Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամներին՝ ինտեգրման իրավունք

Ապրիլ 02,2002 00:00

Հաշմանդամներին՝ ինտեգրման իրավունք Սկսած 1997թ., «Առավոտը» պարբերաբար անդրադարձել է Վանաձորի հաշմանդամների հիմնախնդիրներին, ներկայացնելով նրանց ոչ միայն սոցիալական խնդիրները, այլեւ՝ հոգեւոր-մշակութային կյանքը: Օրերս Վանաձորի «Լուսաստղ» հասարակական կազմակերպության հրավիրած կլոր սեղանի ընթացքում ի հայտ եկած հիմնահարցերից մեկն էլ այն էր, որ Վանաձորում շուրջ 60 խուլ ու համր երեխաներ ստիպված կլինեն հաճախել մայրաքաղաքի համապատասխան մասնագիտացված գիշերօթիկ դպրոց, քանի որ Վանաձորում խուլ ու համրերի դպրոց կամ մասնագիտացված դասարաններ չկան: Որոշ դեպքերում այդ երեխաների հետ անհատական ուսուցում է տարվում մասնավոր հիմունքներով: Ի դեպ, պարզվում է, Վանաձորում կա խուլ ու համրերի միություն եւ ակումբ: Վանաձորում կա 2500, Լոռու մարզում՝ 5000 հաշմանդամ: Հաշմանդամ երեխաների թիվը Վանաձորում 360 է: Հաշմանդամ երեխաների ինտեգրման առնչությամբ տեղեկացանք, որ շուրջ 3 դպրոցներում սովորում են հաշմանդամ երեխաներ: Նրանք նաեւ մասնակցում են մշակութային միջոցառումներին: Կան հենասայլակի օգնությամբ տեղաշարժվող հաշմանդամներ, որոնք շնորհալի ստեղծագործող-երգիչներ են, ասմունքողներ, երաժիշտ-կատարողներ: Կլոր սեղանին մասնակցող հաշմանդամները գանգատվեցին ոչ թե սոցիալական պայմաններից, այլ՝ իրենց նկատմամբ հասարակության «ավանդական» վերաբերմունքից: Միջոցառման խորագիրն էլ հենց դա էր ակնարկում. «Հաշմանդամների նկատմամբ հասարակական կարծիքի բարելավում», ինչը հուշում է, թե հասարակության ներսում հաշմանդամների նկատմամբ վերաբերմունքը դեռ այն չէ, ինչ՝ արտերկրում: Թերեւս այդ նպատակով՝ միջոցառմանը ներկա գտնվող ԶԼՄ-ներին բաժանվեց «Հաշմանդամների անկախության դեկլարացիան» /գրված հաշմանդամների իրավունքների պաշտպանության շարժման ամերիկացի ակտիվիստ Նորման Կյուկի կողմից/, որտեղ, ի թիվս այլ դրույթների, նաեւ ասվում է. «Մի նայեք ինձ որպես հիվանդի, քանզի ես ուղղակի ձեր հայրենակիցն եմ», «Աջակցեք ինձ, որպեսզի ես իմ ուժերի չափով իմ աջակցությունն ունենամ հասարակության մեջ», «Խոստովանեք, որ իրական պրոբլեմը, որին բախվում են հաշմանդամները, հանդիսանում է սոցիալական արժեզրկումը, ճնշումը եւ կանխակալ վերաբերմունք նրանց նկատմամբ»: Այն հարցին, թե հաշմանդամների հարցերով զբաղվող այս կազմակերպությանը հաջողվե՞լ է պարզել, թե Վանաձորում վերջին 10-12 տարիներին քանի հաշմանդամ երեխա է ծնվել, «Լուսաստղ» կազմակերպության նախագահը տեղեկացրեց, որ իրենք փորձել են նման տվյալներ ստանալ, սակայն չի հաջողվել: Ավելացնենք, որ Վանաձորում հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող այլ, ավելի վաղ ստեղծված կազմակերպություններ էլ կան: Թերեւս, այդ բոլոր կազմակերպությունները միասին կարող էին թերթ հիմնել եւ սեփական ուժերով լուսաբանել իրենց առօրյան՝ ինչի մասին առաջարկեց լրագրողներից մեկը: «Չէ՞ որ ոչ ոք նրանց խնդիրներն ավելի լավ չի կարող ներկայացնել, քան իրենք»,- նկատեց մեկ ուրիշը: Ի դեպ, կլոր սեղանի օրակարգի համաձայն, հաշմանդամներից մեկը ներկայացրեց իրենց իսկ խնդիրները՝ համապատասխան զեկուցմամբ. «Հոգեբանական դժվարությունները ինտեգրացիայի գործում»: Ընդհանրապես, միջոցառման ընթացքում կազմակերպության անդամները այնքան էլ հակված չէին ինտեգրացումից բացի՝ հաշմանդամների հետ առնչվող այլ հիմնախնդիրների մասին խոսելու, եթե լրագրողներն իրենք չէին «քչփորում»: Մի լրագրող էլ «սոցպարտավորության» կարգով առաջարկեց, որ ամեն մի լրագրող առնվազն 5 հաշմանդամի աշխատանքի տեղավորի /Առաջարկը, սակայն, լայն արձագանք չգտավ: Եթե լրագրողները նման հնարավորություններ ունենային, Հայաստանում, հավանաբար, ոչ մի գործազուրկ չէր լինի/: Միգուցե այդ առաջարկը ուղղվեր նախ եւ առաջ սոցիալական ապահովության մարմիններին: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել