Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՏՈՒԺԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԷԺԱՆ Է

Ապրիլ 02,2002 00:00

ԱՇԽԱՏՈՒԺԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԷԺԱՆ Է Հայաստանի էժան եւ, թվում է, անսպառ աշխատուժի պայմաններում գործատուներն իրենց թույլ են տալիս շահագործել մարդկանց, ընդհուպ մինչեւ ստորացնել։ Մարդկանց ամենածանր աշխատանքի են ընդունում ծիծաղելի աշխատավարձով, աշխատողներին չեն ձեւակերպում, նույնն է, թե նպաստում են թաքնված զբաղվածությանը, իսկ որ ամենավատն է, երկար աշխատեցնելուց հետո չեն վարձատրում։ Նման օրինակներն ամեն քայլափոխի են։ Գործազրկության այս ծավալների պարագայում իր իրավունքները պաշտպանելու աշխատողի ցանկացած փորձ ամենաքիչն արժանանում է «չես ուզում՝ մի աշխատիր» արձագանքին։ Իսկ պետական, այդ թվում եւ իրավապահ մարմիններին նրանք չեն դիմում, խուսափելով գործատուի հետ վերջնականապես հարաբերությունները փչացնելուց, որի դեպքում կարծում են, որ հարուստ գործատուները դատարաններին կկաշառեն եւ իրենք այլեւս չեն կարողանա վարձատրվել իրենց կատարած աշխատանքի դիմաց։ «Առավոտի» տվյալներով, աշխատուժ շահագործելը աշխատանքի տեղավորման կենտրոններից շատերն արհեստ են դարձրել եւ փող են աշխատում հենց երիտասարդ կադրերին շահագործելով։ Դատելով աշխատանքի ոչ ակտիվ շուկայից, նման կենտրոն-գործակալությունների թիվը պետք է քիչ լինի։ Մինչդեռ հակառակն է։ «Առավոտի» տեղեկություններով, այս գործակալություններից շատերը պայմանավորվածություն ունեն մի շարք ռեստորանների, կազինոների, սաունաների եւ այլ բարձր աշխատավարձ վճարող հիմնարկների հետ եւ պարբերաբար երիտասարդ մասնագետներով են ապահովում դրանց։ Այս պարբերաբարը կարող է տարօրինակ թվալ, բայց «պայմանավորվածությունը» հենց դրանով էլ պայմանավորված է։ Այսինքն, այս գործակալությունների առաջարկած հիմնականում երիտասարդ կադրերին 2-3 ամիս աշխատեցնելուց հետո հաստ վզով գործատուները արդեն վարպետացած մասնագետին հայտնում են, որ նա չանցավ փորձաշրջանը։ Դժվար է հավատալ, որ գործատուին դա հասկանալու համար 2-3 ամիս է պահանջվել։ Մի քիչ խիղճ ունենալու դեպքում կարող են մի քանի հազար դրամ տալ արդեն նախկին աշխատողին։ Իսկ գործակալություններին, մեր տվյալներով, 20-30 դոլար են տալիս։ 20-30 դոլարը ձեռնտու է աշխատանքի տեղավորման գործակալություններին, քանի որ քանակի դեպքում «թիվ» է կազմում։ Իսկ ռեստորանատերը չնչին ծախսերով է կազմակերպում իր աշխատանքը։ Խնդիրն այն է, որ սա օրենքի ակնհայտ խախտում չէ, բայց առանձին գնահատականներով, ըստ մասնագետների, կարող է խոսք գնալ օրինականացված կոռուպցիայի մասին։ Իր հետ կատարված դեպքն էլ «Առավոտին» պատմեց «Ալյումին» ՍՊԸ-ի նախկին պահակ Կամո Կարապետյանը։ Պահակության համար ամիսը 6000 դրամ պիտի վարձատրեն այս ընկերությունում, այն էլ չեն տալիս։ Աշխատավարձը երկար ժամանակ պահանջելուց եւ չստանալուց հետո Կ. Կարապետյանը տեղեկանք է վերցրել, որում, ըստ վերջինիս, խեղաթյուրված են աշխատավարձի չափի, աշխատանքի ժամանակահատվածի վերաբերյալ տվյալները։ Պարոն Կարապետյանի հավաստմամբ, ինքը չի վարձատրվել 1999թ. սեպտեմբեր- 2000թ. մայիս ամիսների համար։ (Այսպիսով, պարտք են 8 ամսվա աշխատավարձ)։ Այնինչ, տեղեկանքում նշված են 1999թ. հունվար-մայիս ամիսները։ Պարտքը, փաստորեն, 48000 դրամ է կազմում, ոչ թե 40400 դրամ։ Իհարկե, ոմանք կարող են ասել 8000 դրամի կռիվ է տալիս։ Ինչո՞ւ չպիտի տա։ Խեղճ մարդն այնքան անհույս է, որ համաձայն է «գոնե 40000» դրամին։ Բայց ինչո՞ւ պիտի մարդուն այն վիճակի հասցնեն, որ իր աշխատավարձի մի մասից հրաժարվի։ «Ալյումին» ՍՊԸ-ի հեռախոսներն այդպես էլ չպատասխանեցին։ Թվում է, նման պայմաններում, երբ աշխատողն ինքը չի կարող, պետական մարմինները պետք է պաշտպանեն իրենց քաղաքացիների իրավունքները։ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ֆինանսաբյուջետային վարչության պետ Ռոբերտ Նադիրյանի պարզաբանմամբ, աշխատավարձի չվճարումը, ուշացնելը օրենքի խախտում է։ Սակայն հիմնադրամն, ըստ նրա, ոչինչ չի կարող անել, «մեր լծակները գործում են (այսինքն, ապառքն առաջանում է) այն ժամանակ, երբ աշխատավարձը հաշվարկվում է եւ վճարվում։ Քանի դեռ չի վճարվել, մենք իրավասություններ չունենք»։ Բայց, նրա մեկնաբանությամբ, աշխատողը կարող է դատի տալ ընկերությանը եւ այս դեպքում ցանկացած հայց ենթակա է բավարարման։ Մոտավորապես նույն մեկնաբանությունը տվեց ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գեւորգ Դանիելյանը, նշելով. նման ցանկացած փաստ, հայտարարություն, դիմում ուսումնասիրում ենք եւ հիմնականում գործ հարուցում Քրօրի 1624 հոդվածով։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ Հ.Գ. Խնդրում ենք այս փաստն էլ որպես ուսումնասիրության հիմք ընդունել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել