Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ սիրտը բաբախում է «Ա1+»-ի հետ

Ապրիլ 05,2002 00:00

Երբ սիրտը բաբախում է «Ա1+»-ի հետ Խորհրդարանական խմբերի եւ խմբակցությունների ներկայացուցիչները ճեպազրույցների ժամանակ միաձայն շարունակում էին արդեն հին երգը երգել՝ «Ա1+»-ի փակումն իրենց սրտով չէ, իրենք եւս սիրում էին «Ա1+»-ն ու խորը ցավ են զգում հեռուստաընկերության աշխատանքի կասեցման առիթով։ Բոլորը նաեւ համոզված էին, որ հեռուստաընկերությունը անպայման կվերադառնա։ Գալուստ Սահակյանն, օրինակ, երկու տարբերակում արեց՝ «Ա1+»-ի աշխատակազմի եւ «Ա1+»-ի շուրջ հավաքվածների պայքարը։ Ըստ Գալուստ Սահակյանի, «Ա1+»-ի պայքարը արժեքավոր էր. «Իսկ ինչը արժեքավոր է, անպայման դրական ելքեր գտնվում են, եւ ես հուսով եմ, որ խնդիրները որոշակի լուծում կստանան»։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը կրկնեց իր արդեն արտահայտած միտքը, թե ինքը կողմ կքվեարկեր, որպեսզի «Ա1+»-ը մնար եթերում։ Բայց կրկնեց նաեւ, որ «քաղաքական գործիչների, քաղաքական ուժերի մի շերտ կա, որը թույլ տվեց իրեն՝ ի հաշիվ ազատ մամուլի, ի հաշիվ խոսքի ազատության, անպարկեշտ քաղաքական պատվերների մի հսկայական շարք, որը բոլորովին ազատ մամուլին չի վերաբերում, եւ որը խանգարեց եւ այսօր էլ խանգարում է ազատ մամուլի կայացմանը»։ ՀԿԿ խմբակցության անդամ Գագիկ Թադեւոսյանը խիստ պատկերավոր ներկայացրեց իր եւ իր ընտանիքի սրտի բաբախյունն այն պահին, երբ հետեւել են «Ա1+»-ի սրտի աշխատանքին. «Մի տեսակ որբացած զգացի հեռուստատեսությունը, մի օրում անհետաքրքիր դարձան ամբողջ Հայաստանի հեռուստահաղորդումները»։ Հետաքրքիրն այն է, որ բոլորն ընդունում էին օրենքի անկատարությունը եւ, որ անհրաժեշտ է շատ արագ օրենքի մեջ փոփոխություններ կատարել։ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավարի եւ մի շարք անդամների անունից Աղասի Արշակյանը կարդաց հետեւյալ հայտարարությունը. «Հանրապետության նախագահը փակեց «Ա1+»-ը։ Այսօր ներկա հեռուստամիջոցները եւ տպագիր խոսքի զգալի մասը, ցավոք, բավարար համարձակություն չունեցան պաշտպանել ինչպես հասարակական կարծիքը, այնպես էլ՝ սեփական գործընկերներին։ Լրագրողական համերաշխությունը Հայաստանում ճաք տվեց։ Ձեզանից շատերը՝ հանրապետության նախագահից անմիջական կախման մեջ լինելու պատճառով, հնարավորություն չունեն օբյեկտիվորեն լուսաբանել իշխող կլանին ուղղված որեւէ քննադատական խոսք, ուստի մենք այսօր մի ասելիք ունենք. խոսքի ազատության դեմ Ռ. Քոչարյանի սույն ոտնձգությունը նշանակում է՝ թքել հասարակական կարծիքի վրա։ Մեր գնահատմամբ, դա նույնն է թե՝ թքել քամուն ընդառաջ։ Նախագահ Քոչարյանը պետք է հեռանա, եւ որքան շուտ՝ այնքան լավ»։ Հմայակ Հովհաննիսյանը համոզված էր, որ «իսկապես ալիքներից մեկը կտրամադրվի «Ա1+»-ի կոլեկտիվին, եւ այդ կոլեկտիվի սիրտը, էությունն արտահայտում է Մեսրոպ Մովսիսյանը։ Նա անաչառ լրագրող է, բարձր որակի, եւ նրա շնորհիվ է, որ «ՀԳ» ծրագիրը չես կարող համեմատել «Առավոտի» հետ, թեեւ ծրագիրը վարում է «Առավոտ» թերթի խմբագիրը»։ Հմ. Հովհաննիսյանը չի հոգնում կրկնել «Առավոտը» ՀՀՇ-ի թերթն է» կեղծ, արդեն հնացած արտահայտությունը։ Հմ. Հովհաննիսյանն այսօր հանրահավաքի չի գնա։ Նա իր խոսքն ավելի բարձր է դասում, քան ցանկացած հանրահավաք։ Սակայն, ըստ մեր ունեցած տեղեկության, անձամբ պրն Հովհաննիսյանին ոչ ոք չի էլ հրավիրել հանրահավաքի։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել