Լրահոս
Օրվա լրահոսը

Սնանկացնել, քայքայել

Ապրիլ 03,2002 00:00

Սնանկացնել, քայքայել Կենսաթոշակային հիմնադրամի «բարեփոխված» նոր օրենք ընդունելուց հետո 500 ձեռնարկություն ի վիճակի չեղավ նախատեսված գումարները վճարել։ Եթե ներկայումս արդյունաբերական ձեռնարկությունների մեծամասնությունը համարյա չի աշխատում, ապա շատ ծանրաբեռնված աշխատում են դատարանները, հարկային տեսչությունը եւ կենսաթոշակային հիմնադրամը։ Ձեռնարկությունների չաշխատելու հիմնական պատճառը ոչ հիմնավորված, կործանարար հարկային քաղաքականությունն է։ 1999թ. հունվարի 1-ին գործող օրենքով, յուրաքանչյուր հիմնարկ-ձեռնարկություն կենսաթոշակային հիմնադրամին պետք է փոխանցեր յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձի 28%-ը, բայց ոչ պակաս 2500 դրամից եւ ոչ ավելի, քան 20000 դրամ։ Կարծում եմ, նպատակահարմար էր նվազագույն շեմ ընդհանրապես չսահմանել, նկատի ունենալով, որ շատ աշխատողներ վարձատրվում են ըստ իրենց կատարած աշխատանքի։ Հնարավոր չէ, որ բանվորին կամ ծառայողին վճարելով 500-1000 կամ 2000 դրամ, կենսաթոշակային հիմնադրամին փոխանցվի 2500 դրամ, այսինքն՝ 28%-ի փոխարեն՝ 80-250%։ Փոխարենը, բարձր աշխատավարձի դեպքում, սոցվճարը կազմում է դրա չնչին տոկոսը։ Այս առաջարկությունն արել եմ հիմնադրամին։ 2000թ. օրենքում փոփոխություններ մտցվեցին։ Այդ ժամանակ հիմնադրամին չվճարված ձեռնարկությունների պարտքը կազմում էր 5 մլրդ դրամ։ Փոխանակ նվազագույն շեմը՝ 2500 դրամը վերացնեին, նոր օրենքով կրկնապատկեցին, դարձնելով 5000 դրամ, իսկ առավելագույնը 20000-ից դարձրին 30000 դրամ։ Չնայած խոստացել էին, որ իմ առաջարկությունը հաշվի կառնեն, բայց հակառակն արեցին։ Մի՞թե սա պարադոքս չէ, քանի որ հանրապետությունում նվազագույն աշխատավարձը կազմում է 5000 դրամ։ Այդ «խոտան» օրենքն ընդունելուց հետո բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ դա տնտեսության բոլոր ճյուղերում մեծ թափ կտա գործազրկությանը։ Հատկապես այն ձեռնարկություններում, որտեղ աշխատավարձը 18.000 դրամից ցածր է։ Մի կերպ գոյատեւող արդյունաբերական ձեռնարկություններում, որոնք ամսվա մեջ մի քանի օր էին աշխատում, ղեկավարությունը անգամ գնում էր, այսպես կոչված, «հանցագործության». մի քանի բանվորի աշխատավարձ ձեւակերպում էր մեկ բանվորի հաշվով, որպեսզի տեղավորվեր 28%-ի սահմաններում։ Իսկ որոշ ձեռնարկությունների ղեկավարներ աշխատողներին անժամկետ իրենց հաշվին արձակուրդ էին ձեւակերպում։ Համարյա բոլոր կանխատեսումներս իրականացան։ Վերջերս կենսաթոշակային հիմնադրամի նախագահի տեղակալը հայտնեց, որ 500 ձեռնարկություն պարտք ունի հիմնադրամին։ Քանի դեռ օրենքով չհիմնավորված հարկերը պետք է բռնագանձվեն դատարանների միջոցով, աշխատող ձեռնարկությունների թիվը գնալով կպակասի, ինչի հետեւանքով կնվազի նաեւ հարկեր վճարողների թիվը։ Վ. ՄԻՆԱՍՅԱՆ Նյութը տպագրվում է բացառապես ելնելով խոսքի ազատության իրավունքի սկզբունքից։ «Առավոտը» համաձայն չէ հոդվածագրի արտահայտած եւ ոչ մի տեսակետի հետ։ Ընդհակառակը, տնտեսվարողների շրջանում անցկացված հարցումները վկայում են, որ նշվող օրենսդրական փոփոխությունը նկատելիորեն թեթեւացրել է նրանց բեռը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել