Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐՔԵՐԸ ՇԻԿԱՆՈՒՄ ԵՆ

Ապրիլ 03,2002 00:00

ԿՐՔԵՐԸ ՇԻԿԱՆՈՒՄ ԵՆ Հայաստանում ներքաղաքական կրքերը շիկանում են հենց նախագահ Քոչարյանի ակտիվ ջանքերի շնորհիվ, իսկ առջեւում նախընտրական տարի է: Երեկ առավոտից «Ա1+»-ի հեռուստադիտողներն ու քաղաքական ուժերի ներկայացուցիչները հավաքվել էին «Ազգային հանձնաժողովի» շենքի դիմաց: Վերջինիս որոշման հրապարակումից հետո հավաքված բազմությունը շարժվեց նախ՝ ԱԺ, ապա՝ «Ազատության» հրապարակ, որտեղ հասնելուն պես շուրջ երկու տասնյակ մարդ հայտարարեց նստացույց անելու իր պատրաստակամության մասին: Մեկ-երկու ժամվա ընթացքում հայտնվեցին համապատասխան պահանջով կարգախոսներ, պաստառներ, որոնք, թերեւս, մինչեւ «Ա1+»-ի վերաբացումը կլինեն «Ազատության» հրապարակում հանրահավաքներին, երթերին ու այլ ակցիաներին ուղեկցող կարգախոսները: Երեկ հայտնի դարձավ նաեւ, որ քաղաքական մի քանի ուժեր, ի դեմս «Վեցնյակի»-ի՝ ԱԺՄ, ԱԺԿ, ՍԻՄ, ՀԿԿ, «Հանրապետություն» կուսակցություն, ՀԺԿ եւ «Սոցիալիստական Հայաստան» միավորում, ՀԺԿ գրասենյակում խորհրդակցություններ են անցկացրել ու որոշում ընդունել զանգվածային միջոցառումների շարք կազմակերպելու մասին: Առաջիկա ուրբաթ օրը, ժամը 17-ին նրանց նախաձեռնությամբ հանրահավաք տեղի կունենա «Ազատության» հրապարակում: «Ազատության» հրապարակում նաեւ առաջարկություն եղավ քաղաքացիական անհանդուրժողականություն դրսեւորել՝ ի պաշտպանություն «Ա1+»-ի: Այդ ամենն, իհարկե, շատ լավ է, բայց, դատելով նրանից, թե որքան մարդ կար երեկ այդ նույն հրապարակում (հազիվ մի հարյուր հոգի), եւ հաշվի առնելով հասարակության հանցավոր պասիվությունը, դժվար է լրջորեն հուսալ, թե այդօրինակ ակցիաներն արդյունավետ կլինեն, թեեւ դրանք, իհարկե, անհրաժեշտ են: Երեկ կարծիք հնչեց նաեւ, թե հարկ է ավելի ակտիվ աշխատանքներ տանել Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ու միջազգային կառույցների, լրատվամիջոցների, իրավապաշտպան կազմակերպությունների հետ: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել