ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԾԻՏ ԽՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԷ Մինչ Մոնթերեյում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ ՀՀ արդյունաբերության եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը Հայաստանի աղքատության հարցերն են իբրեւ թե փորձում լուծել, տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար ինչ-որ կոնսենսուսային փաստաթղթերի միանալ՝ ֆինանսավորման ավելացման նպատակով, Հայաստանում այլ փաստաթղթեր են այս նույն մարդիկ ստորագրում։ Անդրանիկ Մարգարյանը ՀՀ վարչապետ նշանակվեց 2000թ. մայիսի սկզբին։ Այդ ժամանակ արդեն գրեթե բոլոր հայ չինովնիկները, մոդայի վերջին ճիչի հետեւից ընկած՝ որսորդությամբ սկսեցին տարվել։ Նրանցից շատերը որսորդությամբ հետաքրքրվեցին՝ ՀՀ նախագահի հետ որսի գնացող նեղ շրջանակ մուտք գործելու ցանկությամբ։ Հայաստանում եւ այլուր տեղի ունեցող երեւույթների միջեւ որեւէ համեմատության եզր փնտրելը, մեղմ ասած՝ անհեթեթություն է։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանը 2000թ. սեպտեմբերի 22-ին որոշում է կայացրել ինքն իրեն անվանական զենքով պարգեւատրելու մասին։ Ռուսերեն լեզվով («Լեզվի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ) այս որոշումը վերնագրված է՝ «Ա. Ն. Մարգարյանին անվանական զենքով պարգեւատրման մասին»։ Որոշման տեքստն ամենազավեշտալին է. «Հաշվի առնելով անձնական ներդրումը՝ դեմոկրատիայի զարգացման գործում եւ Հայաստանի Հանրապետության անկախ իրավական պետականության ամրապնդման մեջ, Անդրանիկ Նահապետի Մարգարյանին պարգեւատրել անվանական որսորդական «ՁԿի ԾՃ 2112-ձ» տեսակի զենքով՝ N990484»։ Ինքն իրեն զենքով պարգեւատրման որոշումը ստորագրել է դարձյալ ինքը՝ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Այս փաստաթուղթն այն եզակի դեպքերից է, երբ տեսնում ես, բայց աչքիդ տեսածին չես հավատում։ Մտածում ես՝ գոնե տար տեղակալը ստորագրեր։ «Նշյալ զենքը որսորդական է եւ առանձնապես լուրջ զենք չէ»,- սա զենքին տիրապետող մարդկանց կարծիքն է։ Բայց տվյալ դեպքում կարեւորը ոչ թե այն է, թե ինչ զենք է, այլ երեւույթը, որ վարչապետն ինքն իրեն զենքով է պարգեւատրում, այն էլ՝ դեմոկրատիայի կայացման գործում մեծ ներդրում ունենալու համար։ Ճշտեցինք, որ որսորդական զենք ունենալու համար պետք է Որսորդմիության անդամ դառնալ, անդամության տոմս ստանալ եւ անդամավճար մուծել։ Եվ, իհարկե, պարտադիր այդ զենքը պետք է օրինականացվի ՆԳ համապատասխան բաժնի կողմից (զենքը կրելու եւ օգտագործելու թույլտվություն)։ Զանգահարեցինք Երեւանի «Որսորդ» խանութ՝ ճշտելու այս տեսակի զենքի հնարավորությունները եւ գինը։ Ասացին, որ նման՝ «ՁԿի ԾՃ 2112-ձ» տեսակի բոլորովին նոր զենքը վաճառվում է 550 դոլարով, իսկ նույնի լավ պահպանված հինը կվաճառվի մոտ 200 դոլարով։ Այս զենքը չունի օպտիկական նշանառություն եւ 12 տրամաչափի է։ «Եթե փամփուշտները նորմալ չդրվի՝ մեծ զարյադներով, ապա փամփուշտները լավ չի շպրտի»,- ասացին խանութից։ Սա նշանակում է, որ ինքնալիցքավորվող զենք է եւ գործածվում է ձգանը քաշելու մեխանիզմով։ Այս զենքով, փաստորեն, ՀՀ վարչապետը կարող է միայն թռչուն որսալ՝ բադ, լոր, կաքավ (կամ այդ թվում՝ ճնճղուկ, ագռավ, ծիծեռնակ, փայտփորիկ…)։ Դժվար թե ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը 550 կամ 200 դոլար չունենար այս զենքը գնելու համար, մանավանդ որ, ինքը, ինչպես եւ ցանկացած մարդ, կարող էր որպես ֆիզիկական անձ դա գնել եւ ՆԳ համապատասխան մարմնի կողմից օրինականացվեր։ Դրա համար պետք չէր վարչապետ դառնալ։ Սակայն Ա. Մարգարյանը խնայել է իր փողերը եւ որոշել է կառավարության փողերից, ՀՀ բյուջեի հաշվին անել։ Սա եւս մտածելու առիթ է տալիս. եթե ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանը այս 200 կամ 550 դոլարն է ափսոսում իր գրպանից տալ եւ կառավարության, բյուջեի հաշվին է անում, ապա որքան բաներ ձեռք բերելու, հաջողացնելու համար է նա օգտվում կառավարության եւ մեր բյուջեի փողերից։ Ձեւը գտել է, եւ ոչ միայն ինքը։ Փաստորեն, Մոնթերեյում կայացած «Զարգացման ֆինանսավորում» միջազգային համաժողովում ՀՀ վարչապետ Անդրանիկ Նահապետի Մարգարյանը եւ Վարդան Խաչատրյանն ու Կարեն Ճշմարիտյանը Հայաստանում աղքատության նվազեցման համար ֆինանսավորման ավելացում էին պահանջում հենց իրենց համար։ Փողերը վերջանում են, ի՞նչ անեն։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ