դիմել ինքնասպանության։ Դռնփակ նիստում ամբաստանյալն ակնարկել էր նաեւ, որ միայն Հունանյանները չեն «Հոկտեմբերի 27»-ի ծրագրավորողները, այլ ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը, որը տեղյակ է եղել, որ իրենք ԱԺ են գնում… նաեւ վարչապետին սպանելու։ Վ. Գալստյանը մի ակնարկ էր արել, կապված պարունակների՝ ԱԺ նստարանի տակ թաքցնելու հետ, ասելով, որ իրեն հավատացրել էին, որ ԱԺ պատգամավորներից մեկը կգա եւ պարունակները կտանի։ Ավելին չէր անկեղծացել ու չէր բացել փակագծերը։ Վռամ Գալստյանի հետագա պահվածքը դատարանում ուշադրության էր արժանի։ Նա ձեռքերով բռնել էր գլուխը. մի դեպքում տպավորությունն այն էր, թե նրա խիղճը հանգիստ է, ասել է ավելին եւ կամ… շտապել է, ասել է թե՝ փոշմանել էր։ Ամբաստանյալը խոսել էր ճնշումների մասին, որոնք գործադրվում են իր ընկերների կողմից եւ տվել էր անունները՝ Դերենիկ Բեջանով, Աշոտ Կնյազյան, Էդիկ Գրիգորյան եւ Համլետ Ստեփանյան։ Որքան կարողացանք ճշտել, ամբաստանյալն ընդմիջման պահին հրաժարվել էր անգամ սննդից (մեր այս տեղեկատվությունը ոչ հաստատեցին, ոչ էլ ժխտեցին)։ Այն, ինչ երեկ ասվել է նիստերի դահլիճում, պետք է հրապարակվի մյուս ամբաստանյալների համար եւս, որոնք Վ. Գալստյանի հայտարարությունից հետո հեռացվել էին։ Դիտորդների կարծիքով, Վռամի երեկվա հայտարարությունը հնարավոր էր մի քանի դրդապատճառներով. 1. Նրան վտանգ է սպառնում, եւ նա՝ ակնարկելով այդ մասին, ինչ-որ տեղ ապահովագրում է իրեն։ 2. Հնարավորինս փոխել դատաքննության հունը, անուղղակի հուշելով, որ 27 իրականացնողների թիկունքում եղել են ուժեր, եւ այն էլ՝ ծանրակշիռ: 3. Չորսի անունները տալով հասկացնում է, որ ճնշումներն ավելի շատ յուրայինների կողմից են, քան… Այնուամենայնիվ, նա խիստ մտահոգ էր եւ խիստ վախվորած։ Ցուցադրվեց նաեւ հարցաքննության շարունակությունը ԱԺ շենքում տեսագրված։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել