ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂՅԱԿ ՉԻ ԵՂԵԼ «Առավոտի» մարտի 27-ի համարում տեղ է գտել մի լրատվություն, որն ազդարարում է, թե «Մարտի 23-ին «ՕԵ» նախագահ Ա. Բաղդասարյանը Կամերային տանը հանդիպում էր կազմակերպել…» եւ մի հեգնանք-ռեպլիկ, ուր մասնավորապես ասված է. «Շաբաթ օրը Կամերային երաժշտության տանը վիրահայության հետ «Օրինաց երկիր» կուսակցության հանդիպումը եւս մի ապացույց դարձավ, որ յուրայինների համար իշխանավորների իսկ սահմանած կանոնները զանցառվում են…»։ Շտապեմ տեղեկացնել, որ ոչ Արթուր Բաղդասարյանը, ոչ էլ իր ղեկավարած կուսակցությունը Կամերային տանը որեւէ հանդիպում չեն կազմակերպել: Հիշյալ օրը Կամերային տան դահլիճը զբաղեցնելու խնդրանքով նախարարություն են դիմել «Վիրահայերի միություն», «Թբիլիսցիների միջազգային ակումբ» եւ «Բագրատունիների միություն» կազմակերպությունները՝ մշակութային հավաք կազմակերպելու նպատակով: Համաձայն նրանց գրության, միջոցառումը պետք է նվիրվեր վիրահայությանը, հայրենիքի հետ նրանց կապերի ամրապնդմանը, Վրաստանի հայաբնակ շրջաններում հայոց լեզվի եւ մշակույթի ներկա վիճակին, ինչպես նաեւ հայ եւ վրաց ժողովուրդների փոխճանաչման մակարդակի բարձրացմանը։ Իսկ թե ում պիտի հրավիրեին հիշյալ հարցերի քննարկմանը, նախարարությունն ու Կամերային երաժշտության տան տնօրինությունը տեղյակ չեն եղել։ Հարգանքով՝ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարի գլխավոր խորհրդական՝ Կ. ՎԱՐԴԱՆՅԱՆ Հայտնի է, որ «Օրինաց երկրի» ղեկավարները վրացիներ չեն, որ վիրահայերը նրանց հետ հանդիպելով՝ բարձրացնեին հայ եւ վրաց ժողովուրդների փոխճանաչման մակարդակը: Հայտնի է նաեւ, որ այլ պարագաներում մշակույթի նախարարությունը խորամուխ է լինում, թե այն կազմակերպությունը, որին ինքը դահլիճ է տրամադրում, հատկապես ինչպես է օգտագործելու այն: Թե ինչպես է, որ այս մի անգամն անտեղյակ են մնացել՝ հարկ չկա գուշակելու: