Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՂՈՏ ՏԵՂԵՐԻ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ապրիլ 05,2002 00:00

ՅՈՒՂՈՏ ՏԵՂԵՐԻ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ Պետական գնումների գործակալության տնօրեն Գագիկ Խաչատրյանը երեկ շրջանցեց մամուլի հրապարակումներին պատասխանելու ընդունված կարգը (որն է՝ գրավոր հերքում-հաստատում ուղարկել տվյալ թերթի խմբագրություն): Օգտվելով կառավարության հերթական նիստի լուսաբանմանը եկած լրագրողների առատությունից՝ նա վերջիններիս պարտադրեց լսել «Առավոտի» երեկվա հրապարակումներին իր կարծիքով հերքումները։ Սակայն նախ անդրադառնանք ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի՝ կառավարություն ներկայացրած հարցերի «բլոկին»։ Հասարակությանն առավել հետաքրքրողներից պրն Մկրտչյանը համարեց «2002- 2003թթ. ուստարվա մագիստրատուրա, ասպիրանտուրա եւ դոկտորանտուրա ընդունելության տեղերի պետպատվեր» որոշումը։ Սա առիթ է եղել, որ կրթության նախարարությունը ներկայացնի իր մտահոգությունը՝ կապված ասպիրանտական տեղերի հավակնորդների բացարձակ մեծամասնության ակնկալիքի հետ՝ օգտվել տարկետման իրավունքից։ Նախարարությունն անցյալ տարիների վիճակագրությունից նկատել է, որ աղջիկների եւ ժամկետանց զինծառայություն անցածների թիվը պետպատվերի շրջանակներում ասպիրանտուրա դիմողների մեջ շատ փոքր է։ Այդ տեղերը գիտությամբ զբաղվողներին տալու խնդիր կա։ Պետպատվերով տեղերի քանակն անցյալ տարվա համեմատությամբ գրեթե չի փոխվել՝ մագիստրատուրա՝ 350, ասպիրանտուրա՝ 369, որից 223-ը ցերեկային, դոկտորանտուրա՝ 11 (բոլորը ցերեկային)։ Կառավարությունը որոշել է նաեւ «Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարել։ Դրա 53-րդ հոդվածը ռեկտորի ընտրություն բուհին պարտադրում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի ընդունումից հետո։ Սակայն բուհերի ներկա վերաձեւակերպումները պետական ոչ առեւտրային կազմակերպություններին արդեն իսկ պարտադրում են ռեկտորի ընտրություն, թեեւ «Բարձրագույն կրթության մասին» օրենքը դեռ ընդունված չէ։ «Այս արգելքի պահպանումը հնարավորություն չի տալիս մեր կրթական հաստատություններին ֆինանսավորել։ Այս հիմնավորմամբ կառավարությունն ընդառաջեց մեզ»,- ասաց Լ. Մկրտչյանը։ ՊԳԳ տնօրեն Գ. Խաչատրյանին «Առավոտի» հոդվածը մտահոգել էր՝ «այսօրվա իրական վիճակին բացարձակ չհամապատասխանելու» պատճառով։ Սննդի մրցույթով շահած գները շուկայականից ավելի բարձր չեն, պնդում է Գ. Խաչատրյանը։ Մրցույթում հաղթել է միեւնույն անուն, սակայն որակական տարբեր հատկանիշներով սննդի մի քանի գին, որոնց տարբերությունը կարող է մեծ լինել։ Պրն Խաչատրյանը բողոքում է, որ հոդվածում վերցվել են միայն առավելագույն գները, իսկ իրենք առաջարկել են գնային ողջ սանդղակը՝ ելնելով տվյալ ապրանքի որակից, արտադրման տեխնոլոգիայից, սեզոնայնությունից եւ այլն։ Գործակալությունն, ասենք, պանրի համար նշել է հետեւյալ սանդղակը՝ 850-1370 դրամ, կարագի համար՝ 1200-1300, 1-ին կարգի հացի համար՝ 177-180, բարձր կարգի հացի համար՝ 190 դրամ։ Ամբողջ խնդիրն այն է, որ գիշերօթիկների տնօրենները պնդում են, որ, ասենք, որոշակի յուղայնության պանիր իրենք ավելի էժան կարող են գնել, քան գործակալության մրցույթով հաղթողն է առաջարկում։ Այսինքն, ստացվո՞ւմ է, որ դպրոցը պիտի համաձայնի այդ պանիրը գնել գործակալության միջոցով կամ ավելի թանկ, կամ պակաս յուղոտ պանիր գնի, բայց նախկինում իրենց գնած յուղոտի գնով։ Համաձայնեք, որ սանդղակի վերին նիշերն, իրոք, բարձր են շուկայականից։ Թեեւ ցանկության դեպքում շատ ավելի բարձր գնով, շատ ավելի յուղոտ կամ ավելի բարձր տեխնոլոգիայով պատրաստված պանիր կարելի է ճարել շուկայում, բայց դա արդեն շուկայական գին չես համարի։ 50 դրամի պոտենցիալ ունեցող պոմիդորը 185 դրամով առաջարկելը գործակալության պետը պարտադրել չի համարում։ Սակայն գնման հայտում ավելի ցածր գին նշելու դեպքում տվյալ պետական կառավարման մարմնին թույլատրվում է մեկ աղբյուրից գնման իրավունք, հասկանալի է, մրցույթը չեղյալ համարելուց հետո։ Թե էլ ինչո՞ւ են այդ պարաբերական մրցույթներն անցկացվում գնման հայտը ներկայացնելուց առաջ, առանձնապես պարզ չէ։ Պրն Խաչատրյանը լրիվ խեղաթյուրում է համարում մյուս՝ «Դատարանը հավատում է միայն պաշտոնյային» հոդվածի բոլոր փաստերը։ Այդ խեղաթյուրում համարվող փաստերին մեր հոդվածագիրը տիրապետում է, առկա են փաստաթղթերը։ Որպեսզի դրանք ամբողջությամբ բերվեն, Գ. Խաչատրյանի «հերքումներն» էլ կներկայացնենք առաջիկայում։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Պրն Խաչատրյանը «Առավոտի» հոդվածագրին անընդհատ մեղադրում էր հարցերում չխորանալու եւ իրեն հարցում չանելու մեջ. երեւի հոդվածում չէր նկատել գործակալության ներկայացուցչի մեկ պարբերություն կազմող պարզաբանումը։ Կամ չէր խորացել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել