Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տականքի մեկն ես»

Ապրիլ 02,2002 00:00

«Տականքի մեկն ես» Թեեւ հայտնի են փաստերը, թե ինչպես է նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի առանձին անդամների «հորդորել» քվեարկել «Շարմի» օգտին՝ տվյալ անձինք երբեք այդ մասին չեն հայտարարի հրապարակավ։ Կլռեն նաեւ այլք, ում ճիշտ նման «խնդրանքով» դիմել են այլ ազդեցիկ պաշտոնյաներ։ Անկախ հանձնաժողովը չի ընդվզում, երբ որպես յուրօրինակ ճնշում՝ քանի օր է «Արմենիայի» եւ «Պրոմեթեւսի» եթերում (նախապես հայտարարված ծրագիրը խախտելով) «Շարմի» շոուներն են պտտեցվում (թերեւս ապացուցելու համար, թե քանի որ «Շարմի» տնօրեն Ռուբեն Ջաղինյանը լավ էր նմանակում Քրիստինա Օրբակայտեին, ուրեմն նաեւ լավ հեռուստաընկերություն կստեղծի)։ Փոխարենը հանձնաժողովի մարտի 28-ի նիստում բողոքի ձայներ հնչեցին, թե «Ա1+»-ը փորձում է ճնշել իրենց (մինչդեռ այս հեռուստաընկերությունը ապարդյուն փորձեր է անում քարոզչական միջոցներով գոնե ինչ-որ կերպ հակակշռելու «Ա1+»-ը փակելու քաղաքական այն որոշմանը, որն, ըստ իշխանական կառույցներին մոտ կանգնածների, դեռ 6 ամիս առաջ էր կայացվել)։ «Ա1+»-ից բողոքեց հանձնաժողովի անդամ Մուշեղ Հովսեփյանը, թե Արամ Աբրահամյանն իրենց վարկաբեկում է, անվանում ծախու եւ Քոչարյանի կողմից նշանակված (մի՞թե վարկաբեկիչ է նախագահի կողմից նշանակված լինելը, որն, ի դեպ, փաստ է)։ Նաեւ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը իր վրդովմունքը հայտնեց, թե մեկը պառլամենտից մարդ է բերում, մյուսը՝ զանգում, երրորդն՝ իր մեքենան է կանգնեցնում։ Նիստից հետո փորձեցինք որոշակիացնել, թե ովքե՞ր են կիրառել այդ բազմատեսակ միջամտությունները։ «Երկու ձեւի ճնշում կա,- պատասխանեց պրն Խաչատրյանը։- Մեկը, երբ ուզում են, ասենք, որոշակի միջամտել՝ ով ուզում է լինի։ Երկրորդ ճնշման ձեւը՝ երբ դեռ չկեղտոտված մարդուն էն գլխից վախեցնում են, թե՝ գիտե՞ս ինչ կա, եթե չարեցիր սա՝ ուրեմն դու տականքի մեկն ես։ Արդեն միտք է առաջանում՝ դու ի՞նչ իրավունք ունես՝ տականք համարես մեզ։ Երկրորդը վախեցնելու ձեւ է. ընտրեցիր, կասեն՝ մեզնից վախեցավ՝ ընտրեց։ Չընտրեցիր, կասեն՝ ուրեմն, մենք ճիշտ էինք։ Երկու ձեւն էլ շատ տգեղ է։ Կարծում եմ, ճիշտ չեն վարվում»։ Հարություն Խաչատրյանը խոստացավ, որ ապրիլի 2-ին առավել որոշակի է հայտնելու նման դեպքերի մասին։ Թույլ տանք մեզ նկատել, որ քարոզչական ճնշումների դեմ բողոքներն ընդամենը պատրվակ են՝ փորձելու արդարացնել այսօր կայանալիք քվեարկությունը, որ հանձնաժողովի անդամների մեծամասնությունը կատարելու է ոչ հեռուստաէկրանից, այլ առանձնասենյակներից հնչած թելադրանքով։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել