Եղվարդում վերականգնվում է մշակութային կյանքը Եղվարդը Կոտայքի մարզի բնակավայրերից է եւ չնայած այն այսօր համարվում է քաղաք, այնուհանդերձ դեռ կան, պահպանվում են գյուղին ու գյուղացուն հատուկ սովորույթներն ու ապրելակերպը։ Եղվարդի մտավորական խավը, քաղաքապետարանը փորձում են կամաց կամաց բարձրացնել եղվարդցու հոգեւոր ու բարոյական մակարդակը։ Շուրջ 10 տարի մեքենափորձնական կայանին պատկանող Եղվարդի արվեստի դպրոցի շենքը այս տարի քաղաքապետ Նորիկ Սարգսյանի միջնորդությամբ հանձնվեց դպրոցին՝ որպես հիմնական գույք։ Իրողությունը, որ Եղվարդում մեռած է հոգեւոր ու մշակութային կյանքը, նկատեցին նաեւ տեղի ղեկավարները։ Բայց փառք Աստծո, որ ոչ միայն նկատեցին… Եղվարդում այսօր լիարժեք գործում է արվեստի դպրոցը (տնօրեն՝ Լիպարիտ Մանյան), ուր հաճախում է շուրջ 250 աշակերտ։ Ասել է թե, շուրջ 250 երեխա փորձում է կտրվել փողոցից եւ քայլ անել դեպի արվեստը, գեղեցիկն ու վեհը։ Դպրոցում գործում են դաշնամուրային, վոկալի, ջութակի, քանոնի, գեղարվեստի, պարարվեստի, թատերական բաժիններ։ Ի դեպ, դեռ 2001թ. բացված պարարվեստի բաժինը («Կակաչներ», գեղ. ղեկ.՝ Թամարա Գալոյան, պարուսույց՝ Քրիստինե Գալոյան) արդեն նկատելի հաջողություններ ունի։ Դպրոցում ուսուցումը վճարովի է (2000-3000 դրամ)։ Անապահով, զոհված ազատամարտիկների երեխաների վճարը մարում է Եղվարդի քաղաքապետարանը (15 երեխա)։ – Եղվարդում հին ու բարի ավանդույթները վերականգնելու, եղվարդցուն մշակույթին մոտեցնելու համար փորձում ենք Եղվարդի արվեստի դպրոցում բացել գուսանական եւ դուդուկի բաժիններ,- ասում է արվեստի դպրոցի տնօրեն Լ. Մանյանը։ Եվ պարզվում է, եղվարդցուն հետաքրքրում է հոգեւոր եւ մշակութային կյանքը։ Համենայնդեպս, այս ուղղությամբ աշխատանքներ արվում են։ Օրինակ, վերջերս սուրբ Զատիկին նվիրված տոնին պատրաստվել էր ողջ Եղվարդը։ Հիանալի միջոցառում էր կազմակերպված թիվ 3 միջնակարգ դպրոցում։ Միջոցառում եւ անակնկալներ էր պատրաստել նաեւ Հայ առաքելական եկեղեցու եկեղեցասիրաց եղբայրակցության «Նարեկ» համայնքը։ Սա քրիստոնեական մշակութային միջազգային ծառայության մի մասնաճյուղն է Եղվարդում, որի ղեկավարն է Նարեկ Խլղաթյանը։ Համայնքը սեփական ուժերով կազմակերպել էր համերգ, ներկայացվեցին հատվածներ Աստվածաշնչից։ Իսկ վերջում միջոցառմանը ներկա շուրջ 400 երեխաներ ստացան փաթեթներ, որ արդեն 3-րդ անգամ պատրաստել էր «Բարի սամարացի» կազմակերպությունը։ ԱՆԱՀԻՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ