Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՊԵՏՔ Է ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏՐՎԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ»

Ապրիլ 03,2002 00:00

«ՊԵՏՔ Է ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏՐՎԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ» Պարզապես ստիպված եմ մի շատ տխուր զուգահեռ անցկացնել խորհրդարանական հայտարարությունները լուսաբանելուց առաջ։ Բոլորս հիշում ենք, թե ինչպես հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կատարելուց անմիջապես հետո մարդասպանները պահանջում էին, որպեսզի տարիքով մեծ պատգամավորը մոտենա ամբիոնին եւ շարունակի նիստը։ Կարծես երկրում ոչինչ չէր կատարվել։ Ազգային երեսփոխանների երեկվա պահվածքը չափազանց հիշեցնում էր ոճրագործների պահվածքը։ Խորհրդարանում երեկ այնպիսի վիճակ էր, կարծես երկրում ոչինչ չէր կատարվել եւ հասարակությունը չէր զրկվել սիրելի հեռուստակայանից։ «Ա1+»-ի փակման լուրը կարծես պատգամավորներին չէր վերաբերում, եւ նրանք ամբողջ օրը աշխատեցին իրենց սովորական աշխատանքային ռիթմով։ Թվաց՝ հայտարարությունների ժամին աղմուկ կբարձրանա, բայց դա էլ մասամբ եղավ։ Նախ, պատգամավորներից շատերը պարզապես խուսափում էին միջանցքներում կամ դահլիճում երեւալ, չէին ուզում պատասխանել «Ա1+»-ի փակման վերաբերյալ լրագրողների հարցերին, իսկ հայտարարությունների ժամին պարզապես ամենաիսկական ջայլամից ավելի ջայլամային պահվածք դրսեւորեցին։ Հայտարարությունների համար հերթագրված 18 պատգամավորներից 13-ին երեւի թվաց, որ եթե սոցիալական եւ բնապահպանական հարցերի տակ թաքցնեն իրեն «անցավ» գլուխը, ապա «ցանցառ» պոչերը չեն երեւա։ Բայց իզուր ջանքեր էին եւ հասարակությունը վաղուց գիտի, թե ով քանի գլխանի է, կամ՝ ով է անգլուխ։ Այսպիսով, «Ա1+»-ը փակված է, եւ պատգամավորներից միայն չորսը համարձակվեցին հրապարակավ խոսել այդ մասին եւ դատապարտել իշխանությունների այս քայլը։ Առաջինն Արտաշես Գեղամյանն էր, որը իշխանությունների եւ մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչեցվող իր հայտնի մտքերից հետո ասաց. «Անկարող լինելով կասեցնել երկրի տնտեսական անկումը, ժողովրդի ծայրաստիճան աղքատացումն ու արտագաղթը, դրանց արդյունքում օրըստօրե աճող բողոքն ու ցասումը, որոնք իրենց արտահայտությունն են գտնում անկախ մամուլում եւ «Ա1+»-ի եզակի անաչառ հեռուստաէկրանին, իշխող վարչակազմը ջանքեր չի խնայում լռեցնել նրանց ձայնը։ Ասվածի հաստատումն է նախագահի անմիջական նախաձեռնությամբ իրականացվող «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունների կամայական փակումը»։ «ԱՄ»-ն կատարվածը համարեց մարդու իրավունքների եւ Եվրոպական կոնվենցիայի հիմնադրույթների կոպիտ ոտնահարում։ Ա. Գեղամյանը հայտարարեց, որ փորձ է արվում ժողովրդին մղել մասսայական անհնազանդության, հրահրել քաղաքացիական ընդվզումներ. «զգուշացնում ենք, որ նման վտանգավոր զարգացումների ամբողջ պատասխանատվությունը կընկնի նախագահ Ռ. Քոչարյանի եւ իր վարչակազմի վրա»։ ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանը հայտարարեց. «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, այսօր Ռ. Քոչարյանի նշանակած հանձնաժողովը փակեց «Ա1+» հեռուստաընկերությունը։ Երեկ ամբողջ օրը ԱԺ-ում ներկայացված գրեթե բոլոր քաղաքական ուժերը գովեստի խոսքեր էին շռայլում այդ հեռուստաընկերության հասցեին։ Հանձնաժողովը արհամարհեց բոլոր այդ քաղաքական ուժերի կարծիքը։ Ռ. Քոչարյանի նշանակած հանձնաժողովը, պարզվեց, թքած ունի հանրային կարծիքի վրա։ Մենք գտնում ենք, որ այսպես շարունակել չի կարելի, որովհետեւ վտանգվում է խղճի, խոսքի, ԶԼՄ-ների գոյությունը»։ Այնուհետեւ, պրն Զաքարյանը հայտարարեց, որ ՀԺԿ-ն, «Սոցիալիստական Հայաստան» միավորումը, «Հանրապետություն» կուսակցությունը, ՀԿԿ-ն, ՍԻՄ-ը, ԱԺԿ-ն, նաեւ՝ Սահմանադրական փոփոխություն ներկայացնող վեցյակի մյուս կուսակցություններն ուրբաթ օրը ժ. 17-ին բոլորին հրավիրում են Ազատության հրապարակ՝ բողոքի զանգվածային ակցիայի։ Արշակ Սադոյանը կոչ արեց, որ «հարգելի հեռուստադիտողներն ու ռադիոլսողները» տեր կանգնեն իրենց երկրին. «Հնարավոր չէ պատկերացնել լկտիության այն աստիճանը, որով վարվեցին մեր ժողովրդի ամենակարեւոր իրավունքի հետ՝ տեղեկատվություն ստանալու իրավունքի։ Ես նույնիսկ համոզված ասում էի՝ դե լավ, մի քիչ վախեցնում են, բայց դրանով բավարարվելու են»։ «Ա1+»-ի փակումը պարտադրված էր հանրապետության նախագահի կողմից. «այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել»։ Արշակ Սադոյանի եզրակացությունը հետեւյալն է՝ «անկախ հանձնաժողովը պետք է ցրվի, օրենքը պետք է վերանայվի եւ պետք է հակահարված տրվի հանրապետության նախագահին։ Այս երկրում տղամարդիկ կան, եւ ինքը չի որոշելու, թե Հայաստան երկրում ինչն է վայել, ինչը՝ ոչ։ Սա իր երկիրը չի, սա մեր երկիրն է եւ մենք պարտավոր ենք տեր կանգնել մեր երկրին»։ ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունների կողմից վարվում է լրատվական դաշտի սահմանափակման կուրս, որին ՍԻՄ-ը դեմ է. «Տեղեկատվական, լրատվական դաշտի ձեւավորումը մեր ազգի նվաճումներից է։ Ոչ ոք իրավունք չունի սահմանափակումներ մտցնել այդ դաշտում, իսկ այն, որ այդ միտումը կա, ապացուցվել է ոչ միայն «անկախ» հանձնաժողովի որոշմամբ, այլ նաեւ՝ «Մամուլի մասին» նոր խայտառակ օրենքի առաջքաշմամբ, նաեւ՝ միտինգների, ցույցերի, բնակչության հետ հանդիպումների առումով դահլիճներ չտրամադրելու վերաբերյալ տարբեր որոշումներով»։ ՍԻՄ-ը եւս մասնակցելու է ուրբաթ օրը ժ. 17-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք բողոքի ցույցին եւ հետագա բոլոր քայլերին՝ այլ կուսակցությունների հետ համատեղ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել