Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունից ընտրություն

Ապրիլ 02,2002 00:00

Ընտրությունից ընտրություն Հայաստանի կույրերի միավորման մշակույթի տան տնօրեն Գագիկ Հարությունյանը, չցանկանալով ԽՍՀՄ-ի գովքն անել, միայն ցավով նկատեց, որ այն ժամանակ չտեսնողների նկատմամբ հատուկ ուշադրություն կար։ Այժմ Կոմիտաս թաղամասում գտնվող ՀԿՄ-ի մշակույթի տունը բոլորի կողմից լքվածի տպավորություն է թողնում։ Երբեմնի տարբեր ինքնագործ խմբեր ունեցող մշակույթի տանն այսօր անդորրը խախտում են շենքի առաջին հարկում վարձակալական հիմունքներով գործող գրասենյակների այցելուները եւ երբեմն-երբեմն անձուկը ցրելու համար հավաքված կույրերը։ Գ. Հարությունյանի հետ ունեցած մեր զրույցը Երեւանում կույրերի համար գործող միակ մշակութային օջախում տիրող հիմնախնդիրների շուրջ էր։ Շենքի տնօրենը չցանկացավ անուններ տալ, պատմեց, որ տանիքի, գրադարանի վերանորոգման հարցով 1 տարի շարունակ դիմել է, խնդրել ԱԺ պատգամավորներից մեկին, սակայն՝ անպատասխան։ Նրա խոսքերով. «Անուններ չեմ նշում, որովհետեւ նա կուսակցության անդամ է եւ կթվա, թե ես դեմ եմ այդ կուսակցությանը։ Բոլոր կուսակցություններն էլ ցավոտ են ընդունում նման բաները։ Իսկ երբ գալիս է ընտրությունների ժամանակը, իրենց մեջ աշխատում են ներգրավել այնպիսի խավերի, որոնք դժգոհ են, որոնց իրենք ինչ-որ խոստումներ կարող են տալ։ Գոնե ոչինչ չխոստանային։ Մեզ հիշում են միայն ընտրությունից ընտրություն։ Բայց, կարծում եմ, հաջորդ ընտրություններին շատերը չեն խաբվի։ Երբեք մուրացիկի, խնդրողի դերում չենք եղել, ուզեցել ենք, որ մեզ էլ դիտեն որպես հավասարի։ Արժանապատվության խնդիրը մենք բոլորից լավ ենք հասկանում, պարզապես մի փոքր ուշադրություն է պետք, այն, ինչն այսօր մեզ պակասում է։ Կույրեր են եղել, որ լքել են Հայաստանը։ Նրանց համար այնտեղ շատ ավելի դժվար է։ Եկեք այս մարդկանց պահենք մեր բարությամբ, հոգատարությամբ, նվիրվածությամբ եւ հուսով ենք, որ կգտնվեն բարի մարդիկ, որ կօգնեն»։ Զրույցի ընթացքում Գ. Հարությունյանը բոլոր չտեսնողների անունից շնորհակալություն հայտնեց «Հայաստանի բարեկամներ», «Մոնթե Մելքոնյան» բարեգործական միությունների անդամներին, որոնք իրենց խնդրանքով այցելել էին Երեւանի կույրերի միավորման մշակույթի տուն, ծանոթացել խնդիրներին ու ցավերին։ Եվ որ ամենակարեւորն էր, ձեռք մեկնել շենքի տանիքի, գրադարանի վերանորոգմանը՝ փրկելով դրանք կործանումից։ Նրա խոսքերով. «Շենքն իր 40 տարիների գոյության շրջանում ոչ մի անգամ չէր վերանորոգվել, դահլիճը, փորձասենյակներն անձրեւաջրերից հեղեղի մեջ էին։ Այժմ տանիքը վերանորոգված է։ Վերանորոգված է նաեւ գրադարանը, որտեղ զետեղված գրքերը հատուկ են եւ տպագրվել են տարիների ընթացքում։ Գրքերն իրենց արժեքով մեզ համար շատ թանկ են։ Մարդիկ կան, որ 2-րդ, 3-րդ անգամ են դրանք ընթերցում։ Այդ գրքերը կորցնել մեզ համար նույնն էր, ինչ երկրորդ անգամ տեսողությունից զրկվել»։ Պրն Հարությունյանն ակամայից կրկին հիշելով խորհրդային տարիները, պատմեց, որ ժամանակին շատ հայտնի մարդիկ էին իրենց այցելում՝ Հ. Սահյան, Վ. Փափազյան, Հր. Ներսիսյան։ «Այսօր, երբ դիմում ենք որեւէ մեկին, պատճառաբանում են ժամանակի սղությունը։ Շատ ենք ցանկանում, որ մեզ էլ այցելեն փոքրիկ թատերախմբեր, երաժիշտներ, երգիչ-երգչուհիներ։ Այսօր չտեսնողներին շատ քիչ բան է հարկավոր այս կյանքից գոհ մնալու համար։ Առանց այդ էլ սոցիալապես անապահով խավ է»,- ասում էր նա։ Նա հիշեց, որ մշակույթի տանը շնորհալի խմբեր են ունեցել։ Գործել են ժողգործիքների, թատերական խմբակներ, որոնք հանդես են եկել Սովետական Միության մի շարք քաղաքներում։ Այսօր, մշակույթի տան ղեկավարի խոսքերով, շենքում որեւէ գործող խումբ չունեն։ Միջոցներ չլինելու պատճառով թատերախմբի ղեկավարին, ռեժիսորին չեն կարողանում վարձատրել։ Ահա այսպիսին է վիճակը կույրերի միակ մշակութային օջախում։ Իսկ մշակույթի տան շենքում դեռ հոգատարությամբ պահպանվում էին պատերազմի տարիներին փակցված պատվոգրերը, դիպլոմներն ու ստենդները՝ վերնագրված «Մեր ինքնագործ խմբերը», «Մեր նվաճումները», «Հանդիպում անվանի մարդկանց հետ»։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել