Ծանր դատ Երեկ Նուբարաշենի թիվ 1 քրեակատարողական հիմնարկում շարունակվեց Ռազմական ոստիկանության նախկին աշխատակիցներ Արշակ Մանուկյանի, Արտակ Նիկողոսյանի, Հայկ Մկրտչյանի եւ Միշա Մեջլումյանի նկատմամբ հարուցված քրգործի դատաքննությունը (թվով 8-րդ)։ Ամբաստանյալ Ա. Նիկողոսյանի պաշտպան, Հայ փաստաբանների միջազգային միության փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը երեկ հանդես եկավ միջնորդությամբ, որով նա Նոր Նորք եւ Ավան համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Մ. Կարապետյանին միջնորդել էր «Ա. Նիկողոսյանի եւ մյուսների նկատմամբ կարճել քրեական գործը եւ ազատ արձակել կալանքից»։ Հիմնավորելով իր միջնորդությունը, փաստաբանը տեղեկացրեց, որ դեռեւս 23.08.99 թվականին ՀՀ ԶԴ ՀԿԳ քննիչ Ս. Հովհաննիսյանը վերանայելով իր վարույթում քննվող քրգործի նյութերը (թիվ 90811698), որոշում է կայացրել քրեական գործից մաս անջատելու մասին։ «Անջատված քրգործին շնորհվում է թիվ 90104499 համարը։ Գործը հարուցել էր նա այն բանի համար, որ Ստեփանակերտի ՌՈ աշխատակիցները ծեծի են ենթարկել թիվ 90811698 քրեական գործով սպանություն կատարելու համար մեղադրվող Միշա Հարությունյանին եւ վկաներ Կարեն Անտոնյանին ու Գուրգեն Տավարածյանին։ Թիվ 90104499 քրգործի նախաքննությունն իրականացրել է Ասկերանի կայազորի քննիչ Վ. Ղազարյանը, որն էլ 10.02.2000 թվականին վերանայելով իր վարույթում քննվող քրգործը, որոշում է կայացնում այն կարճելու մասին՝ հանցադեպի բացակայության պատճառով»։ Փաստաբանը տեղեկացնում է, որ գործը կարճվելուց 1 տարի 4 ամիս հետո գլխավոր դատախազը որոշում է կայացնում գործը կարճելու որոշումը վերացնելու մասին։ Իսկ առողջապահության նախարարության դատաբժշկական փորձագիտական կենտրոնը գրություն էր ուղարկել, ըստ որի, Ա. Մանուկյանի կյանքին վտանգ է սպառնում հանրապետության քրեակատարողական որեւէ հիմնարկում պահելու համար։ Նուբարաշեն էր ներկայացել այս գործով տուժող Միշա Հարությունյանի մայրը, որին ներկայացուցիչ ճանաչեց դատարանը։ Տուժողներից Երջանիկ Սարգսյանը նույնպես մասնակցում էր նիստին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ