Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՑԱԽՆ ԱԶԱՏԱԳՐՎԵՑ, ՄՆԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Ապրիլ 03,2002 00:00

ԱՐՑԱԽՆ ԱԶԱՏԱԳՐՎԵՑ, ՄՆԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ Արցախի մշակույթի նախարարության հրավերով 2001-ին հինգ ամիս Շուշիում ապրել եւ ստեղծագործելուց հետո սփյուռքահայ քարտաշ Օնիկը վերադարձել է Նահանգներ եւ Նյու Յորքում տպագրել իր «Վայրի շիկ» գիրքը կամ, ինչպես ինքն է բնորոշել՝ «Խենթի մը կովկասյան քրոնիկոնը»։ Սա իր՝ «Խենթի մը» ոչ այն է հուշեր, ոչ այն է՝ մանրապատումներն են Հայաստանում եւ Արցախում անցկացրած իր ժամանակի։ Քարտաշ Օնիկի նախաբանի երկրորդ ենթավերնագիրն է «Սեպտեմբերի 24, 2001, Երեւան»։ Այն առանց խմբագրման եւ միջամտության թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ «Երեւանը իմ վերջին այցելության վերջին մի քանի օրն էր. մի քանի ընկերներիս հետ գնացի Պապլավոկ՝ ջազ ակումբ։ Ինձնից բացի խմբում էին նյույորքցի մի արվեստի քննադատ, երեւանցի չորս նկարիչներ, կիպրահայ մի արվեստի պրոդյուսեր եւ մի շոտլանդացի՝ իր կնոջ հետ։ Վերջինը Հայաստանում էր արդեն մեկուկես տարի, աշխատում էր երկրի տնտեսական ենթակառուցվածքների վերակառուցման աջակցության Եվրամիության ծրագրում։ Մեր սեղանն առաջին հարկում էր։ Երեկոյան մոտավորապես ժամը 11-ին բոլոր գլուխները շրջվեցին, քանի որ հայ-ֆրանսիացի երգիչ եւ բարերար Շառլ Ազնավուրի հետ, իր թինապահներով շրջապատված, ժամանեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Շուրջ երկու ժամ հետո, հանրահայտ հյուրերի մեկնումից մի քանի րոպե հետո, վերեւներում քաշքշուկ սկսվեց։ Նախագահի թիկնապահները («Արցախյան գորիլլաներ», ինչպես նրանց կոչում են Երեւանում) աստիճաններով ինչ-որ մարդու հարվածելով ներքեւ էին հրում։ Վայրկյաններ հետո ավելի շատ գլխակերներ իջան ներքեւ, եւ ձեռնամարտը սաստկացավ։ Մենք բոլորս վեր կացանք՝ ջանալով մեղմել իրավիճակը։ Շուտով ամեն ինչ հանդարտվեց եւ այն մարդը, որի դեմ, թվում էր, ուղղված է ողջ կատաղությունը, հայտնվեց շատ նորմալ վիճակում։ Հետո գորիլլաներից մեկը, «ախպեր տղերքի» ուղեկցությամբ, փայլող ժպիտը դեմքին, ձեռքն այդ մարդու ուսով գցեց եւ ուղեկցեց նրան դեպի զուգարան տանող դուռը։ Դրան հետեւեց սենյակ ներսուդուրս անող գորիլլաների շքերթը։ Անորոշությունն անտանելի էր։ Մեր շոտլանդացի ընկերը, պատկերացնելով, թե ինչ է տեղի ունենում, նրանց հետեւից նույն դռնով դուրս եկավ։ Երբ նա եկավ, դեմքը ճերմակ էր։ Իր կնոջը պատվիրեց շտապօգնություն զանգել, քանի որ նա ասաց, որ մարդուն ծեծել են մինչեւ անճանաչելիության աստիճան եւ որ նրա բերանից արյուն է հորդում։ Հինգ րոպեից շտապօգնությունը ժամանեց եւ բժիշկը վազեց դեպի զուգարան։ Երբ նա մի քանի րոպե հետո հայտնվեց, ձեռքի շարժումով պատգարակ ուղարկեց այնտեղ։ Այդ ժամանակ շոտլանդացին ներս եկավ՝ տեսնելու, թե ինչ է կատարվում։ Նա մտավ՝ բղավելով. «Նրանք սպանեցին նրան։ Քրիստոնեության 1700- ամյակ տոնող հայ բարբարոսները անպաշտպան մարդուն սպանեցին»։ Մենք բոլորս ցնցված էինք։ Մի քանի հարյուր մարդու ճիշտ աչքի առաջ նախագահի գորիլլաները սառնասրտորեն սպանեցին հայ մարդու։ Հաջորդ առավոտյան ռադիոն հայտարարեց, որ նախորդ գիշեր Պապլավոկում մի մարդ այնքան է հուզվել Ազնավուրի ներկայությունից, որ սրտի մահացու նոպա է ունեցել։ Սա նշանավորեց Հայաստանի խաղաղ ազատագրման սկիզբը արցախյան բռնապետությունից»։ Վերջին նախադասությունում հեղինակի լավատեսությունը չենք կիսում, ոչ թե ազատագրման սկզբի առումով, այլ որ այդ ազատագրումը խաղաղ կլինի։ Հաշվի առնելով հասարակական կարծիքի նկատմամբ Քոչարյանի տածած «նուրբ» զգացմունքները, այդ ազատագրումը «խաղաղի» տպավորություն չի թողնում։ Ինչ մնում է Քոչարյանի թիկնազորին գորիլլաներ կոչելուն, մենք, համենայնդեպս, երեւանցիներից նման որակում չենք լսել։ Չնայած դա ի՞նչ է փոխում որ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել