Մեկ շաբաթից կորոշեն Երեկ ՀՀ արժեթղթերի հանձնաժողովում լսումներ են անցկացվել «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի ղեկավարության կողմից թույլ տրված մի շարք անօրինականությունների վերաբերյալ, որոնց արդյունքում ոտնահարվել են ներդրողների շահերը։ Սարգիս Հացպանյանը ներկայացնում էր ընկերության արտասահմանյան ներդրողների շահերը։ Բանն այն է, որ ՀՀ արժեթղթերի շուկայի կարգավորման մասին օրենքի համաձայն, արժեթղթերի հանձնաժողովը ընկերությանը հանձնարարել է գրանցման հայտարարագիրը եւ արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը փոխանցել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա՝ կենտրոնացված կարգով արժեթղթերի սեփականատերերի եւ արժեթղթերով որեւէ իրավունքի ծանրաբեռնումը գրանցելու համար։ Քանի որ ընկերության ակտիվները պակաս էին ընկերության կանոնադրական կապիտալից՝ հանձնաժողովի կողմից ընկերությանը կարգադրություն է արձակվել իրականացնելու անհրաժեշտ եւ բավարար գործողություններ՝ բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացնել կանոնադրական կապիտալի փոքրացումը, այն համապատասխանեցնելով ակտիվների չափին։ Կարգադրություններն առայսօր չեն կատարվել, ուստի հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ։ Կորպորատիվ կառավարման կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Կարապետյանը հայտարարեց, որ, ըստ կենտրոնի, ընկերության գործունեությունը թափանցիկ չէ՝ հայտնի չեն ձեռնարկության ֆինանսական վիճակը, հաշվապահական հաշվառման նոր ստանդարտների կիրառման աստիճանը, չեն հրապարակվում բաց ընկերությունների համար օրենքով սահմանված տեղեկությունները եւ այլն։ Վտանգված է նաեւ բաժնետերերի կողմից իրենց իրավունքներն անարգել իրականացնելու հնարավորությունը։ Այսինքն, ըստ էության արգելված է ընկերության բաժնետոմսերի հրապարակային առեւտուրը, անհայտ են նաեւ կորպորատիվ ներքին կանոնակարգերի ընթացակարգերը, լիազորությունների տարանջատումը եւ այլն։ Կենտրոնը միջնորդեց ընկերության խորհրդի նախագահի եւ գործադիր տնօրենի նկատմամբ կիրառել վարչական պատասխանատվության տույժի նվազագույն չափը՝ զերծ մնալով բաժնետերերի լրացուցիչ վնասներ կրելուց։ Ըմբոստանալով՝ պրն Հացպանյանն էլ իր պաշտպանյալ ներդրողների անունից միջնորդեց ընկերության նկատմամբ վարչական տույժի առավելագույն չափի կիրառումը։ Խնդրի վերջնական արդյունքը՝ հանձնաժողովի որոշումը, պարզ կդառնա մեկ շաբաթ հետո։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ