Լրահոս
Օրվա լրահոսը

Պտույտ մը անարդար վճիռ ու դատավճիռ կայացնելու շուրջ

Ապրիլ 02,2002 00:00

Պտույտ մը անարդար վճիռ ու դատավճիռ կայացնելու շուրջ Քրեական օրենսգրքի 191 հոդվածի համաձայն, ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ որոշում կայացնելը պատժվում է ազատազրկմամբ մինչեւ երեք տարի ժամանակով։ Սակայն այս հոդվածը չի աշխատում, պատկերավոր ասած, մեռելածին հոդված է, քանզի այն կիրառելու մեխանիզմ չի սահմանված։ Այդ է պատճառը, որ անցած 80 տարիների ընթացքում այն գեթ մի անգամ չի կիրառվել, թեպետ, որոշ դատավորներ երբեմն ակնհայտ անարդար դատական ակտ՝ վճիռ, դատավճիռ կամ որոշում կայացնում են։ Մինչ օրս չի սահմանված այն կարգը, թե իրավական որ մարմինը պետք է որոշի դատական ակտի ակնհայտ անարդար լինելը։ Իմ կարծիքով, վճռի ու դատավճռի ակնհայտ անարդար լինելու մասին եզրակացություն պետք է տա վճռաբեկ դատարանի համապատասխան պալատը եւ այն ուղարկի դատարանների նախագահների խորհրդի նախագահին, որն էլ միջնորդագրով կարող է մտնել Արդարադատության խորհուրդ։ Դատավորի կարգավիճակի մասին օրենքի 31-րդ հոդվածի համաձայն, օրենքի կոպիտ խախտում թույլ տալու դեպքում Արդարադատության խորհրդի առաջարկության հիման վրա հանրապետության նախագահը դադարեցնում է այդպիսի դատավորի լիազորությունները։ Ինքնին հասկանալի է, որ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելը նույնպես օրենքի կոպիտ խախտում է։ Օրենքի այս պահանջը գործնականում երբեմն կիրառելու դեպքում բոլորովին ավելորդ կդառնա Քրեական օրենսգրքի 191 հոդվածի անհրաժեշտությունը։ Ուստի այն պետք է ապաքրեականացնել, փոխարենը սահմանել կարգապահական ուղղակի պատասխանատվություն եւ այն երբեմն կիրառել, որն ավելի արդյունավետ, զսպող ու կանխարգելիչ միջոց կլինի, քան հիշյալ 191 հոդվածը։ Ի դեպ, լիազորությունները դադարեցված դատավորին, հենց հաջորդ օրվանից, կարող է փոխարինել նա, ով առնվազն երեք տարի աշխատել է դատավորի օգնական, քանզի նրանք, փաստորեն, կայացված դատավորներ են (մենք չենք կիսում սույն տեսակետը -Ռ.Մ.)։ 1997 թվականին սեփականաշնորհվել է չորս սենյականոց բնակարան՝ վեց անձի համար։ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը այդ բնակարանի մեկ վեցերորդ մասի բաժին ունեցող մեկ անձին հատկացրել է երկու սենյակ։ Մեկ այլ վճռով մնացած երկու սենյակից, նույնպես մեկ վեցերորդ մասի բաժին ունեցողին, հատկացրել է մեկ սենյակ, իսկ երեք մասի բաժին ունեցող Լալա Ավագյանին (իր երկու երեխայի հետ միասին) հատկացրել է մեկ սենյակ։ Ինչպես ասվում է, մեկնաբանություններն ավելորդ են։ Իսկ եթե դատավորը համոզված լիներ, որ նման ակնհայտ անարդար վճիռ կայացնելու համար կենթարկվի թեկուզ միայն կարգապահական տույժի, ապա երբեք իրեն թույլ չէր տա նման վճիռ կայացնելու։ Դատավորի կարգավիճակի եվրոպական հռչակագրի համաձայն, անօրինական որոշմամբ հասցված վնասը հատուցվում է որոշում կայացրած դատավորի կողմից։ Քանի որ Հայաստանը Եվրախորհրդի անդամ է, ուստի մեր իրավական դաշտը պետք է ունիֆիկացնել (միասնացնել) եվրոպականին եւ ռեցեպցիայի (ընդօրինակման) ենթարկել հիշյալ կոնցեպցիան։ Իմ կարծիքով, բազմաթիվ այլ միջոցառումներից, թեկուզեւ միայն այս երկուսի կիրառման արդյունքում, զգալի չափով կնվազի անարդար դատական ակտերի քանակը։ ՇԱԼԻԿՈ ԴԱՐԲԻՆՅԱՆ Փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել