Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մարտ 30,2002 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Բազմակուսակցության վիճակը Անկախության ավելի քան տասնամյա ընթացքում բազմակուսակցությունն անցել է ձեւավորման եւ զարգացման մի քանի փուլ: Խորհրդային միության թուլացումը, երկիրը բռնի միջոցներով ղեկավարելու ԽՄԿԿ-ի անկարողությունը, «պերեստրոյկան» արթնացրին քաղաքական գործընթացները սոցիալիստական ճամբարի երկրներում, Միության հանրապետություններում: ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարի եւ Գերագույն խորհրդի նիստերը, լայն լիազորություններով օժտված աշխատավորական կոլեկտիվների խորհուրդները, ներքին կյանքին վերաբերող մի շարք հարցերում իրավունքների փոխանցումը միութենական հանրապետություններին եւ 80-ական թթ. 2-րդ կեսի բազմաթիվ այլ ժողովրդավարական մեղմացումները խթանեցին քաղաքական գործընթացները: 1988թ. փետրվարին ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների սկիզբ առած հզոր ժողովրդական եւ ժողովրդավարական շարժումը, հիմնախնդիրը լուծելու Մոսկվայի անկարողությունը, բռնա-ճնշումներով եւ ուժային մեթոդներով Ղարաբաղյան շարժումը խեղդելու «կենտրոնի» փորձերը հանգեցրին Շարժման հզորացմանը, արագացրին ժողովրդավարացման գործընթացները: 1989թ. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի լրացուցիչ ընտրություններում Շարժման մի քանի ներկայացուցիչներ ընտրվեցին պատգամավոր: Գերագույն խորհուրդ մտած Շարժման ներկայացուցիչները, իրենց կողմնակիցների բազմահազարանոց հանրահավաքների աջակցությամբ, կարողացան ԳԽ ընտրությունների մասին օրենքում անցկացնել կարեւորագույն փոփոխություններ. քաղաքացիական նախաձեռնության կարգով (200 ստորագրությամբ) պատգամավորության թեկնածուներ առաջադրելու, ընտրական տեղամասերում վստահված անձեր ունենալու պատգամավորության թեկնածուների իրավունքը եւ այլն: Դրանք կոտրեցին պատգամավորության թեկնածուներ առաջադրելու եւ քվեարկության ընթացքը վերահսկելու կոմունիստական կուսակցության մենիշխանությունը: Շնորհիվ դրա՝ 1990թ. մայիսին անցկացված Գերագույն խորհրդի հերթական ընտրություններն անցան այլընտրանքային, մրցակցային հիմունքներով եւ խթան հանդիսացան բազմակուսակցության ձեւավորման համար: Ընտրություններում ՀՀՇ-ն, որ ծնունդ էր առել Ղարաբաղյան շարժումից եւ որպես հասարակական-քաղաքական կազմակերպություն ձեւակերպվել 1989-ին, ստացավ պատգամավորական տեղերի հարաբերական մեծամասնությունը: Ստեղծվեց ՀԿԿ-ՀՀՇ երկբեւեռ քաղաքական համակարգ: ԳԽ-ում ՀՀՇ-ի գործունեության առաջին քայլերը եղան բազմակուսակցության իրավական հիմքերի ապահովումը: Արդեն 1991թ. փետրվար 26-ին ընդունվեց «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» օրենքը: Այն ամրագրում էր քաղաքական միավորումներ կազմելու քաղաքացիների իրավունքները, որոնք հռչակում են իրենց ծրագրերը, գործում են կանոնադրության հիման վրա, ընտրությունների միջոցով մասնակցում պետական իշխանության մարմինների ձեւավորմանը: Հաշվի առնելով ամբողջատիրության դառը փորձը՝ օրենքն արգելում էր կուսակցական կազմակերպությունների ստեղծումը հիմնարկ-ձեռնարկություններում եւ պետական կառույցներում: Արգելվում էր իրավապահ եւ դատական մարմինների աշխատողներին կուսակցություններին անդամագրվելը: Արգելվում էր նաեւ կուսակցությունների ղեկավարումը եւ ֆինանսավորումը այլ երկրներից: Կուսակցությունների մասին օրենքի ընդունումից հետո ԳԽ-ում կազմավորվեցին մի քանի կուսակցական խմբավորումներ՝ հհշ-ական, կոմունիստական, աժմ-ական, դաշնակցական, ագրարային եւ այլն: 1990թ. գումարման ԳԽ-ում ներկայացված էր 18 կուսակցություն, այն դեպքում, որ գրանցված կուսակցությունների թիվը 35 էր: Ընտրությունների մասին նոր օրենքի (1995թ., ապրիլի 4) եւ Սահմանադրության (1995թ., հուլիսի 5) ընդունմամբ ուժեղացվեցին բազմակուսակցության զարգացման իրավական հիմքերը: Սահմանադրության 24 եւ 25 հոդվածներն ամրագրեցին քաղաքական միավորումներ ստեղծելու քաղաքացիների իրավունքները, 74 եւ 80 հոդվածները երաշխավորեցին Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների իրավունքը՝ վերահսկելու կառավարության գործունեությունը, ընդհուպ մինչեւ նրան անվստահություն հայտնելը: Այս ամենն, անտարակույս, նպաստեց հասարակական-քաղաքական գործընթացներում կուսակցությունների դերի բարձրացմանը: 1995թ. հուլիսին անցկացված խորհրդարանական հերթական ընտրություններում առաջին անգամ կիրառվեց համամասնական ընտրակարգը՝ 190 պատգամավորական տեղերից 40-ը հատկացվել էր կուսակցական ցուցակներին: Կուսակցություններն իրավունք ստացան համամասնական ընտրակարգով մասնակցել ընտրություններին եւ բոլոր մակարդակի ընտրական հանձնաժողովներում ներկայացուցիչներ ունենալ, եթե հավաքում էր 25 հազար ստորագրություն: Ըստ այդմ, 95-ի ընտրություններին մասնակցեց 13 կուսակցություն եւ միավորում: Ընտրություններն անցան անզիջում քաղաքական պայքարում եւ 5 տոկոսի արգելանքը հաղթահարեցին հինգ կուսակցություն եւ միավորում՝ «Հանրապետություն» միավորում՝ 50% (20 տեղ), «Շամիրամ»՝ 20% (8 տեղ), ՀԿԿ՝ 15% (6 տեղ), ԱԺՄ՝ 7,5% (3 տեղ), ԱԻՄ՝ 7,5% (3 տեղ): Գերագույն խորհրդի (1990թ. մայիսի 20), Ազգային ժողովի (1995թ. հուլիսի 5), ՀՀ նախագահի (1991թ. հոկտեմբերի 16 եւ 1996թ. սեպտեմբերի 22) ընտրությունները, հանրաքվեներն անցան կուսակցությունների ակտիվ մասնակցությամբ եւ նպաստեցին բազմակուսակցական համակարգի ձեւավորմանը: Իհարկե, կուսակցություններից շատերը զուրկ էին մշտական սոցիալական հենարանից, շատ կուսակցական առաջնորդներ չունեին բավականաչափ քաղաքական փորձառություն, ուստի դասական իմաստով կայացած բազմակուսակցության մասին խոսելը, թե՛ այն ժամանակ, թե՛ ներկայումս, վաղ է: Սակայն մինչեւ 1998թ. փետրվարյան իշխանափոխությունը իշխանությունները հստակ քայլեր էին կատարում բազմակուսակցության զարգացման ուղղությամբ: Պետք է ընդունել, որ 1995թ. Ազգային ժողովը կազմավորվեց ոչ մշտական հիմունքներով, որը քաղաքացիական հասարակության կառույցների եւ քաղաքացիական վերահսկողության բացակայության պայմաններում հանգեցրեց ժողովրդավարության կարեւորագույն սկզբունքներից մեկի՝ իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտմանը: Հաշվի առնելով այն իրողությունը, որ անկախության նվաճումից հետո սկսվեցին քաղաքական եւ տնտեսական, համակարգային բարեփոխումներ՝ անթույլատրելի էր գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ոչ բավարար սահմանազատումը գործարար աշխարհից: Պետք է ընդունել նաեւ, որ, ցավոք, կոմունիստների եւ գործադիր իշխանության դիմադրության պատճառով ՀՀՇ-ին չհաջողվեց Սահմանադրության եւ ընտրական օրենսդրության մեջ անցկացնել մշտապես գործող խորհրդարանի մասին դրույթը: Իրավիճակն արմատապես փոխվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո: 1998թ. արտահերթ նախագահական եւ 1999թ. հերթական խորհրդարանական ընտրությունները դժվար է բուն իմաստով ընտրություն անվանել: Ռ.Քոչարյան-Վ.Սարգսյան-Կ.Դեմիրճյան եռյակը գործում էր դասական նոմենկլատուրային-կոմունիստական ոգով, երբ անհանդուրժողական վերաբերմունք էր դրսեւորվում քաղաքական ընդդիմախոսի նկատմամբ, քաղաքացիները ընտրությունների ընթացքում փաստորեն զրկվեցին ազատ կամարտահայտության հնարավորությունից: Փլուզվեց նոր ձեւավորվող ընտրական համակարգը, զանգվածային բնույթ ձեռք բերեցին ընտրակեղծիքներն ու ընտրակաշառքները, ընտրությունները դարձան իշխանության կողմից ամբողջովին ուղղորդվող միջոցառում, որի արդյունքները որոշվում էին պետության ղեկավարների նեղ շրջանակում: Նման ընտրությունների արդյունքը երեւում է ներկայումս գործող խորհրդարանի պատկերից, որտեղ թեեւ գործում է վեց խմբակցություն («Միասնություն», դաշնակցություն, ՀԿԿ, ԱԺՄ, «Իրավունք եւ միաբանություն», «Օրինաց երկիր»), սակայն ըստ էության բացակայում է քաղաքական ընդդիմությունը, իսկ պատգամավորների ճնշող մեծամասնությունը կամ կոմունիստական-կոմերիտական, կամ քրեական անցյալ ունի: Մինչ այդ՝ Ընտրական օրենսգրքով (1999թ. մարտի 23-ի փոփոխություններով հանդերձ) կիրառություն էր ստացել մի դրույթ, ըստ որի, եթե ընտրողի անունը դուրս է մնում ընտրացուցակից, ապա նա զրկվում է ձայնի իրավունքից: Դա 1999-ի մայիսի 31-ի խորհրդարանական ընտրություններին հանգեցրեց մարդկանց ընտրական իրավունքի զանգվածային խախտումների, որը, սակայն, օգնեց իշխանություններին, զեղծարարություններ կատարելով ընտրական ցուցակներում, արգելել իրեն անհաճո կուսակցությունների մուտքը Ազգային ժողով: Ժողովրդավարական արժեքներից եւ ազատություններից հրաժարումը ծրագրված քաղաքականության բնույթ է կրում: Դա երեւում է նաեւ քաղաքական կուսակցությունների մասին օրինագծից, որն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ-ի կողմից: Ըստ այդ օրինագծի, պահանջվում է, որպեսզի կուսակցություններն ունենան 1500 (տարբերակ՝ 3000, 5000) անդամ եւ մարզերի երկու երրորդում սկզբնական կազմակերպություններ: Միաժամանակ կուսակցությունները իշխանության լիազորված մարմնին պետք է հանձնեն իրենց անդամների ցուցակները՝ անձնագրային տվյալներով: Այս պահանջները, հաշվի առնելով հանրապետության քաղաքացիների իրական թվաքանակը, ըստ էության, անհնար են դարձնում ընդդիմադիր կուսակցությունների գոյությունը, քանի որ իշխանությանն անհաճո կուսակցությունները չեն կարողանա վերագրանցվել: Կուսակցությունների մասին օրինագծի համաձայն, ընտրություններին չմասնակցող կուսակցությունները պետք է լուծարվեն. այս դրույթը իրավունք է վերապահում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, չգրանցելով ընտրություններին կուսակցության մասնակցությունը, փաստորեն լուծարել դրանք: Իսկ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որը Քոչարյանը ներկայացրել է 2001թ. սեպտեմբերին, նախատեսում է քաղաքական գործունեության լրացուցիչ սահմանափակումներ: Մասնավորապես, նախատեսվում է, որ արհմիության եւ քաղաքական կազմակերպության անդամ չեն կարող լինել ոչ միայն ուժային կառույցների ներկայացուցիչները (որը ճիշտ է եւ առկա է գործող Սահմանադրության մեջ), այլեւ պետական պաշտոնյաների առանձին խմբեր, մի բան, որ գոյություն չունի գործող Սահմանադրության մեջ: Ինչպես նշեցինք, Ազգային ժողովում գործնականում չկա համակարգված ընդդիմադիր ուժ: Խորհրդարանը հանդես չի գալիս որպես իշխանության քաղաքական ինստիտուտ՝ դրանով իսկ չկատարելով իր գլխավոր գործառույթը: Բազմաթիվ պատգամավորներ, խախտելով Սահմանադրությունը, անթաքույց զբաղվում են գործարարությամբ, իսկ խմբակցությունները մշտական սակարկությունների մեջ են նախագահի ու վարչապետի հետ՝ գործադիր իշխանության կառույցներում պաշտոններ ստանալու նպատակով: Հիմնական քաղաքական պայքարն ընթանում է խորհրդարանից դուրս, որտեղ զգալի դեր ունի արտախորհրդարանական ընդդիմությունը: Ձախ թեւում Հայկոմկուսին զուգահեռ գործում է վեց կուսակցություններից բաղկացած «Սոցիալիստական Հայաստան» միավորումը: Ձախ կենտրոնը զբաղեցնում են ՀԺԿ-ն, «Ազգային միաբանություն», «Հայաստան» եւ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունները: Աջ թեւում նկատվում է ազատական գաղափարներ դավանող «21-րդ դար», ԼԴԿ, «Ազատություն», «Նոր ուղի» կուսակցությունների միավորման միտում, որի կորիզը հանդիսանում է ՀՀՇ-ն: Վերը թվարկված բոլոր ուժերը տեղական ինքնակառավարման, նախագահական եւ խորհրդարանական առաջիկա ընտրություններում հանդես կգան որպես ընդդիմություն իշխանության քաղաքական հենարանը հանդիսացող ուժերին՝ հանրապետականներին, դաշնակցությանը, «Օրինաց երկիր», «Արժանապատիվ ապագա», «Հզոր Հայրենիք» եւ ավելի մանր այլ կուսակցությունների: Հայաստանում քաղաքացիական հասարակության եւ բազմակուսակցության զարգացմանը, օբյեկտիվ մի շարք պատճառների հետ մեկտեղ (պատերազմի, շրջափակման եւ փախստականների հանգամանքներով զուգորդված անցման շրջանի օրինաչափ հիմնախնդիրները, սեփականատերերի կայուն դասի բացակայությունը, քաղաքական ավանդույթների, քաղաքական գործունեության փորձի պակասը եւ այլն), խանգարում են նաեւ բազմաթիվ սուբյեկտիվ գործոններ. Իշխանության կողմից ընտրական համակարգի ոչնչացումը, որը հանգեցրել է պետությունից քաղաքացիների օտարմանը եւ քաղաքացիական հասարակության կառույցների կողմից իշխանությունների նկատմամբ վերահսկողության վերացմանը: Կասկածելի լեգիտիմություն ունեցող իշխանությունը իրավական պետության եւ քաղաքացիական հասարակության կարիք չի զգում, չի գիտակցում քաղաքական գաղափարների եւ ծրագրերի ազատ մրցակցության, քաղաքական ընդդիմության անհրաժեշտությունը: Իշխանության կողմից Սահմանադրության եւ օրենքների վարկաբեկումը, որը հանգեցրել է գործադիր եւ դատական իշխանությունների կողմից քաղաքացիների իրավունքների ու ազատությունների զանգվածային խախտումներին, իրավական նիհիլիզմին, իշխանության ժառանգականության եւ ամբողջությամբ իրավունքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքին: Իշխանության կողմից հասարակական եւ քաղաքական միջավայրի ապականումը, որն արտահայտվում է արհեստածին հասարակական-քաղաքական միավորների աջակցությամբ՝ նպատակ հետապնդելով այդ միջավայրից դուրս մղել իրեն անհաճո եւ անվերահսկելի ուժերին: ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ «Արմատ» կենտրոնի խորհրդի անդամ, քաղաքագետ«Արմատ», N 10/64, 2002

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել