Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԽՆԴՐԵ՞Ն

Ապրիլ 03,2002 00:00

ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԽՆԴՐԵ՞Ն Ողջ շաբաթվա ընթացքում իշխանությունը եւ նրա խոսնակները «փափուկ բարձ» էին փորձում դնել «Ա1+»-ի փակման դեմ ըմբոստացողների գլխի տակ, պնդելով, թե մտահոգություններն անհիմն են եւ դեռ հայտնի չէ՝ ինչ որոշում կկայացնի հանձնաժողովը։ Կարծում եմ, եթե նրանց մեջ կան այնպիսիները, որոնք անկեղծորեն հավատացած էին իրենց պնդումների ճշմարտացիությանը, հիմա պիտի հրապարակավ ներողություն խնդրեն «Ա1+»-ի տագնապն «անտեղի» որակելու համար, խոստովանեն սեփական միամտությունը (առնվազն), որ չէին ընկալել պարզ իրողությունը՝ նախընտրական տարում «Ա1+»-ն իշխանությունների համար վտանգավոր է եւ պիտի փակվեր։ Եվ վտանգավորը ոչ թե այս կամ այն հեղինակային հաղորդումն էր, այլ հենց «Այբ-ֆեն», որ լրատվություն է տալիս այն իրադարձությունների մասին, որոնց մասին մնացած բոլոր հեռուստաընկերությունները նախընտրում են լռել («Առագաստում» կատարված սպանություն, ՀՀՇ վարչության անդամների նկատմամբ գործված բռնություններ եւ այլն) ու նաեւ «Հետգրությունը», որն, ի տարբերություն այլոց, ազատ ամբիոն էր տրամադրում անխտիր բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։ Սա է բովանդակությունը եւ երկրորդական է, թե իրավական ինչ ձեւով եւ փաթեթավորմամբ մատուցվեց այն։ Մրցույթը, օրենքը, այս կամ այն ընկերության առաջարկի էջերի քանակությունը փաստարկ դարձնողներին ուղղակի հիշեցնենք, որ, ասենք, ՀՅԴ գործունեությունն էլ 1995-ի հունվարին կասեցվեց օրենքի համաձայն, դատարանի վճռով, որի իրավացիությունը (այն է, որ կուսակցության ղեկավար մարմնում իրոք օտարերկրացիներ կային) նույնքան անվիճարկելի է, որքան Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումը՝ «Ա1+»-ին եթերից զրկելու վերաբերյալ։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել