«Ա1+»-Ը ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ… «Մելտեքս» ՍՊԸ եւ «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսիսյանը ապրիլի 1-ին դիմել է տնտեսական դատարան, որտեղ մասնավորապես նշել է. «Համաձայն լիցենզիայի, «Մելտեքս» ՍՊԸ-ին տրվել է հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 37 կապուղին։ Լիցենզիայի գործողության ժամկետ է սահմանվել մինչեւ 2002թ. հունվարի 22-ը։ Համաձայն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի (այսուհետեւ՝ Օրենք) 54 հոդվածի՝ լիցենզիայի ժամկետը լրանալուց 2 ամիս առաջ Ազգային հանձնաժողովը հայտարարում է տվյալ հաճախությամբ հեռարձակման արտոնագրման մրցույթ ընդհանուր հիմունքներով։ Ազգային հանձնաժողովը, ի խախտումն Օրենքի, նոյեմբերի 22-ին թիվ 37 կապուղու համար մրցույթ չի հայտարարել։ Այսինքն՝ տվյալ կապուղու մրցույթը ի սկզբանե նպատակ էր ունեցել անցկացնել մյուս ազատ հաճախությունների հետ միասին եւ հնարավորություն ընձեռել առավել մեծ թվով մասնակիցների նախապատրաստվել մրցույթի։ Ի կատարումն Օրենքի 48 հոդվածի, Ազգային հանձնաժողովը որոշմամբ հրապարակել է հաճախությունների ամբողջական ցանկը։ Նույն հոդվածի համաձայն, Ազգային հանձնաժողովը պետք է հայտարարեր մեկ մրցույթ, որի մեջ ընդգրկված լինեին բոլոր ազատ հաճախությունները։ Չնայած դրան, Ազգային հանձնաժողովը 19.02.02թ. հայտարարում է ոչ թե հաճախությունների մրցույթ, այլ թիվ 11-24 որոշումներով հայտարարում է հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթներ։ Փաստորեն, Ազգային հանձնաժողովը սահմանափակել է մրցույթի մասնակիցների իրավունքը՝ հնարավորություն ունենալ հաղթող ճանաչվել ցանկացած ազատ հաճախությունում։ Օրենքի 49 հոդվածը սահմանում է արտոնագիր ստանալու համար տրվող դիմումում նշվելիք տվյալների սպառիչ ցանկը, որում նշված չէ կոնկրետ հաճախության համար դիմելու անհրաժեշտությունը։ Ազգային հանձնաժողովը, խախտելով մրցույթի մասնակիցների իրավունքները, հայտարարել է առանձին հաճախությունների մրցույթներ, ինչի համար օրենքով սահմանված իրավասությամբ օժտված չէր։ Ազգային հանձնաժողովն իր գործողություններով խախտել է ՀՀ Սահմանադրության 5 հոդվածը, համաձայն որի, պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ։ Ազգային հանձնաժողովն իրավասու չէ տարանջատել կապուղիները եւ հայտարարել առանձին մրցույթներ յուրաքանչյուրի համար։ Ազգային հանձնաժողովն իր գործողություններով սահմանափակել է «Մելտեքս» ՍՊԸ-ի իրավունքը՝ մասնակցելու բոլոր ազատ հաճախությունների մրցույթին եւ խախտել է Սահմանադրության 8 եւ 24 հոդվածները»։ «Ա1+»-ը խնդրել է դատարանին՝ անվավեր ճանաչել Ազգային հանձնաժողովի 2002թ. փետրվարի 19-ի թիվ 11-24 որոշումները մրցույթներ հայտարարելու մասին։ Սեփ. լր.