ՏՈՒԺՈՂԸ ԿԱՇԿԱՆԴՎԱԾ ՉԷ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում (նախագահող դատավոր՝ Իսկուհի Վարդանյան) շարունակվեց Արմեն Բեջանյանի, Մանվել Ասատրյանի, Կարեն Զաքարյանի, Արամ Աղաբաբյանի եւ Արթուր Յազչյանի նկատմամբ հարուցված քրգործի դատաքննությունը։ Մեղադրանքի հիմքում, ինչպես տեղեկացրել ենք, անցյալ տարվա մայիսի 19-ի սպանությունն է (Արթուր Սուրենի Պարսամյանի), որը տեղի է ունեցել Տիչինայի փողոցի թիվ 125 տան մոտ։ Դատարան ներկայացած տուժող Կարեն Բադոյանը նախ իր դատաքննական ցուցմունքն ավարտեց, ապա երկու օր է, ինչ պատասխանում է դատավարության մասնակիցների հարցերին։ Տուժողը, որի համար նախորդ նիստում խիստ անհանգստացած էր նրա օրինական ներկայացուցիչ ճանաչված հայրը, չնայած տարիքին (1984թ. օգոստոսի 16-ին է ծնվել), իրեն դատարանում պահում է հավասարակշռված, դատարաններում փորձվածի տպավորություն է թողնում եւ իր սառնասրտությամբ զարմացնում շատերիս։ Ի դեպ, նրա ցուցմունքն ու պատասխանները ուշագրավ են իր հասակակիցների հետ համեմատելու առումով։ Այսպես, օրինակ, նկարագրելով Արթուր Պարսամյանի ծննդյան օրը (նույն օրն էլ սպանվել է նա), տուժողը պատմեց, թե ինչպես են Պռոշյան փողոցի խորտկարան այցելել, թե ինչպես վերադառնալով տուն, «մայթի աղջիկների» են ժամադրել… գիշերվա ժամը 11։30-ի սահմաններում հանդիպելու համար։ Նրանց ծանոթ չլինելով։ Պատասխանելով պաշտպան Սամվել Միրզոյանի հարցերից մեկին (այս դրվագի կապակցությամբ), թե նրա՞նք իրենց վարքագծով նշան արեցին, որ կանգնեցին, տուժող Կ. Բադոյանը պատասխանեց. «Ըտենց զգացինք, տպավորվել է»։ Տուժողը ներկայացրեց, թե ինչպես է սկսվել վեճը, ինչի՞ արդյունքում է սպանվել իր ընկերը։ Վերադառնալով խորտկարանից, տեսնում են «Մոսկվիչ 2141» մակնիշի տաքսի է կանգնած, որից իջնում է Կարեն Զաքարյանը՝ հարցնելով Արմեն Պարսամյանին… Ցուցմունքի ժամանակ այս տուժողը մի քանի անգամ կրկնեց, թե ի՞նչ է ասել Կարեն Զաքարյանը. «Էս է էտ լակոտը, հասեք, սատկացրեք, սպանեք»։ Ըստ նրա պատմածի էլ ավտոմեքենայի մեջ գտնվող տղաները «մեկ-մեկ իջան, մեր վրա եկան»։ «Հետեւիցս, չտեսա ով էր, բայց հետեւումս կանգնած էր զոլավոր մայկայկով տղեն (Արամ Աղաբաբյանը)։ Դանակը ձեռքին էր»։ Պատասխանելով Արամ Աղաբաբյանի պաշտպան Արմեն Մանուկյանին՝ «նկարագրեք դանակը», քիչ անց տուժողը կարծես շտկեց իր ասածը, թե «տեսել եմ սուր ինչ-որ բան եւ ընկալել եմ որպես դանակ»։ «Տեսա, որ կարում եմ քայլել,- շարունակեց տուժողը,- գնացի դեպի Արթուրը։ Երկուսով շարժումներով խփում էին, մի քանի անգամ շարժվեցին, խփեցին, փախան։ Գոռացինք, որ Արթուրին էլ են խփել»։ Տուժող Կ. Բադոյանը պատասխանելով տուժող Պարսամյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Սահակյանի «Ի՞նչը չեք տեսել. դանակով խփողի՞ն, թե՞ դանակով խփելու պահը» հարցին, հայտնեց. «Խփողին չգիտեմ ով է։ Հարվածելու պահը տեսել եմ»։ Նորից փորձեց փաստաբան Ռ. Սահակյանը ճշտել. «Ի՞նչ եք տեսել, երբ ասում եք, խփելու պահը տեսել եմ», տուժողը պատասխանեց. «Որ ձեռքերով, դանակներով… քաշում են, Արթուրն ընկավ»։ Ի դեպ, այս տուժողը հայտնեց, թե ընդհանրապես մինչեւ դեպքը ամբաստանյալներից երկուսին է ճանաչել՝ Կարեն Զաքարյանին եւ «Ունքին»։ Երեկ վերջինիս՝ ամբաստանյալ Արթուր Յազչյանի պաշտպան պրն Մկրտչյանը հանդես եկավ հայտարարությամբ։ «Ունք» մականունը վիրավորական է իմ պաշտպանյալի համար»,- հայտարարեց նա եւ ասաց, որ Արթուրն իր շրջապատում այդ անունով երբեք չի ընկալվել եւ որ նախաքննական մարմինն է կպցրել վերոնշյալ մականունը։ Դատաքննության ժամանակ տուժողին հասցրել են հարցեր տալ մեղադրող Ա. Երիցյանը, տուժողի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռ. Սահակյանը, ամբաստանյալներ Ա. Յազչյանի, Կ. Զաքարյանի, Ա. Աղաբաբյանի, Մ. Ասատրյանի պաշտպանները։ Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 8-ին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ