«Ա1+»-ը չի կարելի փակել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքն ընդունվել է 93 «կողմ», 3 «դեմ» եւ 7 «ձեռնպահ»-ով։ Որքան էլ որոշ պատգամավորներ փորձեն թուր ճոճել հօգուտ «Ա1+» հեռուստաընկերության, իզուր է, օրենքն ընդունելիս պետք է մտածեին վաղվա օրվա մասին։ Օրենքին դեմ են քվեարկել Աղվան Վարդանյանը, Գալուստ Սահակյանը եւ Վազգեն Խաչիկյանը, ձեռնպահ են եղել Հարություն Փամբուկյանը, Մարտուն Մաթեւոսյանը, Հմ. Հովհաննիսյանը, Տիգրան Թորոսյանը, Ֆ. Բերիկյանը, Ս. Ավագյանը եւ Ս. Բաղդասարյանը։ ԱԺ պատգամավոր Ստեփան Զաքարյանը վստահ է, որ եթե «Ա1+» փակվի, լուրջ հետեւանքներ կլինեն. «եւ դժվար է ասել, թե իշխանության համար որ հետեւանքն ավելի շահավետ կլինի, որովհետեւ «Ա1+»-ի փակումը կբերի գործողությունների, կլինեն ակցիաներ, որոնք կստանան հասարակության աջակցությունը։ Եվ սրան ոչ միայն ՀԺԿ-ն է պատրաստ, այլեւ՝ շատերը։ Բացի այդ, կա նաեւ դեմոկրատական հասարակության միջազգային կարծիքը, որի հետ այս իշխանությունը չի կարող հաշվի չնստել։ Եթե այս տեսանկյունից նայենք՝ իշխանությանը ձեռնտու չէ «Ա1+»-ի փակումը։ Բայց ես չէի ասի, թե այս իշխանությունը խելոք է»։ Ստեփան Զաքարյանը դեմ է իշխանամետ որոշ լրատվամիջոցներում հնչած մտքին, թե՝ կապուղիների մրցույթը շահարկումների առիթ է դարձել։ Պրն Զաքարյանը հայտնեց, որ հասարակության կարծիքը՝ դիրքորոշումը չի կարելի քաղաքական շահարկում որակել, իսկ հասարակության կարծիքը միանշանակ է՝ «Ա1+»-ը պետք է շարունակի իր գործունեությունը։ Իսկ իշխանությունն այսօր ուժեղ չէ, քանի որ, ըստ Ստ. Զաքարյանի, այդ իշխանությունը վախենում է. «Եթե չվախենար, ինքն իր բնույթով եւ հոգեբանությամբ բռնապետական է ծայրից ծայր։ Բայց այդքան ներուժ չունի, թե չէ վաղուց էր Հայաստանում կատարյալ բռնապետություն հաստատել։ Շահարկումս ո՞րն է, մենք մեր կարծիքն ենք ասում, մենք ասում ենք, որ «Ա1+»-ը չի կարելի փակել, որովհետեւ միակ անկախ կայանն է։ Մենք վստահ ենք, որ միակն է, եւ կարծում ենք՝ հասարակությունը՝ նույնպես»։ Պատգամավորի գնահատմամբ հասարակությունն այսօր թմբիրի, հուսահատության մեջ է, որովհետեւ չկա այն քաղաքական ուժը, որին հասարակությունը վստահում է լիովին. «Ես ինքս քաղաքական ուժ եմ ներկայացնում եւ կասեմ, որ համեմատաբար ՀԺԿ-ի ժողովուրդը փոքրիշատե վստահում է, բայց չէի ասի, որ վստահում է լիովին։ Բայց կրկնում եմ. սա թույլ իշխանություն է եւ մնում է իշխանության ղեկին միայն այն պատճառով, որ հասարակությունը հիասթափված է։ Բայց այդ հիասթափությունն էլ կարող է ավարտվել։ Եվ մենք պիտի ձգտենք դրան։ Երբ հասարակությունը վստահեց որեւէ քաղաքական ուժի, այս իշխանությունը դատապարտված է»։ Ստ. Զաքարյանը հույս ունի, որ դա կլինի շատ մոտ ապագայում։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ