Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱԲԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԸ ՎԱՃԱՌԵԼ Է ԿՈՄԻՏԱՍԻ ԼՈՂԱՎԱԶԱՆԸ

Մարտ 30,2002 00:00

Խմբագրությունում ահազանգ ստացվեց, որ Արաբկիր համայնքի ջրային մարզաձեւերի մարզադպրոցը վերջերս համայնքապետարանի ամենաակտիվ մասնակցությամբ լուծարվել է ու վաճառվել ինչ-որ ընկերության։ Եվ քանի որ դա հանրապետությունում 50 մետրանոց միակ ծածկած լողավազանն է, երեկ շտապեցինք ինֆորմացիայի իսկությունը ճշտել համայնքի ղեկավար Ֆելիքս Յայլոյանից։

Խորհրդային հրաշալի տարիները կարոտով հիշելուց եւ այժմյան լրատվամիջոցների աշխատանքը կազմակերպելու իր պատկերացումների մասին կարճ «դասընթաց» վարելուց հետո, պրն Յայլոյանն ասաց. «Դա ռեալ իրականություն է։ Համայնքապետ ընտրվելու առաջին իսկ օրվանից այդ լողավազանն իմ ուշադրության կենտրոնում է եղել։ Ցավոք, շենքը հնարավոր չէր շահագործել՝ համայնքապետարանը համապատասխան բյուջե չունի այն հիմնովին վերակառուցելու կամ նորոգելու։ Մենք էլ շատ ցանկացանք գտնել մի կազմակերպություն, որը կհամաձայնի տիրություն անել լողավազանին, մեծ ներդրումներ կատարել այն վերստին շահագործելու համար, եւ վերջապես գտանք»։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե համայնքապետը եւ ավագանին, որ համաձայնություն է տվել այդ գործարքը կատարելուն, լավ ու բարի գործ է արել։ Իհարկե, թե իրո՞ք ապագան լավ կլինի, կերեւա հետագայում։ Սակայն մենք ունենք մի շարք հարցեր, որոնց պատասխանները, կարծում ենք, կհետաքրքրեին նաեւ շատ-շատերին։ Նախ, Ֆ. Յայլոյանը տեղեկացրեց, որ լողավազանի գնորդը «Արաբկիր լողավազան ՍՊԸ»-ն է, որը մինչ այդ վարձակալում էր մարզադպրոցի ողջ գույքը։ Համայնքապետը լողավազանը օտարելու մասին իրենց որոշումը հիմնավորում է այսպես. «ՍՊԸ-ն վարձակալական հիմունքներով չէր կարողանում այն աշխատեցնել, դրա համար էլ դիմել է կառույցը իրեն վաճառելու խնդրանքով»։ Գուցե ավելի ճիշտ է այն, որ կազմակերպությունը պարզապես չի՞ ցանկացել վարձակալողի կարգավիճակով շահագործել հսկայական կառույցը, որպեսզի հետո դառնա դրա սեփականատերը։

Ըստ համայնքապետի, կնքվել է երկկողմ պայմանագիր։ Ընթերցված կետերը մեզ հետաքրքրեցին այնքանով, որ ապագա սեփականատերը ստանձնում է այնպիսի պարտավորություններ, որոնք պարտադիր էին նրա՝ դեռեւս վարձակալողի կարգավիճակում։ Այսինքն. պայմանները գրեթե ամբողջովին մնում են նույնը, փոխվում է միայն սեփականության ձեւը։

– Իսկ որքանո՞վ է վաճառվել այդ հսկայական շենքը։

– Մենք հրավիրել ենք անշարժ գույքի գնահատման մեր տարածքային կազմակերպությանը, որը կառույցը գնահատել է 11 մլն 600 հազար դրամ։ Իրոք որ, հետաքրքիր ու շահավետ գործարք է։ Համեմատության համար ասենք, որ այդ գինը գրեթե երկուսուկես անգամ քիչ է այն գումարից, որ համայնքը տարեկան հատկացնում էր ՄԴ-ին աշխատավարձի, ջրի, էլեկտրաէներգիայի ու նմանատիպ այլ ծախսերի համար։ Եվ մի բան էլ. կողմերը պայմանավորվել են, որ «Արաբկիր լողավազան ՍՊԸ»-ն այդ գումարը վճարի 3 կամ 6 ամսվա ընթացքում (համայնքապետը դա լավ չէր հիշում

Հետաքրքիր է, եթե գնորդը չի կարողանում միանվագ վճարել այդ գումարը, ապա ինչպե՞ս է 100-150 մլն, գուցեեւ՝ ավելի դրամ ներդրում կատարելու շենքը պահանջվող չափորոշիչներով նորոգելու, գույք-սարքավորումները նորացնելու ու մեկ տարում շենքը դարձյալ որպես ջրային մարզաձեւերի դպրոց շահագործելու, որում ոչ մի կասկած չունի համայնքի ղեկավարը։

Հետաքրքրվեցինք, թե մինչեւ մարզադպրոցը վաճառելու մտքին հասնելը դիմե՞լ են, ասենք, Երեւանի ներկայիս քաղաքապետին՝ միասին ելք գտնելու նպատակով։ «Ոչ»,- եղավ պատասխանը։

Պարզվեց նաեւ, որ համայնքի ղեկավարների մտքով չի անցել ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությանը, ՀԱՕԿ-ին դիմելու նպատակահարմարության մասին։ Գուցե մարզական այս կազմակերպությունները ինչ-ինչ առաջարկություններ կանեին (վերջին հաշվով սա մարզական նշանակության եզակի կառույց է), կհամաձայնեին շենքը փլուզումից փրկելու եւ իր գլխավոր նպատակին վերստին ծառայեցնելու համար լողավազանը տեղափոխել իրենց հաշվեկշիռ…

Եվ, վերջապես, ամենաընդունված տարբերակներից մեկն էլ օտարման ենթակա կառույցը վաճառելու մրցույթ հայտարարելն է, որը նույնպես ավելորդ է համարվել։ Այլ կերպ ասած, լողավազանի ճակատագիրը տնօրինելու առնվազն երեք տարբերակ կար, որոնցից Արաբկիրի համայնքապետարանը նախընտրել է ամենավերջինն ու ամենաանցանկալին։

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Ակնկալում ենք կատարվածի մասին լսել նաեւ «Արաբկիր լողավազան ՍՊԸ-ի» մեկնաբանությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031