Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՛-ա՛-ցո՛ւմ

Ապրիլ 02,2002 00:00

Մի՛-ա՛-ցո՛ւմ Հին կարգախոսը՝ նոր բովանդակությամբ «Վերջին տարիների անցումային փուլում միեւնույն գաղափարախոսությամբ նոր քաղաքական միավորումներ ձեւավորելու ընթացքը թելադրված էր գաղափարների եւ կազմակերպչական հնարավորությունների նորացման, հասարակության հետ երկխոսության նոր հարթակների ստեղծման անհրաժեշտությամբ։ Սահմանադրական կարգը վերականգնելու եւ պետական շինարարության բնականոն զարգացումն ապահովելու այսօրվա հրամայականն է դարձել Հայոց Համազգային Շարժման ազատական ժողովրդավարական գաղափարներ դավանող բոլոր ուժերի միավորումը»,- հռչակեց «21-րդ դար» կուսակցությունն իր արտահերթ 3-րդ եւ վերջին համագումարում, որտեղ ազդարարվեց, թե ստեղծվում է լուծարային հանձնաժողով, եւ համագումարը կոչ արեց իր բոլոր անդամներին՝ անդամակցել ՀՀՇ-ին։ «Առավոտի» հարցին, թե այս քայլի հետեւանքով քանի՞սը կանդամագրվեն ՀՀՇ-ին, «21-րդ դար» կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Մեր կուսակցությունը, եթե չեմ սխալվում, 350-400 անդամ ունի։ Ես համոզված եմ, որ ճնշող մեծամասնությունը կանդամագրվի։ Համոզված եմ նաեւ, որ կլինեն մարդիկ, որոնք չեն անդամագրվի։ Կլինեն առա՛յժմ չանդամագրվողներ։ Լիբերալ կուսակցություն է, բանակ չէ (ինչպես իշխանության ձեւավորած այլ կուսակցությունները), որպեսզի մեկ հրահանգով ամեն ինչ կատարվի»։ Դավիթ Շահնազարյանը նաեւ հայտնեց, որ ՀՀՇ-ին անդամակցելու է իբրեւ շարքային անդամ եւ ընդհանրապես՝ որեւէ նախնական պայմանավորվածություն չի եղել. «Մեր այս որոշումն ամենամեծ անակնկալն էր առաջին հերթին ՀՀՇ ղեկավարության եւ անձամբ պրն Արզումանյանի համար»։ Այս միավորման առնչությամբ արդեն իսկ հակասական մեկնաբանություններ են հնչել՝ սկսած նրանից, թե քաղաքական փոշիացած դաշտի պայմաններում ողջունելի մի նախաձեռնություն է սա, ավարտված նրանով՝ թե ՀՀՇ-ական կազմակերպությունների «հովհարը» հավաքվում, փակվում է, որ փորձեն միասնական ուժերով ռեւանշ իրականացնել եւ վերատիրանալ իշխանությանը։ «Ինչո՞ւմ են մեզ մեղադրում, ռեւանշիզմո՞ւմ։ Այո՛, մենք ռեւանշիստներ ենք, պետք չէ դրանից հրաժարվել։ Ժողովրդավարությունը պետք է նորից ռեւանշ վերցնի Հայաստանում նացիոնալ-սոցիալիզմի նկատմամբ,- իր ելույթում ասաց «21-րդ դարի» նախագահ Դավիթ Շահնազարյանը։- Ինչո՞ւ են այդքան խոսում նախկինների մասին, կազմակերպում լայնածավալ «վարկաբեկման պրոպագանդա»։ Որովհետեւ վախենո՛ւմ են, շատ պարզ է, որովհետեւ գիտեն, որ, այսպես կոչված, նախկինները միայն նախկիններ չեն։ Դա մոտ ապագան է, եւ նրանք դա ավելի լավ են հասկանում, քան մենք»։ Ի դեպ, համագումարի ավարտից հետո ՀՀՇ գրասենյակ եկավ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Սակայն նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին եւ հնարավոր չեղավ ճշտել, թե հավանակա՞ն է արդյոք, որ ինքը գլխավորի ազատական տարբեր կազմակերպություններով համալրված ՀՀՇ-ն։ Լեւոն Տեր-Պետրոսյանը միայն հաստատեց, թե հնարավոր է՝ վերադառնա քաղաքականություն։ «Հավատացնում եմ Ձեզ, որ հեշտ չէր այս որոշումն ընդունելը։ Կային մարդիկ, ովքեր իրենց դժգոհությունը հայտնեցին։ Նույնիսկ 1-2 պատվիրակներ չմասնակցեցին այս համագումարին»,- մեզ ասաց պրն Շահնազարյանը։ Սակայն «21-րդ դար» կուսակցության այն անդամները, ովքեր ելույթ ունեցան իրենց այս վերջին համագումարում, ողջունում էին ՀՀՇ-ին միանալու քայլը։ Ուշագրավ է նաեւ, թե համագումարին ներկա այլ աջ ազատական կուսակցություններն ինչպես էին վերաբերվում մեկ տանիքի ներքո միավորվելու գաղափարին։ ԼԴԿ նախագահ Վիգեն Խաչատրյանը նշեց, թե «21-րդ դարի» գտած այս ձեւն ամենաճիշտն է. «Ուզում եմ շատ պաշտոնական հայտարարություն անել, որ նույն կարծիքին ենք, եւ այս միավորումն այլընտրանք չունի»։ Կարելի է ենթադրել, որ հաջորդը կլինի ԼԴԿ-ն։ Հնարավոր է, որ «Ժողովրդավարական հայրենիքն» էլ վերադառնա ՀՀՇ-ի շարքերը։ Իսկ «Նոր ուղի» կուսակցության նախագահ Աշոտ Բլեյանը համագումարում հայտնեց. «Համենայն դեպս, մենք չենք խանգարի եւ կնպաստենք մեր գործունեությամբ, որ ունենանք ավելի մարտունակ եւ նախաձեռնող ՀՀՇ»։ Եվ միայն «Ազատություն» կուսակցության ներկայացուցիչ Արտաշես Առաքելյանն էր, որ իր ողջույնի խոսքից հետո նետեց Դավիթ Շահնազարյանին. «Տեսեք՝ չփոշմանեք»։ «Երբե՛ք»,- պատասխանեց վերջինս։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել