Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-1

Ապրիլ 03,2002 00:00

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-1 Ապրիլի 2-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը կայացրեց մի որոշում, որով Երեւան քաղաքի տարածքում 37-րդ դեցիմետրային կապուղով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթում հաղթող ճանաչեց «Շարմ» ընկերությանը՝ ըստ էության եթերից զրկելով հանրապետության լավագույն հեռուստաընկերություններից մեկին՝ «Ա1+»-ին: Մենք խիստ մտահոգված ենք, որ «Ա1+» հեռուստաալիքը դուրս է մղվում ոլորտից, ինչը կարող է աղքատացնել հանրապետության հեռուստալրատվության դաշտը, նվազեցնել բազմազան լրատվություն եւ կարծիքներ ստանալու ու արտահայտելու հնարավորությունները: Մենք կարծում ենք, որ օբյեկտիվ վճիռ կայացնելու համար, հանձնաժողովը պիտի հաշվի առներ «Ա1+»-ի անցած տարիների գործունեությունը, նրա ավանդը Հայաստանում ազատ խոսքի ու բազմակարծության հաստատման գործում: Մենք համարում ենք, որ ապրիլի 2-ի որոշումը քաղաքականացնում է հարցը ու կարող է անցանկալի լրատվամիջոցներին լռեցնելու կամ սաստելու նախադեպ դառնալ, եւ պնդում ենք, որ խնդիրը դիտարկվի մասնագիտական տեսանկյունից: Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը հետեւանք է անկատար օրենսդրության, որը հնարավորություններ է ստեղծում կամայականորեն ձեւավորել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը եւ նույնքան կամայական վերաձեւումների ենթարկել հեռարձակման դաշտը՝ անտեսելով գործող ու կայացած հեռուստաընկերությունների շահերը: Սա հաստատեց նաեւ մյուս՝ 35-րդ դեցիմետրային կապուղու մրցույթը, որում հաղթող ճանաչվեց «Շողակաթ» հեռուստաընկերությունը՝ դուրս թողնելով «Նոյյան Տապանին»: Մենք մեր հնարավորություններով սատարելու ենք հեռուստաընկերությունների՝ իրենց իրավունքները պաշտպանելու բոլոր օրինական գործողություններին եւ շարունակելու ենք պնդել օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը: Երեւանի մամուլի ակումբ«Ինտերնյուս» հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել