«Ա1+»-Ի ՉԼԻՆԵԼՆ ԱՐԴԵՆ ՓԱՍՏ Է» Թեեւ ապրիլի 1-ի ուղիղ եթերում «Ա1+»-ը բազմիցս կոչ արեց հանրահավաքներ չգումարել՝ երեկ կեսօրին շատ-շատերն էին եկել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի շենքի մոտ՝ հայտնելու իրենց բողոքը։ Ոմանք հաջողացրին անգամ մտնել նիստերի դահլիճ՝ օգտվելով հանձնաժողովի կանոնակարգի այն դրույթներից, թե գործունեությունը պիտի ծավալվի բաց, հրապարակային եւ թափանցիկ։ Սակայն տեսական այդ դրույթների գործնական կիրառման պատճառով նիստը երկար ժամանակ չէր սկսվում։ «Ես ուզում եմ պաշտպանել լրատվություն ստանալու իմ իրավունքը»,- գոռում էր մի տղամարդ, որին եւ մնացածներին դուրս հանելու համար հարկ եղավ դիմել ԱԺ պատգամավորներ Խորեն Սարգսյանի եւ Մանուկ Գասպարյանի միջամտությանը։ «Դուրս ենք գալիս, բայց նայեք, որ ժողովրդին հանկարծ էլի չխաբեն»,- պատվիրեց նրանցից մեկը։ Վստահաբար, նրանք պիտի որ իրենց խաբված զգան, քանի որ զրկվեցին երկու անկախ հեռուստաընկերություններով լրատվություն ստանալու հնարավորությունից։ Վարկանիշային քվեարկության հետեւանքով՝ «Նոյյան Տապանը» հավաքեց միայն 19 միավոր, նրա մրցակից «Յան թիվին»՝ 20, իսկ «Շողակաթը» արժանացավ 36 միավորի եւ միաձայն քվեարկության շնորհիվ ստացավ իր հեռուստահաղորդումները 35 կապուղով հեռարձակելու արտոնագիրը։ 37 կապուղին, ինչպես եւ սպասվում էր, նվաճեց «Շարմը»՝ հավաքելով 32 միավոր («Դոֆինը» վաստակեց միայն 11 միավոր)։ Ահա թե հանձնաժողովի անդամներն ինչպես էին գնահատել «Շարմի» ներկայացրած «լավատեսական» ծրագիրը. հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը եւ նրա տեղակալ Շամիրամ Աղաբեկյանը «5» նշանակեցին, Մուշեղ Հովսեփյանը, Հարություն Խաչատրյանը, Վահագն Ավագյանը, Արա Թադեւոսյանը եւ Արսեն Բադեյանը՝ «4»։ Կարինե Խոդիկյանը՝ «2»։ «Ա1+»-ի պարագայում ձայները բաշխվեցին այսպես. Գրիգոր Ամալյանը եւ Շամիրամ Աղաբեկյանը «1» նշանակեցին «Ա1+»-ի ծրագրին, Կարինե Խոդիկյանը, Արա Թադեւոսյանը եւ Արսեն Բադեյանը՝ «4», Վահագն Ավագյանն ու Մուշեղ Հովսեփյանը՝ «2», իսկ Հարություն Խաչատրյանը՝ «3»։ 37 կապուղին «Շարմին» տրամադրելու հանձնաժողովի որոշումը, որին «ձեռնպահ» քվեարկեց միայն Կարինե Խոդիկյանը, հարուցեց ներկաների զայրույթը։ Առավել բուռն այն արտահայտեց ԱԺ պատգամավոր Արամայիս Բարսեղյանը. «Այս որոշմամբ դատապատված է այս հանձնաժողովը եւ Ռոբերտ Քոչարյանը։ Սրա հետեւանքները շատ բարդ են լինելու ե՛ւ հանձնաժողովի, ե՛ւ այս իշխանությունների համար»։ Հանձնաժողովի անդամները փորձում էին սառնասիրտ եւ անհաղորդ մնալ ու չլսելու տալ «ամո՛թ ձեզ», «կաշառվածներ», «ինչպե՞ս եք ձեր երեխաների երեսին նայելու» եւ նման կոչերը։ Նիստի ավարտից հետո նրանք, այնուամենայնիվ, պարզաբանումներ ներկայացրին։ Հիշեցնենք, որ Գրիգոր Ամալյանը «Ա1+»-ին «1» էր նշանակել, իսկ «Շարմին»՝ «5»։ «Առավոտի» հարցին, թե ինչ չափորոշիչներ գործեցին իր քվեարկության պարագայում, պրն Ամալյանը պատասխանեց. «Օրենքի 50-րդ հոդվածով սահմանված են առաջնահերթությունները՝ սեփական արտադրության հաղորդումների ծավալը, այնուհետեւ՝ հայրենական արտադրության հաղորդումների ծավալը, այնուհետեւ՝ տեխնիկական միջոցների, սարքավորումների բազան, հագեցվածությունը եւ, ի վերջո, աշխատակազմը»։ Եվ այս բոլոր չափանիշներով, ըստ իրեն, «Շարմը» գերազանցո՞ւմ է «Ա1+»-ին։ «Որեւէ պարամետրով, նշված 4-ից, ուներ»։ Այն հարցին ի պատասխան, թե ամոթ չզգա՞ց «Ա1+»-ի վերաբերյալ հանձնաժողովի որոշման համար, պրն Ամալյանը պատասխանեց. «Իհարկե ո՛չ։ Որոշումը ոչ թե քաղաքական էր, այլ իսկապես իրավական։ Երբ հրապարակվեն արդյունքները, այն ժամանակ, կարծում եմ, ամոթ կլինի ճիշտ նրանց համար, ովքեր շահարկում էին»։ Արդյունքներն արդեն հայտնի են։ Եվ ամոթանքի ու պարսավանքի խոսքերն էլ են արդեն հնչել ե՛ւ անկախ հեռուստաընկերությունները եթերից դուրս մղելու քաղաքական որոշումը կայացրածների, ե՛ւ այն իրականացնողների հասցեին։ Ի վերջո, հանձնաժողովի նախագահին փոխանցեցին Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, թե նա ցավ կապրի, որ «Ա1+» չի լինելու եթերում (որքա՜ն տեղին էր Արա Սահակյանի համեմատությունը, թե Ստալինն էլ էր իր զոհերի զավակների գլուխները շոյում)։ Գրիգոր Ամալյանը նախագահից այդ մեջբերմանն այսպես արձագանքեց. «Ա1+»-ի չլինելն արդեն փաստ է»։ Մուշեղ Հովսեփյանը, որ «2» էր գնահատել «Ա1+»-ին, իսկ «Շարմին»՝ «4», «Առավոտի» հարցին, թե իր համար ո՞ր չափորոշիչները վճռորոշ դարձան, պատասխանեց. «Զուտ ստեղծագործականն եմ գնահատել, այսինքն՝ այն փաթեթը, որ ներկայացված է, զուտ առաջարկները։ «Ա1+»-ն իրականում ավելին է, քան փաթեթում է ներկայանում։ Ահավոր առաջարկ է կազմվել՝ ստեղծագործական, մանավանդ ծրագրային քաղաքականությունն ինձ չբավարարեց։ Նա կարող էր լավ ներկայացնել։ Չգիտեմ, երեւի մտածել են, թե բանավոր ավելի լավ կասեն, թե ինչ, բայց առաջարկն է հիմքը 7 տարով լիցենզիա տալու համար»։ Մուշեղ Հովսեփյանը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռուստալրագրության ամբիոնի վարիչն է։ Հետաքրքրվեցինք, թե կարող ենք արձանագրե՞լ ստեղծագործական եւ ծրագրային այն ճաշակի համար, որ փորձում է փոխանցել ապագա լրագրողներին պրն Հովսեփյանը, չափանիշը «Շարմն» է, եւ այն, ինչ նա արել է անցած 10 տարիների ընթացքում, ըստ իր քվեարկության՝ ավելի հոգեհարազատ է իրեն. «Հոգեհարազատ այն իմաստով, որ նրանց առաջարկներն ավելի իրատեսական են։ Իսկ եթե «Ա1+»-ը պատասխաներ մեր առաջարկի հարցերին… Վերջիվերջո, մենք մշակել եք, թե ինչ համակարգի վրա պետք է ներկայացներ։ Այդ համակարգը նա չէր ներկայացրել, պարզապես հարցերին պատասխան չէր տվել։ Կարող էր մի էջ ներկայացնել, բայց այն պահանջները, որ մենք էինք դրել, ճշտությամբ պատասխաներ՝ հայրենակա՛ն արտադրանքը, սեփակա՛ն արտադրանքը, հեռարձակման քաղաքականությունը եւ այլն։ Բայց չէր արել, եւ ես հիմք չունեի»։ Սակայն հեռարձակման իր ողջ քաղաքականությունը «Ա1+»-ը ողջ օրվա ընթացքում եթերում է (էր) ներկայացնում՝ մեր այս դիտարկմանը պրն Հովսեփյանն այսպես արձագանքեց. «Ախր, ես ինչպես կարող եմ 7 տարի վերահսկել «Ա1+»-ին։ Նա կասի՝ ինչ որ գրել եմ, դա եմ կատարում, դրա տերն եմ։ Ես էլ ասում եմ՝ թերի էր դա։ Թող մարդավարի գրեր, ներկայացներ, մենք էլ… օրինակ ես, շատ բարձր կգնահատեի։ Բայց որովհետեւ առաջարկը թույլ է ներկայացված, չի նշված տոկոսային որեւէ հարաբերություն՝ ինչի՞ հիման վրա ես պետք է վերահսկեմ»։ Հանձնաժողովի այս անդամը, շեշտելով՝ «Միայն իմ փոխարեն կարող եմ ասել», պնդեց, թե ճնշումներ չեն եղել. «Ինձ ոչ ոք չի դիմել։ Ուրիշների հետ ի՞նչ գործ ունեմ։ Ամեն մեկը թող իր համար պատասխան տա»։ Նրան հարցրին, թե այն փաստը, որ երկրի հասարակական ու քաղաքական ուժերը կողմ էին «Ա1+»-ին, որեւէ դեր չունեցա՞վ իր քվեարկության համար. «Ես միտինգայնությանը տուրք չեմ տալիս։ Ինձ զուտ մասնագիտական առումով է այս ամենը հետաքրքրում»։ Ի դեպ, Մուշեղ Հովսեփյանը խոստացավ, որ եթե «Ա1+»-ը վիճարկի իրեն արտոնագիր չտրամադրելու որոշումը՝ «Դատական կներկայացնենք, թե ինչպիսի առաջարկ էր ներկայացրել «Ա1+»-ը։ Եվ թող համոզի, որ իսկապես լավ առաջարկ է ներկայացրել՝ մենք էլ անարդար ենք գտնվել»։ Մուշեղ Հովսեփյանը նաեւ հայտնեց, որ այլ կապուղիների համար մրցույթները հայտարարվելու են ամռանը եւ աշնանը. «Ա1+»-ը կարող է հավակնել։ Ազատ հաճախականություններ կարող են լինել»։ Երբ հետաքրքրվեցինք, թե քանի՞ ազատ կապուղի կա, պրն Հովսեփյանը պատասխանեց. «Դեցիմետրային շատ կա։ Բավականին ազատ հաճախականություններ կան»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ