Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստոս հարյավ ի մեռելոց

Մարտ 30,2002 00:00

Քրիստոս հարյավ ի մեռելոց Մարտի 31-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է տաղավար տոներից մեկը՝ Հիսուս Քրիստոսի հարության տոնը կամ Զատիկը։ Զատիկ բառի համար հայաբան Մալխասյանը տալիս է հետեւյալ բացատրությունը. «Զատիկը հրեական տոն է՝ հիշատակ նրանց՝ եգիպտացոց ծառայությունից դուրս գալուն եւ Կարմիր ծովն անցնելուն. պասեք (անցարան)։ Զատիկ։ Գառը, որ մորթում են զատկին, նմանությամբ այն գառներին, որ հրեաները Եգիպտոսից դուրս գալու գիշերը մորթեցին ու կերան, զատկական գառը։ Զատիկ=քրիստոնեական տոն, ի հիշատակ Քրիստոսի հարության, որը ըստ Ավետարանի ավանդության, տեղի ունեցավ հրեական զատկին եւ փոխարինեց այդ հին զատիկը։ Զատիկ=ընդհանրապես տոն, ուրախություն»։ Հետաքրքիր է, որ ժողովուրդը մինչեւ իսկ Ս. Ծննդյան տոնը երբեմն կոչում է Զատիկ, գործածելով Մեծ զատիկ, Փոքր զատիկ բացատրությունը։ Հիշատակենք մեկ այլ փաստ. ճիշտ Զատիկի շրջանում երեւացող միջատը կոչում են զատկի ճիճու, բոլոջ կամ Մարիամ բոլոջ. գարնան եղանակին, Զատկից առաջ, կարմրաթեւ փոքր միջատը՝ կարմիր սեւ բծերով, երբ հայտնվում է, ժողովուրդը մինչեւ այսօր նրան կոչում է Զատկի միջատ, միակն է, որ կոչվում է տոնական անունով։ Զատիկի ժողովրդական սովորություններից կարելի է հիշատակել միայն ձու ներկելը եւ ձվախաղը։ Ավանդության համաձայն, Մարիամ Մագթաղենացին մեկնում է Հռոմ՝ Ավետարանը քարոզելու համար, ներկայանում է Տիբերիոս կայսրին եւ նրան նվիրում է կարմիր ձու, ասելով՝ Քրիստոս հարյավ ի մեռելոց, եւ ապա սկսում է Ավետարանի քարոզը։ Բոլոր կրոնների մեջ ձուն կարեւոր տեղ է գրավում. մինչեւ իսկ հին հռոմեացիները եւ հույները ձու էին նվիրում իրենց աստվածներին՝ սրբվելու եւ մաքրվելու համար։ «Կաթոլիկ համայնագիտարանը» ձու բառի դիմաց տալիս է հետեւյալ բացատրությունը. «Հին ժամանակներում ձուն գարնան եւ պտղաբերության խորհրդանիշն էր. գարնան սկզբին մարդիկ միմյանց ձու էին նվիրում։ Միջին դարերում պասի ժամանակ, երբ ձու ուտելն արգելված էր, հավատացյալները ձու ուտելու եւ նվիրելու սովորությունը վերապահեցին կիրակի օրվան։ Զատկական ձուն խորհրդանիշն էր այն ժայռե գերեզմանի, որտեղից Քրիստոսը հարություն առավ»։ Կրոնների մեջ ձուն համարվում էր հարության խորհրդանիշ, քանի որ իր մեջ պարունակում էր կյանքի նոր սերմը, այլ ձեւով՝ երկու ծնունդ էր ունենում։ Ձուն ներկում էին կարմիր, որպես ուրախության նշան, կարմիրը խորհրդանշում էր նաեւ զոհի արյունը։ Գրիգոր Տաթեւացին ձուն կարմիր ներկելու մասին տալիս է հետեւյալ տեղեկությունները. «Զատկի առաջին կիրակիի Շաբաթ օրը կարմիր ձու ենք ներկում, եւ նրա խորհուրդն այն է, որ միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակն է ամբողջ աշխարհի եւ, ինչպես իմաստուններն են ասում՝ դրսի կեղեւը նմանվում է երկնքին, սպիտակուցը՝ ջրի եւ դեղինն էլ՝ երկիրն է։ Իսկ կարմիրը նշանակում է, թե աշխարհը գնվեց Քրիստոսի արյունով, եւ մենք, կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով՝ հռչակում ենք մեր փրկությունը։ Սրա համար է, որ նախ կարմիր ձուն ենք ուտում, հետո՝ ուրիշ կերակուրներ»։ Վերոհիշյալ սովորույթների մի մասը պահպանվել եւ հասել է մեզ։ Զատիկը շարժական տոն է, տոնակատարվում է գարնան գիշերահավասարին հաջորդող առաջին կիրակի օրը, այսինքն մարտի 21-ից ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում։ Պատրաստեց Հ. Ք.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել