Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹԵԵՎ «4» ԷՐ ՆՇԱՆԱԿԵԼ, ԲԱՅՑ…

Ապրիլ 05,2002 00:00

ԹԵԵՎ «4» ԷՐ ՆՇԱՆԱԿԵԼ, ԲԱՅՑ… Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Արսեն Բադեյանն «Ա1+»-ին գնահատելով շատ բարձր, նշելով, թե հզոր է, կայացած հեռուստաընկերություն է եւ առաջինն է անցել 24-ժամյա եթերի, կիրառել հեռուստատեքստ եւ այլն, ներկայացրած մրցութային առաջարկը գնահատեց այսպես. «Շատ թույլ էր։ Քիչ էր գրված։ Չէր բավարարում պայմաններին ընդհանրապես։ Բացակայում էին հետագա ծրագրերի մասին նշումները։ Հիմնական հարցն այն է, որ այս փաթեթով որոշվում է հեռուստաընկերության ապագան եւ ոչ թե անցյալը կամ ներկան։ Իսկ «Շարմը» շատ հզոր փաթեթ էր ներկայացրել. այդ պարագայում «Ա1+»-ն էլ պետք է հասկանար այդքան բանը եւ համազոր փաթեթ ներկայացներ, եթե ցանկանում էր իսկապես հաղթող լինել։ Պետք էր բերել նորմալ առաջարկ, որտեղ ամեն ինչ հստակ է գրված, որտեղ գրված են ֆինանսական պայմաններ, բյուջետավորում, որպեսզի դա հիմնավորի իրենց ծրագրերը, նաեւ, թե ինչպես են տեսնում հեռուստատեսության իրենց զարգացումը»։ Բյուջետավորմանն ու ֆինանսավորման հարցադրումներին «Ա1+»-ը բազմիցս է պատասխանել, նշելով, թե գործում է բացառապես ինքնաֆինանսավորման միջոցով, չցանկանալով ֆինանսական կախվածության մեջ լինել որեւէ ուժից։ Սա հանձնաժողովի առաջին որոշումն էր, որի շուրջ այսքան աղմուկ եղավ (եւ այն դեռ ահագնանալու է)։ Մի՞թե քվեարկելիս հանձնաժողովին չէր մտահոգում, թե կատարվածն ինչ ազդեցություն կունենա ե՛ւ հանձնաժողովի իմիջի, ե՛ւ երկրում ներքաղաքական զարգացումների վրա, քանի որ «Ա1+»-ի ճակատագիրը մտահոգում է հանրապետության անխտիր բոլոր հասարակական եւ քաղաքական ուժերին։ Այս հարցադրումն ուղղեցինք Արսեն Բադեյանին. «Քաղաքականությունից դուրս եմ փորձում ինձ պահել, քանի որ ամբողջ կյանքում ստեղծագործական աշխատանքով եմ զբաղվել։ Հանձնաժողովի իմիջին, կարծում եմ, պետք է որ չվնասի այս որոշումը։ Մենք արտահայտեցինք մեր կարծիքը, իսկ եթե այս ամենի տակ ժողովուրդը քաղաքական ինչ-որ ենթատեքստ է փնտրում՝ իր իրավունքն է»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել