Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՆՈՐ ԴԱՍԱՐԱՆ

Ապրիլ 02,2002 00:00

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՆՈՐ ԴԱՍԱՐԱՆ Երեւանի Դավիթաշեն համայնքի թիվ 196 դպրոցը «Արայ» ֆիրմայից նվեր է ստացել՝ 7 համակարգիչ, սեղաններ եւ այլ պարագաներ։ Դավիթաշեն թաղամասի ոչ մի դպրոց մինչ օրս չուներ համակարգչային դասարան։ Թիվ 196-ի երեխաները առաջին երջանիկներն են։ Բարեգործական նախաձեռնության հեղինակ, «Արայ» ընկերության տնօրեն Արա Պետրոսյանը եւս ներկա էր նվիրատվության արարողությանը։ Նա շնորհավորեց դպրոցի երեխաներին եւ հաջողություններ մաղթեց։ Ֆիրման բարի ավանդույթ ունի՝ Երեւանի ծայրամասային դպրոցներում բացել համակարգչային դասարաններ։ Առաջին այդպիսի դասարանը ֆիրման բացել է Մալաթիա-Սեբաստիա համայնքում։ Արա Պետրոսյանը խոստացավ, որ իր գլխավորած ֆիրման հետագայում եւս կաջակցի համակարգչային դասարանի զարգացմանը, տարբեր ծրագրեր եւ օգնություններ կմատուցի։ Պրն Պետրոսյանը խնդրեց, որ դասարանն իրոք արդյունավետ օգտագործվի, որ երեխաները հնարավորություն ունենան աշխատել համակարգիչներով։ Դպրոցի տնօրեն Բ. Զաքարյանը շնորհակալություն հայտնեց նվերի համար եւ խոստացավ, որ դպրոցի աշակերտները կգնահատեն նվերը, որն իրոք նրանց շատ էր հարկավոր։ Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը եւս ողջունեց դասարանի բացումը եւ քաղաքապետարանի, անձամբ քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի անունից շնորհակալագիր հանձնեց բարերար Արա Պետրոսյանին։ Օնիկ Վաթյանն ասաց, որ իր տրամադրությունը հատկապես բարձր է այն պատճառով, որ բարերարը ոչ թե արտերկրից է, այլ՝ Հայաստանից։ Երեւանի 85 դպրոցներում կան համակարգչային դասարաններ, բայց ոչ բոլորն են լիարժեք օգտագործվում։ Օ. Վաթյանը մաղթեց, որ թիվ 196 դպրոցի համակարգչային դասարանը լիարժեք աշխատի։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել