Ինչ-որ բանում մեղադրելու բարոյական իրավունքը չունի ԳՖՀ նախկին կանցլեր Վիլլի Բրանդտը իր մի վրիպման համար հրաժարվեց ԳՖՀ կանցլերի պաշտոնից, համարելով, որ այդ վրիպումից հետո ինքը բարոյական իրավունք չունի այլեւս պաշտոնավարելու։ Սա բարոյականության, բարոյական իրավունքի արժեւորման քրեստոմատիական օրինակ է։ Գերմանացիները իրենց կատարած ընտրությամբ առայսօր, Վ. Բրանդտի պաշտոնանկությունից մեկուկես տասնյակ տարի հետո էլ, հպարտանում են։ Նրանք դրա իրավունքը ունեն, որովհետեւ նրանց ընտրած կանցլերը գերակայությունը տվեց բարոյական իրավունքին եւ, եթե որպես քաղաքական գործիչ վրիպում թույլ տվեց, բայց որպես մարդ մնաց անաղարտ։ Մենք (որ շատ վատ է) քչով բավարարվող ժողովուրդ ենք։ Մենք կգոհանայինք, եթե մեր ընտրած նախագահը գոնե հիմքեր ու փաստեր չտար զուգահեռներ անցկացնելու իր եւ Վ. Բրանդտին տրամագծորեն հակառակ վարքագծի տեր քաղաքական գործիչների միջեւ։ Արդ, դիտարկենք մեր նախագահի հետ կապված վերջին դեպքերը եւ տեսնենք, թե նա ինչքանով է հնարավորություն տալիս մեզ իրենով հպարտանալու։ ՀՀ նախագահի նկատմամբ կեղծ ապացույցներ ստեղծելու մեղադրանքով (որը դեռ պետք է ապացուցել, իսկ եթե ապացուցվի, ապա ամենեւին էլ խրախուսելի արարք չէ) ձերբակալվել է ՀՀ ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը։ Ոչ ոք Մ. Սաղաթելյանից լավ չգիտեր, որ այն պարագայում, երբ 1998թ. կալանավայրերում մահացան երկու տասնյակից ավելի դատապարտյալներ եւ նրանցից ոչ մեկին օրենսդրությամբ նախատեսված (կրկնում եմ՝ օրենսդրությամբ նախատեսված) հնարավորություն չտրվեց իր մահկանացուն իր հարկի տակ կնքելու, բայց կամոքն պրն Քոչարյանի, առողջության վատթարացման շինծու պատճառաբանությամբ ազատ արձակվեց (մինչեւ օրս էլ, հուրախություն միմիայն իրեն, ապրում է ու կարծես թե մեռնելու ոչ մտադրություն ունի, ոչ էլ նշաններ են երեւում) իր նախորդին բռնությամբ տապալելու փորձի մեղադրանքով նախաքննության տակ գտնվող անձին եւ դարձրեց իր խորհրդականը։ Մ. Սաղաթելյանի ղեկավարած հիմնարկներում կային տասնյակ դատապարտյալներ, որոնք դատապարտվել էին պրն Քոչարյանի նախորդի ժամանակ ցավալիորեն կիրառում ու քաղաքացիություն ստացած «գլխին սարքելու», այսինքն՝ կեղծ ապացույցներ ստեղծելու միջոցով։ Մ. Սաղաթելյանը պաշտոնի բերմամբ շատ լավ գիտեր, թե նրանցից յուրաքանչյուրը ում հանձնարարությամբ եւ ինչպես է բանտ ընկել։ Նա շատ լավ գիտեր, տեսնում էր, թե ինչպես են «կախարդական փայտիկի» զորությամբ քրեական հանցագործները ազատվում կալանքից եւ այդ «կախարդական փայտիկը» օգտագործողի՝ Ռ. Քոչարյանի կողմից շնորհների ու պաշտոնների արժանանում, իսկ իսկապես անմեղ, «գլխին սարքելու» միջոցով դատապարտվածները նույնիսկ նրա ուշադրությանը չեն արժանանում։ Օրենքի բարեմիտ կամ չարամիտ խախտում չկա։ Կար օրենքի խախտում եւ վերջ։ Մ. Սաղաթելյանի աչքի առաջ, ինչ-որ տեղ նաեւ նրա մասնակցությամբ այսպիսի արտառոց խախտումներ թույլ տված նախագահի՝ Մ. Սաղաթելյանին ինչ-որ բանում մեղադրելու բարոյական իրավունքը, մեղմ, շատ մեղմ ասած, կասկածելի է։ Հասկանալի է, որ քաղաքացու եւ նախագահի կարգավիճակների միջեւ սար ու ձոր կա։ Բայց նախագահն էլ «նախ քաղաքացի» է եւ ապա՝ նախագահ։ Ասել է թե՝ օրենքի ու Աստծո առաջ նրանք հավասար են։ Ուրեմն, ինչպես հասկանանք, որ շինծու ու կեղծ ապացույցների, «գլխին սարքելու» միջոցով դատապարտված ՀՀ քաղաքացիները այդպես էլ պետք է մնան ու տառապեն, իսկ ՀՀ նախագահի նկատմամբ շինծու ապացույցներ ստեղծելու փորձն անգամ պետք է խստագույնս դատապարտվի։ Բայց մարդու օրենքներից ու դատարանից զատ կա նաեւ Աստծո դատաստան։ Զգուշացեք Աստծո դատաստանից, Աստծո դատաստանից խուսափել, փախչել՝ հնարավոր չէ։ Վերադառնանք Վ. Բրանդտին։ Նա հրաժարական տվեց, որովհետեւ իր աշխատակիցներից մեկի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել։ Իսկ մեր նախագահի անվտանգությունը ապահովող անձը խառն է մարդասպանության մեջ։ Կարեւոր չէ մեղքի աստիճանը։ Կարեւոր չեն նաեւ մանրամասնելը, թե ինչու եւ ինչպես եղավ, որ նա այդպիսի մեղմ պատիժ ստացավ։ Կարեւորն այն է, որ նա մեր նախագահի մերձավորագույն շրջապատից, նրա կողքից քայլող մարդ էր։ Ես ինձ թույլ չեմ տալիս նախագահին Վիլլի Բրանդտի օրինակին հետեւելու խորհուրդ տալ։ Թեեւ դա ժողովրդի աչքում շատ կբարձրացներ նրան։ Իսկ մտածել, խորհել՝ պետք է։ Վ. ԼԱԶԱՐՅԱՆ