Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-ի կասեցման ու գրավյալ տարածքների վերադարձի մասին

Ապրիլ 03,2002 00:00

«Ա1+»-ի կասեցման ու գրավյալ տարածքների վերադարձի մասին «Արմատ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը երեկ՝ անդրադառնալով «Ա1+» հեռուստաընկերության կասեցմանը, վստահեցրեց, թե դա ուղղակի կապ ունի Ղարաբաղի խնդրի կարգավորման եւ ազատագրված տարածքների մի մասի վերադարձի հետ: «Այսօր մենք լուրջ տվյալներ ունենք, որ գործող իշխանություններն այդ տարածքների մի մասը զիջում են, իսկ որպեսզի հասարակությունը չկարողանա դրան օպերատիվ եւ արագ արձագանքել, թերեւս, «Ա1+»-ի կասեցումը առաջին անհրաժեշտ միջոցառումն է: Կարծում եմ, հասկանալի է, որ եթե չլինի այդ հեռուստաընկերությունը, որը միակն է, որ կարող է օպերատիվ տեղեկատվություն տալ հասարակությանը, ապա՝ վերջինիս, նաեւ՝ քաղաքական ուժերի արձագանքը իշխանությունների այդօրինակ քայլերին կարող է ուշացած լինել: Նրանք հենց դա էլ ուզում են՝ մեզ կանգնեցնել կատարված փաստի առաջ»,- հավաստիացրեց Ս.Գրիգորյանն՝ ավելացնելով, թե այդպես մտածելու համար կան նաեւ լրջագույն փաստարկներ: Որպես այդպիսիք, վերջինս թվարկեց. «Ապրիլի 3-7-ը Բաքու են ժամանելու ՀԲ ներկայացուցիչները, որոնք մտադիր են ոչ թե քննարկել, այլ իրականացնել «Ազատագրված տարածքների վերակառուցման» իրենց վաղեմի ծրագիրը: Սա նշանակում է, որ ինչ-ինչ տարածքներ նախատեսվում է վերադարձնել Ադրբեջանին, իսկ ՀԲ-ն մտադիր է այդ տարածքներում «պիլոտային օբյեկտների վերակառուցում» սկսել: Բացի այդ, Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Ն.Ռյաբովն օրերս հայտարարեց, թե Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները Մինսկի խմբի շրջանակներում պետք է հող նախապատրաստեն ԼՂ հիմնախնդրի լուծման համար, ինչպիսին կարող է լինել, օրինակ՝ գրավյալ տարածքների վերադարձի դիմաց՝ երկաթգծի շահագործման վերականգնումը: Ավելին, վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ է, որ Հայաստանում ՌԴ դեսպանը հայտարարում է, թե Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ որեւէ պրոբլեմ չկա՝ բացի Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մոտեցումներից: Մյուս կողմից՝ մարտին տարածաշրջան այցելած Մինսկի խմբի ամերիկյան եւ ռուսական համանախագահները հայտարարեցին, որ Մինսկի խմբի ֆորմատը կարող է փոփոխվել եւ ներառել Ղարաբաղի հայ եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին: Այդ ամենն, ըստ իս, վկայում է, որ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում վճռորոշ փուլ է սկսվել. լուծվելու է մեկ՝ ազատագրված տարածքներն առանց ցնցումների վերադարձնելու խնդիր: «Ա1+»-ի դերն այդ՝ հասարակությանը զգոն պահելու համատեքստում, համաձայնեք, չի կարելի թերագնահատել՝ հաշվի առնելով նրա մեծ լսարանն ու բարձր օպերատիվությունը»: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել