Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՉԲԱՌԱՑԱՎ

Ապրիլ 02,2002 00:00

ԽԱՉԲԱՌԱՑԱՎ Բելգիացի Անրի Բլեզը խաչբառերի մեծ սիրահար էր։ Մի քանի տարի անընդմեջ դրանցով զբաղվելուց հետո նա պարզեց, որ հաշված րոպեների ընթացքում լուծում է ուզածդ խաչբառը, որից հետո Անրին ձանձրացավ։ Նրան հուշեցին, որ ձանձրույթը փարատելու համար ինքն էլ խաչբառեր կազմի։ Անրին անցավ գործի. նրանից ութ տարի պահանջվեց 25000 վանդականոց խաչբառ կազմելու համար եւ Բլեզը հայտարարեց. – Այժմ թող ուրիշներն այն լուծելու համար գլուխ կոտրեն։ Հայաստանում մարդիկ գլուխ են կոտրում խաչբառեր լուծելու համար։ Օրինակ՝ վերջերս երթուղային տաքսիով երթեւեկում էի, հերթական կանգառում երթուղային տաքսին կանգնեց եւ մի կին բարձրացավ, հազիվ տեղ գտնելով տեղավորվեց, ձեռքի մի քանի ծանր իրերը ոտքերի տակ դնելով՝ հանեց պայուսակից խաչբառը եւ սկսեց լուծել՝ նախապես վարորդին զգուշացնելով իր իջնելու կանգառը։ Երբ արդեն վարորդը նշված տեղում էր (ընդամենը 2 կանգառ անց), կինը իջնելուց առաջ էլ փորձում էր խաչբառի մեկ բառն էլ լրացնել։ Իսկ ամռանը քաղաքում զբոսնելիս շատ կնկատենք, որ միջին տարիքի մի քանի տղամարդ փողոցի մի անկյունում նստած միասին խաչբառ են լուծում։ Բուհերի որոշ ուսանողներ էլ, մի քանի առարկաներ անհետաքրքիր համարելով, դասի ժամանակ խաչբառ են լուծում։ Մոտեցա մոտակա կրպակների թերթավաճառներին՝ պարզվեց, որ խաչբառերը ունեն գնորդների տարանջատում, օրինակ, երիտասարդ սերունդը ավելի շատ նախընտրում է «Ֆիֆի», «Վեներա», «Ծանոթություն» թերթերի խաչբառերը։ «Ֆիֆին» էրոտիկ նկարներով ու էրոտիկ հարցադրումներով խաչբառ է, իսկ «Վեներան» ու «Ծանոթությունը», բացի խաչբառից, իրենց մեջ ընդգրկում են նաեւ տղաների ու աղջիկների հասցեներ ու հեռախոսի համարներ։ Միջին տարիքը նախընտրում է ավելի լուրջ խաչբառեր՝ «Քամի», «Մուշ», «Մուշավան» եւ այս կարգի այլ թերթեր՝ այն պատճառով, որ հարցադրումներն ավելի հետաքրքիր են։ ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Մանկավարժական համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել