Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԶԱՏԻԿՆ ԱՍԵԼ Ա…»

Մարտ 30,2002 00:00

«ԶԱՏԻԿՆ ԱՍԵԼ Ա…» Զատկապատում հին զրույցներից մեկում ասված է. «Զատիկն ասել ա՝ հենց գամ, արմանաս, հենց գնամ, զարմանաս»։ Հիրավի այդպես էլ լինում է։ Եվ դա հատկապես վերաբերում է երեխաներին։ Իսկ, ա՜յ «մեծերիս» վերաբերյալ Զատիկը իրավացիորեն մեկ այլ բան կասեր՝ «Հենց սովածանան՝ Զատկի փլավը միտը կբերեն», մնացած ժամանակներում ամեն ինչ անելով ապացուցելու, որ Զատիկը Զատիկ չէ։ Դրա վկայությունը չէ՞ այն, որ Զատկի հետ կապված անտարբերության շիլաշփոթ ենք սարքել, մերթ այն նույնացնելով եբրայական Պասեխի, մերթ Հիսուսի Հարության տոնի, մերթ Օսիրիուս-Իսիդիոսի մեռնում-հառնումի, մերթ էլ չգիտես՝ էլ ինչերի հետ։ Հայ ինքնամերժ ու ինքնահալած մտավորականի այս տեսակի ելակետը պարզ է. մենք «փոքր ածու» ենք, ինչպես կարող ենք մեր տոնն ունենալ։ Հայոց Զատկի հետ կապված այս վերաբերմունքը ինչ-որ տեղ հաղթահարելու համար ներկայացնեմ նրա «մրցակից» եբրայական Պասեխի ու քրիստոնեական Հիսուսի Հարության տոների իմաստները։ Աստվածաշնչի «Ելից» գրքի 7բ գլխում Եհովան Մովսեսի միջոցով իր ժողովրդին հետեւյալ հրաման-պատգամն է տալիս. «Յուրաքանչյուր տուն մի անարատ եւ ամլիկ գառ առնի, մորթի, արյունից տան «երկու կողմի դրանդիներին եւ վերի սեմին քսի», ապա միսը ողջակեզ անելով «նորա գլուխը ոտքերով եւ փորոտիքով մեկտեղ ուտե, բայց ուտի գիշերով՝ ոչ ցերեկով, ուտի ոչ թե հանգիստ, այլ շտապելով»։ Այդ ողջակեզը, ասում է Եհովան, խորհրդանշում է իր «զատիկը» (եբրայերեն՝ փեսախը, այսինքն՝ «անց կենալը» Աստվածաշնչի հայ թարգմանիչը թարգմանել է «զատիկ», որը ճիշտ չէ, ճիշտը «անց կենալն» է, որի մասին ընթերցողը իմանում է տողատակից միայն)։ Եհովայի «անց կենալուց» հետո Եգիպտոսը արյան բաղնիքի է վերածվում՝ «տուն չկար նորա մեջ, որ մեռել չլիներ»։ Եբրայական «զատիկը», բացի Եհովայի՝ Եգիպտոսի վրայով «անց կենալու» իմաստից, մեկ այլ՝ Աբրամի տան Եգիպտոսից կողոպուտով դուրս գալու իմաստն էլ ունի։ Իր արյունռուշտությունը դրսեւորելուց հետո Եհովան իր ժողովրդին պատվիրում է եգիպտացիներից «արծաթեղեն զարդեր եւ ոսկեղեն զարդեր եւ հանդերձներ ուզել», խաբելով, թե կվերադարձնեն։ Միամիտ ու բարի եգիպտացիք «նորանց ուզածը տուին եւ նորանք կողոպտեցին եգիպտացիներին», նրանց երկրից «չվելով» մեկ այլ երկիր։ Ահա սա է եբրայական «զատիկը»։ Հայը գիտակցո՞ւմ է, թե ի՞նչ մեղք է իր վրա վերցնում իր Զատիկը նույնացնելով այդ «զատիկի» հետ։ Բնականաբար, Հիսուսն էլ, որ եկել էր ոչ թե «ջնջելու» եհովական օրենքները, այլ «լրացնելու» դրանք, Փեսախը հին եբրայական իմաստով էր տոնում։ Նրանից հետո նրա հետնորդները որոշեցին վերիմաստավորել այդ տոնը, տալով Հիսուսի Հայտնության տոնի իմաստը։ Դրա հետ համաձայն կլինե՞ր, արդյոք, Հիսուսը, համոզված եմ՝ ոչ։ Անցնենք հայոց Զատիկին, որը ոչ եբրայական իմաստ ունի եւ ոչ էլ կրոնական, այլ զուտ բնապաշտական տոն է։ Ի՞նչ է խորհրդանշում այն։ Ընդհանրապես հայ հոգետիպին հատուկ է արարչագործության՝ նորոգումի խորհուրդը։ Ըստ դրա, բնության մեջ ամեն ինչ իր բացարձակությունը հաստատում է նորոգման մշտական ընթացքում։ Եվ այդ նորոգումն ու պահպանումը, որպես բնական օրինաչափություն, իրագործվում է արարչագործության շնորհիվ։ Արարչագործությունը «երկսեռության» խորհուրդն է իրենում պարունակում, այն իրագործվում է Հոր՝ արարող սկզբի, եւ Մոր՝ ծնող, լինելության սկզբի, միասնությունը։ Իսկ ծնումն ու լինելությունը հայկական դիցաբանության մեջ գլխավորապես կապվում է Անահիտ աստվածամոր՝ «Հայոց աշխարհի պարգեւատուի» հետ։ Ծնումը եւ լինելությունը խորհրդանշող տոներից է Զատիկը։ Հայերեն չքնաղ «զատիկ» բառը ոչ մի կապ չունի ոչ եբրայական «պասեխի» (նույնիսկ հակառակ իմաստն է արտահայտում) եւ ոչ էլ քրիստոնեական Հարության տոնի հետ։ Իսկ ի՞նչ ավանդություն է ընկած Զատիկի տոնի հիմքում։ Այդ ավանդությունը այս կամ այն արտահայտությամբ մենք տեսնում ենք հայկական հեքիաթներում, մանրանկարչության մեջ։ Համաշխարհային ջրհեղեղից հետո չքացել էին Արարատի գույները եւ գորշություն էր տիրում։ Աստվածամայր Անահիտի պատվերով Արի Մանչը (մեր նախնին է, որի անունով կոչվում ենք Արմեն- Ս. Մ.) գնում-բերում է Հազարան հավքը, որ գերված էր ստորգետնյա աստծո կողմից (հայկական հեքիաթներում՝ դեւի կամ վիշապի կողմից)։ Հավքը երգում է ու բազմագույն ձվեր ածում։ Անահիտը հավաքում է ձվերն ու շաղ տալիս Արարատով մեկ։ Արարատի գույները զատվում, պես-պես են դառնում։ Եվ ավանդաբար, ամեն տարի արի հայերը Զատիկ են տոնում, ձվեր են ներկում գարնան գույներով, ձվախաղ սարքում, փառաբանում Աստվածամորը եւ խնդրում, որ բազմագույն ու բազմահամ լինի Արարատի հողի ու արարատցու բեղմնավորումն ու բերքը։ Այսպիսով, Զատիկը կյանքի հավերժ հառնումի ու լինելության խորհուրդը, կյանքի կենաց ծառի ու նրա հավերժ պտղաբերումի պաշտամունքն արտահայտող տոն է։ ՍԵՐԳԵՅ ՄԱՆՈՒԿՅԱՆ Իմաստասիրական գիտությունների թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել