ԱՅՍՕՐ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՈՉ ԹԵ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ռոբերտ Քոչարյանի որոշումը՝ փակել «Ա1+» հեռուստատեսությունը, վկայում է, որ նա վճռել է գրպանել 2003թ. նախագահական ընտրությունները: Քոչարյանը եւ լրատվական քաղաքականության նրա ճարտարապետները հասկանում են, որ «Ա1+»-ի փակումը դժվարամարս գործ է լինելու, որը բազմաթիվ խնդիրներ կստեղծի երկրի համար թե ներսում, թե միջազգային ասպարեզում: Խոսքի ազատության դեմ այս ոտնձգությունը հասարակության մեջ դժգոհության ալիք կբարձրացնի եւ անվստահությունը նախագահի նկատմամբ էլ ավելի կխորանա: Կտուժի նաեւ Հայաստանի միջազգային հեղինակությունը: Հայաստանյան առաջին անկախ հեռուստատեսության փակումը կդիտվի քաղաքակիրթ աշխարհի կողմից որպես հիմնարար ազատությունների կոպիտ խախտում: Դա կթուլացնի Հայաստանի դիրքերը Եվրոպայի խորհրդում եւ արեւմտյան ժողովրդավարությունների մասնակցությամբ այլ հեղինակավոր կազմակերպություններում: Արեւմտյան գերտերություններին եւ հատկապես ԱՄՆ-ին սա լրացուցիչ լծակներ կընձեռի ուժեղացնելու ճնշումները մեզ համար այնպիսի զգայուն քաղաքական հիմնախնդիրներում, ինչպիսին է, օրինակ, Լեռնային Ղարաբաղինը: Այս ամենը քոչարյանականները, իհարկե, գիտակցում են, սակայն այլընտրանքը նրանց շատ ավելի սարսափելի է թվում: Ի վերջո, ի՞նչ է տվել Հայաստանին Քոչարյանի պաշտոնավարության շրջանը: Պետության անվտանգությունը ապահովող կառույցների մի շարք առանցքային ղեկավարների սպանություններ, ժողովրդի ընտրյալ առաջնորդների հոկտեմբերյան սպանդը, տնտեսության մոնոպոլիզացիան իշխող վարչախմբի քաղաքական շահերին ծառայեցնելը, կոռուպցիայի որակական աճ, Ղարաբաղյան խնդիրը փակուղի մտցնելը՝ ահա այն նվաճումները, որոնցով Քոչարյանի վարչակազմը գնում է դեպի 2003թ. նախագահական ընտրություններ: Եթե ավելացնենք նաեւ այս ամենից բխող զանգվածային արտագաղթը, ապա հասկանալի է դառնում, որ ներկա վարչակազմը չի համարձակվի հանձնել իր քաղաքական ապագան ժողովրդի դատին: Ուստի իր փրկությունը Քոչարյանը փնտրում է լրատվական այնպիսի համակարգի ստեղծման մեջ, որն իրեն թույլ կտա խուսափել ընդդիմության հետ ազատ եւ հավասար մրցակցությունից, կապահովի միակողմանի պրո-քոչարյանական քարոզչություն եւ կզրկի ընդդիմությանը ժողովրդի հետ հաղորդակցվելու եւ ամբողջ ճշմարտությունը ներկայացնելու հնարավորությունից: Այս ծրագիրը կարելի է այլեւս ավարտված համարել: Հայաստանի ամբողջ հեռուստատեսային եթերը (թե՛ մետրային, թե՛ դեցիմետրային հաճախականությունները) զբաղեցվել է Քոչարյանի աճեցրած եւ նրան ստրկամտորեն ծառայող օլիգարխիայից սնուցվող հեռուստաընկերություններով: «Նոյյան Տապանի» կասեցումից հետո «Ա1+»-ը մնացել էր ազատության վերջին բաստիոնը հեռուստաեթերում: Այսօր վարչախումբը հանդգնեց գրոհել նաեւ այս վերջին բաստիոնը, քանի որ ի վիճակի չէ գնալ ընտրապայքարի անգամ մեկի դեմ քսան հեռուստաընկերություն ունենալու առավելության պայմաններում: Հայաստանյան հասարակությանը սրանով նետված է լկտի մարտահրավեր: Վարչախումբը հարվածում է ազատ քաղաքացիներիս արժանապատվության առանցքին՝ սեփական երկրում ազատ ապրելու, մտածելու, արտահայտվելու եւ ընտրովի իշխանություն ունենալու իրավունքին: Անկախության գաղափարը իմաստավորվում է հենց այս իրավունքով, եւ նրա օտարումը ժողովրդից՝ անխուսափելիորեն դարձնում է իշխանություններին օկուպանտ սեփական երկրում: Մեր ազատությանը տեր կանգնելը այսօր դառնում է պատվի հարց: «Պապլավոկ»-ներում սեփական ժողովրդի դեմ մարտերում կոփված այս իշխանությունները դեռ հավատում են, որ հասարակության հարմարվողականությունը սահման չունի: Ժամանակն է նրանց ապացուցել հակառակը եւ ցույց տալ, որ չենք զիջելու մեր երկրում ազատ շնչելու իրավունքը: «Ա1+»-ի ճակատագիրը պետք է դառնա այն փորձաքարը, որով կորոշվի՝ արդյոք մենք ընդունա՞կ ենք ստեղծել ուժեղ քաղաքացիական հասարակություն: Ընդ որում, խնդիրը բոլորինն է. ե՛ւ Եռյակինը, ե՛ւ Սոցիալիստական Հայաստանինը, ե՛ւ աջակենտրոն լիբերալ-դեմոկրատական ուժերինը, ե՛ւ հասարակական կազմակերպություններինը, ե՛ւ անհատներինը, ե՛ւ պարզապես ժողովրդինը: Բոլորս պետք է հասկանանք, որ վարչախումբը սկսել է համընդհանուր հարձակում մեր ազատության դեմ եւ միավորվենք միասնական Դիմադրության շարժման մեջ: Երբ գրոհում են ազատությունը, պետք է ոչ թե ընդդիմություն, այլ Դիմադրություն: Եթե հասարակությունը չկարողանա արդյունավետ դիմադրություն կազմակերպել, հետեւանքները կործանարար են լինելու բոլորիս համար՝ ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանությունների, ե՛ւ պետության ու ժողովրդի: Մի պարզ քաղաքական օրենք կա, որը մեր այսօրվա կիսագրագետ իշխանությունները, ցավոք, չգիտեն: Երբ երկրում ճնշվում են դժգոհություն եւ անհամաձայնություն արտահայտելու քաղաքակիրթ ժողովրդավարական ձեւերը, ապա ծնվում են քաղաքական պայքարի այսպիսի ջատագովներ, որոնք չեն լինելու մեզ նման քաղաքակիրթ ընդդիմախոսներ եւ հակված են լինելու խոսելու մեր այսօրվա իշխանությունների հետ այն լեզվով, որը նրանց առավել հասկանալի է: Քաղաքացիական պատերազմով հղի այս կործանարար զարգացումը մենք դեռ հնարավորություն ունենք կանխելու, եթե հաջողենք երկրում ազատության պաշտպանության գործը: ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ