Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՇԱՄՊԱՅՆ ԱՐՏԱԴՐԵՔ ԵՎ ՇՈՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿԵՔ

Մարտ 30,2002 00:00

ՇԱՄՊԱՅՆ ԱՐՏԱԴՐԵՔ ԵՎ ՇՈՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿԵՔ Առաջարկում է իր մրցակիցներին «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսիսյանը -Ինչպե՞ս եք գնահատում 37 կապուղու մրցույթում Ձեր մրցակիցների առաջարկած ծրագրերը, դրանք համոզի՞չ էին։ – Ես, իհարկե, հարգում եմ բոլոր մրցակիցներին։ Բա՛յց։ Այն, ինչ որ ներկայացրին «Դոֆինը» եւ «Շարմը»՝ կրկնությունն է այն պատկերի, որը 10 տարվա ընթացքում արդեն իսկ կերտել է «Ա1+»-ը եւ հասցրել այսօրվան։ Նույնը, ըստ նրանց ծրագրերի, պատրաստվում են անել նրանք՝ զրոյից սկսելու եւ հասնելու են այսպիսի մի բանի։ Չեմ տեսնում ու արդեն չեմ կարողանում հասկանալ իմաստն ու տրամաբանությունն այս գործընթացի՝ ներդնենք 1,8 մլն կամ 3,2 մլն դոլար եւ սկսենք կառուցել այն, ինչի վրա արդեն իսկ ծախսվել է 3,5 մլն դոլար անցած տարիների ընթացքո՞ւմ։ Եվ բարձրացած աղմուկի պատճառը հենց դա է։ Ինչո՞ւ պիտի օրենքը թույլ տար քանդել պատրաստի մեխանիզմը, որ նորի՞ց սկսեին կառուցել նույնը, հույս ունենալով, թե նախկին մեխանիզմի մասնիկներ կօգտագործեն այդ կառույցում։ Այս ամենն աբսուրդի է նմանվում, որը հնարավոր է դարձել թերի օրենքի պատճառով։ «Շարմը» չի ամաչում հայտարարել, որ պատրաստ է օգտագործել «Ա1+»-ի ստեղծագործական ուժերը, եւ հույսը դրել է, թե այստեղ բոլորը կաշխատեն իրենց հետ։ Նույնը նշել է իր առաջարկում «Դոֆին թիվին»։ Սա ապացուցում է, որ խնդիրը ոչ թե «Ա1+»-ից, այլ նրա ղեկավարից՝ Մեսրոպ Մովսիսյանից ազատվելն է, իսկ թիմը կարող է շարունակել աշխատել, բայց արդեն ուրիշ ղեկավարի ենթակայության ներքո։ Ի դեպ, եթե «Շարմը» այդքան ձգտում է իր եթերն ունենալ՝ թող լուրջ առաջարկով գա «Ա1+», եւ նրան կտրամադրվի եթերաժամ, ինչպես բոլորին, ովքեր լո՛ւրջ ծրագրեր են առաջարկում։ Եվ ինձ համար զարմանալի է, որ նրանք այս դեպքում ընտրեցին քաղաքական գործիք դառնալու ճանապարհը։ – Անընդհատ «Շարմի» անունն եք նշում, բայց գոնե գումարային առումով շատ ավելի լուրջ առաջարկ ներկայացրեց «Դոֆինը»։ Անհասկանալի է. եթե նրանց գործընկերները 3,2 մլն դոլարի դիմաց միայն գովազդ են ցանկանում, ինչո՞ւ չեն դիմում արդեն իսկ գործող հեռուստաընկերություններին։ Ուրեմն, այստեղ ինչ-որ այլ խաղ է սկսվել, որին ավելի քիչ ենք ուշադրություն դարձնում։ – Գիտեք, ես էլ կարող եմ գումարների չափեր հայտարարել, եւ դրա հնարավորությունները կան։ Առաջարկներ շատ կան։ Եվ ավելի՛ մեծ գումարների։ Խնդիրն այլ է. մշակել ենք 15 տարվա ռազմավարություն, որը ներկայացրել ենք մեր ծրագրում։ Այդ ռազմավարության մեջ տեղ չունեն ուրիշի փողերը, որոնք անպայման իրենց ազդեցությունն են ունենում ուղղվածության վրա։ Իսկ այս դաշտում, որտեղ արդեն իսկ ձեւավորվել է գաղափարախոսության մենաշնորհ, ի հակակշիռ գոնե մի կղզի պետք է լինի։ Խնդիրն այստեղ ֆինանսական չէ, այլ էլի՛ քաղաքական։ Ինչպես պտտվում ենք՝ վերադառնում ենք քաղաքականությանը եւ երեւի այդպես էլ պետք է լիներ, քանի որ հեռուստատեսությունն արդեն քաղաքականություն է, որը հիմա շատերն են ցանկանում աշխատեցնել իրենց օգտին։ Կան առաջարկներ, կան գումարներ։ Ես կարող էի առաջարկել լուրջ թվեր եւ ժամկետներ գրել, բայց դրա իմա՛ստը չեմ տեսնում։ Մենք ունենք մեր իմիջը, որը մեզ համար ավելի թանկ է, քան գումարները, որոնց տակ շատ ուրիշ բաներ են թաքնված։ Այն թիմը, որ աշխատում է «Ա1+»-ում արդեն 5 տարի, չէի ասի, թե լավագույն ֆինանսական վիճակում է։ Բայց նրանց դուր է գալիս ազնիվ աշխատել եւ նրանք ցանկանում են շարունակել այդպես աշխատել։ Չեմ կարող ինձ թույլ տալ վաճառել նրանց ազնվությունը։ – Այն դիրքորոշումը, որ «Ա1+»-ի առնչությամբ արտահայտեց նախագահ Քոչարյանը, թե պետք է տեղեկատվական դաշտում «նոր դեմքեր, նոր ընկերություններ, լուրջ ներդրումային առաջարկություններ» լինեն՝ կազդի՞ հանձնաժողովի ապրիլի 2-ի որոշման վրա։ – Չեմ կարծում, որ կանդրադառնա։ Նախագահը երեւի չստեց, երբ ասաց, որ հավանում է «Ա1+»-ի լրատվությունը։ Կարծում եմ, թե այս ալիքը նաեւ նախագահին է պետք որպես մի հայելի, որը բացահայտում է մեր իրականության այն կողմերը, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը չի հասնում նրան։ Մյուս ալիքներից նա չի կարող հասկանալ, թե ինչ է կատարվում մեր երկրում։ Չեմ կարծում, թե թերի կրթությամբ եւ անշնորհք այն մարդիկ, որոնք հավաքվել են նրա շուրջ, հասցնում են ճիշտ տեղեկատվություն, որը նրան հարկավոր է։ Եվ նախագահին հարկավոր է ունենալ մի քողածածկույթ, որ կապացուցի, թե Հայաստանում կա ժողովրդավարություն։ – Հավանական է, ապրիլի 2-ին պարզվի, թե այդ քողածածկույթն էլ հարկավոր չէ: Ի՞նչ եք անելու։ Ինչպես նախորդ իշխանությունների օրոք իրավական ինչ-ինչ սողանցքներով փակվեց «Ա1»-ը եւ հետո ստեղծվեց «Ա1+»-ը, այժմ է՞լ փորձելու եք նոր կապուղով շարունակել աշխատանքը։ – Բացի նրանից, որ անպայման կմասնակցեմ այլ մրցույթի եւ կփորձեմ հենց այս տարվա ընթացքում նոր կապուղի ստանալ, «Այբ-Ֆե» լրատվական գործակալությունը կշարունակի աշխատել։ Մենք չենք սահմանափակվում միայն Երեւանով, Հայաստանի տարածքով։ Մենք չենք սահմանափակվում ինչ-որ մեկի քմահաճույքներով։ Մենք աշխատելու ենք։ Խնդիրը միայն այն է, որ այս ամենի պատճառով ավելորդ ծախսեր են լինելու եւ որոշ ժամանակ ենք կորցնելու իզուր տեղն առաջացած տեխնիկական բարդությունները կարգավորելու համար։ Այն, ինչ արվում է այժմ՝ հիմարություն է։ Քանի որ ամեն մարդ մեր երկրում պիտի զբաղվի իր գործով։ Շամպայն արտադրողը պետք է շամպայն արտադրի եւ, ինչքան հնարավոր է, լա՛վ արտադրի։ Շոու- բիզնեսով զբաղվողը պետք է շարունակի շոու-բիզնեսով զբաղվել եւ, ինչքան հնարավոր է, լա՛վ զբաղվել։ Իսկ հեռուստատեսության մասնագետները պետք է զբաղվեն հեռուստատեսությամբ եւ, ինչքան հնարավոր է, լա՛վ զբաղվեն։ Զրուցեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել