ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ԵՎ՝ ՈՉ ՄԻԱՅՆ Հանրապետության 14 կուսակցություններ, նրանց երիտասարդական թեւերն ու համակիրներն այսօր ժամը 17-ին հասարակությանը հրավիրում են Ազատության հրապարակ՝ խաղաղ ցույցի՝ ի պաշտպանություն ազատ խոսքի իրավունքի, «Ա1+» հեռուստաընկերության։ Երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը քաղաքական ուժերի նախաձեռնությունը ներկայացրեց հետեւյալ կերպ. «Մենք գտնում ենք, որ «Ա1+»-ի փակումը, ինչպես էլ դա մեկնաբանվի, ինչպես էլ ներկայացվի, հասարակական կարծիքի նկատմամբ, հասարակության նկատմամբ արհամարհանքի դրսեւորում է։ Պաշտպանելով «Ա1+»-ը, հասարակությունը պաշտպանում է ինքն իրեն, իր իրավունքները, իր արժանապատվությունը։ Մենք միակարծիք ենք, որ «Ա1+»-ը պետք է շարունակի իր գործունեությունը»։ Պրն Դեմիրճյանն ասաց, որ քաղաքական ուժերի մտահոգությունը կապված չէ միայն խոսքի ազատության ճնշման հետ, կան բազմաթիվ այլ խնդիրների եւս։ «Եթե իշխանությունները չեն հասկանում ազատ խոսքի իրավունքը, հասարակությունը դա պետք է հասկացնի իշխանություններին»,- ասաց Ստ. Դեմիրճյանը։ Մամուլի ասուլիսին մասնակցում էին «Սոցիալիստական Հայաստան» միավորման ներկայացուցիչները (այս միավորման մեջ ընդգրկված է 7 կուսակցություն), ՀԺԿ-ն, ՀԿԿ-ն, ԱԺՄ-ն, ԱԺԿ-ն, ԱԺԴ-ն, ՀԴԿ-ն, «Հանրապետություն» կուսակցությունը։ Շավարշ Քոչարյանի ներկայացմամբ՝ պատահական չէ, որ 14 կուսակցություն, այդ թվում նաեւ՝ տարբեր գաղափարական հենք ունեցողները, համախմբվել են մեկ հարցի շուրջ. «Սա միայն «Ա1+»-ի խնդիրը չէ, իրականում վարվում է հետեւողական քաղաքականություն, որն ուղղված է խոսքի ազատության եւ քաղաքացու՝ ազատ տեղեկատվություն ստանալու իրավունքի դեմ»։ Պրն Քոչարյանը հիշեցրեց, որ բազմաթիվ հեռուստաընկերություններից վերացել են քաղաքական հաղորդումները, ինչպես նաեւ՝ շատ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ հնարավորություն չունեն իրենց տեսակետն արտահայտել բոլոր լրատվամիջոցներում։ Ամենքի եզրակացությունը մեկն էր՝ այս վիճակին պետք է վերջ տրվի։ Իշխանություններին ձեռնտու չէ, որ ժողովուրդը տեղեկացվի երկրի իրական վիճակի մասին, եւ այդ պատճառով ազատ խոսքի իրավունքի սահմանափակումներ են տեղի ունենում։ Արշակ Սադոյանն ասաց, որ համախմբման առաջին քայլը, անշուշտ, շարունակություն կունենա, թեպետ քաղաքական ուժերի ներկայացուցիչները տարբեր շահեր ունեն, բայց համախմբման նպատակն առաջին հերթին ուղղված է մի բանի, որ կոտրվի այն կեղծ մոտեցումը, թե սրանց դեմ խաղ չկա, ինչ ուզեն՝ կանեն. «Իրականում հուսահատ մարդու ջղաձիգ շարժումներ են միայն, մենք պետք է կարողանանք բոլորին ապացուցել, որ ոչ միայն խաղ կա այս բռնապետների դեմ, այլ նրանք հենարան չունեն եւ որեւէ ուղղություն չեն կարող տալ հայ հասարակությանը»։ Պրն Սադոյանը կրկին կարեւորեց բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխության հարցը. «Համոզված եմ, առաջիկայում հասնելու ենք բարոյական մթնոլորտի արմատական փոփոխության»։ ՀԿԿ քարտուղար Նորիկ Պետրոսյանը եւս ասաց, որ թեպետ գաղափարապես տարբեր ուժեր են համախմբվել, բայց նպատակը մեկն է՝ պարզել՝ մեր ժողովուրդը ցավազրկված է արհեստականորե՞ն, թե՞ իրոք ընդունակ է ցավ զգալու։ ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանը ձգտում է ամեն կերպ պահպանել իշխանությունը եւ ընտրել է ամենա ոչ հեռանկարային ճանապարհը։ 14 քաղաքական ուժերի նպատակն է՝ «ապացուցել, որ դիմադրությունը լինելու է, եւ թույլ չի տրվելու բռնապետության հաստատումը»։ «Առավոտին» մի քանի հարցեր էին հետաքրքրում։ Նախ՝ իշխանությունները տեղեկացվա՞ծ են հավաքի մասին, եւ կազմակերպիչները բացառո՞ւմ են հնարավոր սադրանքները։ Երկրորդ՝ ինչո՞ւ հավաքվածների մեջ չկան Արտաշես Գեղամյանը եւ ՀՀՇ-ն, եւ երրորդ՝ ի՞նչ են մտածում այն մասին, որ «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» ղեկավարությունները համամիտ չեն հարցի քաղաքականացմանը եւ հույս ունեն, որ հարցը պետք է լուծվի իրավական հարթությունում։ Հարցերին պատասխանելով՝ Ալբերտ Բազեյանն ասաց, որ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է ազատ երթերի, ցույցերի, հանրահավաքների իրավունք, խաղաղ, առանց զենքի։ Եվ այսօրվա հանրահավաքի կազմակերպիչներն օգտվում են իրենց սահմանադրական իրավունքներից։ Հավաքի կազմակերպիչները համապատասխան գրությամբ տեղյակ են պահել, ուր որ հարկն է, այսօրվա զանգվածային բողոքի ակցիայի մասին։ Իշխանությունները պարտավոր են ապահովել հասարակական կարգը, եւ ամբողջ պատասխանատվությունն ընկնում է նրանց վրա։ Արտաշես Գեղամյանը ներկա չէ, որովհետեւ նա արդեն հրապարակել է իր տեսակետները եւ կուսակցության անունից հայտարարություն է արել։ Անշուշտ, «ԱՄ»-ի ներկայացուցիչները եւս կմասնակցեն հավաքին։ ՀՀՇ-ի չմասնակցելը Ալբերտ Բազեյանը այսպես բացատրեց. «Մենք չենք փորձել հրավիրել, այս նախաձեռնությունն առաջացել է ինքնաբերաբար, մի շարք կուսակցություններ, քաղաքական ուժեր իրար հետ համախմբվել են»։ Վազգեն Մանուկյանի ներկայությունը վերոնշյալ քաղաքական ուժերի շարքում մի փոքր զարմացրել էր «Առավոտին», եւ հետո, «Ա1+»-ի եթերից նա կանխագուշակել էր, թե «Ա1+»-ը չի փակվի, ի՞նչ պատահեց, մի՞թե Վ. Մանուկյանն այդքան վատ կանխատեսող է։ Հարցերին պատասխանելով՝ պրն Մանուկյանն ասաց. «Նախ, ձեր հարցերը սովորաբար ոչ թե հարց են, այլ՝ հարցաքննություն, իսկ ես այստեղ եմ, որովհետեւ ԱԺՄ նախագահն եմ, իսկ ԱԺՄ-ն մասնակից է այս պրոցեսներին»։ Իր կանխատեսումն էլ պրն Մանուկյանն այսպես որակեց՝ եթե վատ բանի ես սպասում, ավելի ճիշտ է՝ լավ կանխատեսում անել. միեւնույն է՝ վատը լինելու է։ ԱԺՄ նախագահը հատուկ շեշտեց. «Երբ որ ազգային, պետական հնչեղության հարց կա եւ ձեւավորվում է խումբ, որը պայքարում է այդ արժեքի համար, մենք պարտադիր այդ խմբում ենք»։ Քաղաքական ուժերը հանդես կգան համատեղ հայտարարությամբ, իսկ հանրահավաքը կընդունի բանաձեւ, որտեղ ընդգրկված կլինեն կոնկրետ պահանջներ։ Այդ պահանջների չկատարման դեպքում քաղաքական ուժերի զանգվածային ակցիաները լինելու են շարունակական։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ