Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԻԴԱՆՆ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԻՆ

Ապրիլ 03,2002 00:00

ԶԻԴԱՆՆ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԻՆ Համաշխարհային ֆուտբոլի, Ֆրանսիայի ազգային հավաքականի եւ Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի աստղ Զինեդին Զիդանը օրերս հանդիպեց իր երկրպագուների հետ եւ պատասխանեց նրանց հետաքրքրող բազմաթիվ ու բազմաբնույթ հարցերի։ Ընդհանրապես, մարզասերներին հետաքրքրում է իրենց կուռքերի կյանքին, առօրյային վերաբերող ցանկացած հարց՝ սկսած կոշիկի համարից, մինչեւ նեղ անձնական կյանքին առնչվող խնդիրները։ Ու այս հանդիպումն էլ բացառություն չեղավ։ Առաջին հարցերից մեկը, որ տրվեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնին, այն էր, թե նրա համար առավոտյան վաղ արթնանալն արդյո՞ք դժվար չէ։ «Ոչ, ես չեմ սիրում անկողնում թավալ տալ,- պատասխանեց նա։- Ֆուտբոլիստը ծույլ լինելու իրավունք չունի»։ Իսկ այն հարցին, թե Իսպանիան նրան ինչո՞վ է գրավում, «Ռեալ» ակումբի կիսապաշտպանը պատասխանել է այսպես. «Ծովով, արեւով… Բացի դա, սա իմ կյանքի ընկերուհու հայրենիքն է, թեեւ նրա ցանկությունը պատճառ չի դարձել իմ Իսպանիա գալու որոշում կայացնելու հարցում։ Ֆուտբոլ նա չի խաղում։ Նա իսպանուհի է եւ իրեն այստեղ լավ է զգում։ Բայց կրկնում եմ, որ վճիռն ինքնուրույն եմ կայացրել»։ ԶԼՄ-ներում բավականին շատ է խոսվել Զիդանի այլ մարզական նախասիրությունների մասին։ Եվ այս հանդիպման ժամանակ նա ճշգրտեց, որ, իրոք, ինքը ֆուտբոլից հետո սիրում է թենիսն ու «Ֆորմուլա-1»-ը, իսկ ամենից շատ չի սիրում ուտելիք պատրաստել։ «Առավելագույնը, որ կարողանում եմ, դա հավկիթ խաշելն է»,- ասել է ֆուտբոլի գործող աստղը։ Զիզուի երկրպագուները նրան խնդրել են նաեւ ինքն իրեն գնահատել տասը բալանոց համակարգով։ Եվ ահա թե դրանից ինչ է ստացվել. ֆուտբոլիստ՝ 7 միավոր, որդի՝ 9 միավոր, ամուսին՝ 7 միավոր, հայր՝ 10 միավոր։ Լրատվամիջոցների հետ հանդիպումը լուսաբանող մամուլն ընդգծում է, որ «արքայական ակումբի» ֆուտբոլիստը մշտապես ժպտում էր ու կատակում, ուներ բարձր տրամադրություն։ Նա ներկաներին ասում էր, թե մանուկ հասակում հիանում էր Էնցո Ֆրանչեսկոլիի խաղով եւ իր որդուն անվանակոչել է ուրուգվայցի այդ ֆուտբոլիստի պատվին։ Նա «բացել է նաեւ մի գաղտնիք», որ ինքը օրական խմում է մոտ չորս լիտր ջուր եւ որ յուրաքանչյուր եվրոպացի ֆուտբոլիստի երազանքը չեմպիոնների լիգայում հաղթելն է։ Ինքն էլ չի թաքցնում իր այդ երազանքը, քանի որ դեռեւս երբեք իր գլխավերեւում չի պահել այդ պատվավոր մրցանակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել