Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱՇԱՊԻԿԸ՝ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԳՆՈՎ

Մարտ 29,2002 00:00

ՄԱՐԶԱՇԱՊԻԿԸ՝ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԳՆՈՎ Ֆուտբոլի արքայի մարզաշապիկը, որով Պելեն խաղացել է 1970 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում եւ նվաճել չեմպիոնի կոչումը, Քրիստիի աճուրդում վաճառվել է $220 հազարով։ Այս ռեկորդային գումարը զարմացրել է նույնիսկ 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստին։ Լոտի մեկնարկային արժեքը եղել է $42 հազար եւ, համաձայն նախնական հաշվարկների, այն լավագույն դեպքում կարող էր վաճառվել $70 հազարով։ Այսքան մեծ գումարով դեռ երբեք կաշվե գնդակի ոչ մի հանրահայտ վարպետի մարզաշապիկ չի վաճառվել։ Մինչ այդ ռեկորդը պատկանում էր 1966թ. աշխարհի չեմպիոն Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ջեֆրի Հերսթի մարզաշապիկին, որը վաճառվել էր $120 հազարով։ Հիշեցնենք, որ մինչ աճուրդը որոշ կասկածներ էին առաջացել մարզաշապիկի իսկության շուրջ։ Այն ժամանակվա Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարիո Զագալոն հայտարարել էր, թե Պելեի մարզաշապիկը, որով ֆուտբոլիստը խաղացել է առաջին խաղակեսում, պահվում է իր տանը։ Երկրորդ խաղակեսում հագածն էլ վերցրել է հավաքականի ֆիզպատրաստականության գծով մարզիչ Ադմիլդո Չիրոլը։ «Այնպես որ, ինչ-որ մեկը անգլիացիներին թյուրիմացության մեջ է գցել»,- հայտարարել է Զագալոն։ Իսկ ահա աճուրդի կազմակերպիչները պնդում են, որ իրենք մարզաշապիկը ստացել են իտալացի Ռոբերտո Ռոսատոյից, որը աշխարհի առաջնության այդ վճռորոշ խաղի ավարտից հետո Պելեի հետ փոխանակել է մարզաշապիկները։ Ինչ վերաբերում է Պելեին, նա չի հիշում՝ իր մարզահագուստը տվե՞լ է որեւէ մեկին, թե՞ ոչ։ Այս պատմության մանրամասները մեզ անհայտ են մնում, բայց կարեւորն այն է՝ մարզաշապիկը գնողը չի ցանկացել, որպեսզի իր անունը հրապարակվի, խառնել է բոլորի խաղաքարտերը, մարզազգեստին վճարել սպասվածից երեք անգամ ավելի ու դարձել այս սենսացիայի գլխավոր գործող անձը։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել