Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԳՐՈԲԱՆԿԸ» ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱ՞Կ

Մարտ 29,2002 00:00

«ԱԳՐՈԲԱՆԿԸ» ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱ՞Կ «Առավոտի» ունեցած տեղեկություններով, Կենտրոնական բանկի երկուշաբթի օրը կայանալիք խորհրդի նիստում որոշվելու է «Հայագրոբանկը» ԿԲ-ի խնամակալության տակ վերցնելու հարցը։ Պարզաբանելով տեղեկությունը, «Հայագրոբանկի» խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանն ասաց, որ «խոսքը մեր բանկի մասին չէ։ Ես գիտեմ այդ բանկի անունը, սակայն բանկային գաղտնիք չհրապարակելու համար՝ չեմ ասի»։ Նույն նկատառումով, ԿԲ-ում եւս հրաժարվեցին նախնական տեղեկատվություն հրապարակել։ Ի դեպ, Հակոբ Հակոբյանը հերքեց նաեւ այն փաստը, որ բանկը գտնվում է պայմանագրային դաշտում։ Այսինքն, «Ագրոբանկի» առջեւ դրված չի եղել նորմատիվային ցուցանիշները կարգի բերելու խնդիր եւ ժամկետ։ Ի դեպ, մենք արդեն անդրադարձել ենք այն հարցին, որ ԿԲ-ն դեմ է «Ագրոբանկում» հերթական ներդրումը կատարելուն։ Մարտի 16-ին կայացած «Ագրոբանկի» վարչության նիստի՝ ներդրում կատարելու որոշմանը Կենտրոնական բանկը պետք է մեկ շաբաթվա ընթացքում պաշտոնական պատասխան տար, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, մինչ օրս որեւէ պատասխան չի ստացվել։ Հակոբ Հակոբյանը դա որեւէ կերպ չմեկնաբանեց, իսկ բանկային համակարգից լավատեղյակ մեր աղբյուրները պնդում են, որ դա «Ագրոբանկը» ԿԲ-ի խնամակալության տակ վերցնելով հետագայում արհեստականորեն սնանկացնելու քայլերից մեկն է։ Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել